Ես դեմ եմ քվեարկելու հանրաքվեին, եթե անգամ ԲՀԿ-ն կողմ լինի. Գևորգ Պետրոսյան

Ես դեմ եմ քվեարկելու, անգամ եթե խմբակցությունը կողմ լինի, ես իմ ընտրական իրավունքն եմ իրականացնում: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով առաջիկա Սահմանադրական հանրաքվեին:

Նա նշեց, որ իշխանությունները հասկանում են, որ ՍԴ-ն այս կազմով չի կարող բավարարել իրենց «ամբիցիաները», ուստի, շրջանցելու համար առաջ քաշեցին նման օրակարգ և միանգամից դրեցին հանրաքվեին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Բայց պետք է նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեր և նոր գնար ՍԴ, իսկ եթե առաջին ընթերցմամբ չի ընդունվում, այդ նախագիծը պետք է հանվի օրակարգից: Հանրաքվե անելու մասին որոշում ԱԺ-ն կարող է ընդունել, եթե ՍԴ-ն տալիս է դրական եզրակացություն, գալիս  է երկրորդ ընթերցմամբ և չի ընդունվում օրենքը: Այդ ժամանակ միայն օրենքով նա իրավունք ունի հարցը դնել հանրաքվեի: Եթե ՍԴ հարակցություն չկա, այդ նախագիծը չի կարող ընդունվել, դրվել հանրաքվեի»,- ասաց Գևորգ Պետրոսյանը

Նրա կարծիքով՝ երեկ ինչ-որ տեղի ունեցավ խորհրդարանում հակասում է ՀՀ տարբեր իրավական նորմերի բովանդակությանը: Նա նշեց, որ վարչապետի ելույթն իր համար համոզիչ չէր, որովհետև ելույթը պետք է նվիրված լիներ այն հիմնավորմանը, թե ինչու է պետք փոխել Սահմանադրության 213 հոդվածը:

Խոսելով ԲՀԿ դիրքորոշման մասին՝ Պետրոսյանը նշեց, որ ԲՀԿ–ն ողջունում է հանրաքվեն, իհարկե, եթե առարկան թույլ է տալիս հանրաքվե իրականացնել. «Մենք չենք կարող հանրաքվե անցկացնել և որոշել արևը դուրս է գալիս արևելքի՞ց, թե՞ արևմուտքից: Ես գտնում եմ, որ Սահմանադրության 213 հոդվածը ընդհանրապես չպետք է դառնար քննարկման, առավել ևս այդ մեկ փոփոխության համար հանրաքվե անցկացվեր»,- նշեց նա

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հարցին՝ եթե հանրաքվե լինի, ԲՀԿ-ն «այո»-ի՞, թե՞ «ոչ»-ի կողմնակիցն է լինելու, Գևորգ Պետրոսյանը պատասխանեց, որ չի կարող հիմա կուսակցության անունից խոսել, մեկ գիշերվա մեջ չեն հասցրել որոշում կայացնել:

«Ես դեմ եմ, ոչ թե դեմ եմ ընդհանարապես այս պրոցեսին, ես դեմ եմ քվեարկելու: Եթե խմբակցությունը կողմ լինի, ես դեմ եմ քվեարկելու, ես իմ ընտրական իրավունքն եմ իրականացնում: Ես անձամբ դեմ եմ»,- ընդգծեց նա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով