Ինչու՞ են հայերը արտագաղթում և արդյո՞ք արտերկրում ապրելով հայերը իրենց զգում են երկրորդական, թե՞ Հայաստանում են երկրորդական

Ինչու՞ են հայերը արտագաղթում և արդյո՞ք արտերկրում ապրելով հայերը իրենց զգում են երկրորդական, թե՞ Հայաստանում են երկրորդական: Այս հարցին պատասխանելու համար ես հիմա ընդամենը կանեմ մի պարզ հաշվարկ, թե ամսական որքան է հարկավոր մեկ անձին Հայաստանում ապրելու համար: Նշեմ, որ ապրել ու գոյատեևելը տարբեր բաներ են: Միայն սնունդ հայթայթելը, սնվելն ու բնական, կենցաղային կարիքները հոգալը դա ապրել չէ, դա կենդանիներն էլ են անում, դա գոյատևել է: Ապրելը ենթադրում է նաև ժամանց, նախասիրություններ, մշակութային ու մարզական կյանք, հանգիստ արտերկրում և այլն:
Հիմա սկսեմ հաշվել.
Սնունդ – եթե մարդը ապրում է, նա պետք ունենա նորմալ առողջ սնունդ, այլ ոչ թե գենամոդիֆիկացված ու կիսասինթետիկ ծագում ունեցող էժանագին քաղցկեղածին ուտելիք: Մարդը պետք է ուտի միս, կաթնամթերք, ծովամթերք, բնամթերքներ, միրգ, բանջարեղեն, կրուպեղեն: Աշխատող մարդը գոնե օրը մեկ անգամ՝ ընդմիջման ժամանակ, պետք է սնվի հասարակական սննդի օբյեկտում, որը արժի 1000-2000 դրամ, ևս 4-5 հազար դրամ ամենաքիչը կծախսվի 1 անձի 1 օր նորմալ սնվելու համար: Այսինքն մոտ 6000-7000 օրական և մոտ 180-200 հազար ամսական:
Հագուստ – հագուստը պարբերաբար մաշվում է և մարդը ամսական առնվազն 30-40 հազար պետք է ծախսի հագուստի վրա, եթե օգտվի էժան խանութներից, այլ ոչ բրենդային:
Արտաքին խնամք, վարսահարդարում – տղամարդը ամսական ամենաքիչը 10 հազար, կծախսի, կինը՝ 2-3 անգամ ավելի շատ:

Սպորտ – աշխատանքից հետո սպորտային խմբակ կամ մարզասրահ հաճախողը ամսական առնվազն 20-30 հազար կծախսի դրա վրա, գումարած անհրաժեշտ աքսեսուարներն ու սպորտային սնունդը:
Մշակույթ, Ժամանց – մարդը գոնե շաբաթը մեկ պետք է հաճախի սրճարան կամ ռեստորան, գոնե ամիսը մեկ անգամ թատրոն և մեկ անգամ կինո կամ ինչ-որ համերգ: Ընդհանուր ամսական մոտ 50 հազար դրամի ծախս:
Այլ նախասիրություններ, ինտելեկտուալ խմբակներ – ոմանք ուզում են լրացուցիչ լեզու կամ մասնագիություն սովորեն, հաճախեն ինտելեկտուալ խմբակ, ամսական 20-30 հազար էլ հաշվենք այդտեղ:
Հանգիստ – մարդը տարեկան գոնե մեկ անգամ պետք է հանգստանա արտերկրում, որովհետև հանգիստը դա նաև միջավայրի փոփոխություն պետք է լինի: Մեկ անձի արտերկրում հանգիստը պայմանականորեն հաշվենք 500 հազար, բաժանենք 12 ամսվա վրա, ստացվում է ամսական ևս 40 հազար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Էլեկտրոնիկայի, տեխնիկայի ձեռքբերում – տարվա ընթացքում մարդը ձեռք է բերում նաև անհրաժեշտ տեխնիկա՝ հաճախ վարկով, ամիսների վրա բաժանելով էլի համարենք ամսական ևս 30-40 հազար գումար:
Այլ ծախսեր – մարդը ապրում է իր շրջապատով, լինում են ծննդյան օրեր, միջոցառումներ, որոնք կամ տվյալ մարդն է կազմակերպում ու ծախս անում, կամ գնում է որպես հյուր՝ գնելով նվերներ ու կրկին ծախս անելով: Ամսական 50-100 հազար էլ հաշվենք դա:

Տրանսպորտ – ամսական մոտ 50 հազար, եթե երթևեկում ես մեքենայով, կամ տաքսիով, երբեմն էլ ավտոբուսով ու մետրոյով: Շախմատի ձիու կերպարանքով մարշուտկով երթևեկելը ես չեմ ընդգրկում ապրել հասկացության մեջ:
Կոմունալ վարձեր – X գումար:
Առողջապահական ծախսեր, դեղորայք – X գումար, միայն ատամնաբույժին այցելելը արդեն գիտեք, թե ինչ արժե, էլ չեմ խոսում բարդ հիվանդություններ բուժելու մասին:

Միջին հաշվարկով ստացվում է, որ մեկ անձին Հայաստանում ապրելու, այլ ոչ թե գոյատևելու համար, պետք է մոտ 500-700 հազար դրամ: Եթե ընտանիքը 3 կամ 4 անձից է, ապա համապատասխանաբար 1 մլն 500 հազարից 2 մլն 500 հազար դրամ: Եթե 3 կամ 4 հոգանոց ընտանիքում աշխատում է միայն մեկ մարդ, ապա այդ մարդու եկամուտը պետք է լինի առնվազն միլիոնուկես, կամ էլ տան բոլոր անդամները պետք է աշխատեն առնվազն կես միլիոն աշխատավարձերով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայաստանում նման ձևով ապրում է բնակչության շատ փոքր տոկոսը, իսկ մեծամասնությունը աշխատում է նվաստացուցիչ աշխատավարձերով ու գոյատևում:
Մարդիկ արտագաղթում են, որովհետև ապրել են ուզում, ու դա է միակ ճանապարհը, որպեսզի հայը ցանկանա մնալ Հայաստանում, պետք է փոխել մոտեցումը թե պետական, թե մասնավոր սեկտորում, հայ գործատուն չպետք է հայ մարդուն դիտարկի որպես էժան աշխատուժ, պետք է աշխատավարձերը զգալիորեն բարձրանան: Քանի դա չլինի, Հայաստանից արտագաղթելու են:

Նույնիսկ եթե արտերկրում արտագաղթող հայը իրեն պիտի զգա երկրորդական, նա գերադասում է իրեն զգալ այդպես, բայց նորմալ աշխատավարձով, քան զգալ իրեն երկրորդական իր հայրենիքում՝ նվաստացուցիչ պայմաններում:

Ռեֆորմիստների կուսակցության փոխնախագահ  Կարեն Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով