«Ես ահազանգ եմ հնչեցնում. բարոյալքման այս անկումը կասեցնել է պետք». Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանը  ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ես ահազանգ եմ հնչեցնում. բարոյալքման այս անկումը կասեցնել է պետք…

Ինձ վաղուց դադարել է զարմացնել մարդկային լկտիությունն ու ստորությունը: Ես վաղուց գիտեմ, որ այն սահման չունի: Բայց երբ տեսա, թե սպանված 16-ամյա աղջնակի հասցեին ինչ հայհոյանքներ և զազրելի մեկնաբանություններ են գրում, ի դեպ, հենց սպանված աղջկա ֆեյսբուքյան և ինսթագրամի էջերում, հասկացա, որ մենք այլևս ոչ թե անդունդի եզրին ենք, այլ վաղուց ատելության, չարության ամենակուլ անդունդի հատակում ենք:

Այս օրերին իմ լավ ընկերները`«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը, «Արմքոմեդիի» Նարեկն ու Սերգեյը, գյումրեցի իմ բարեկամ Ռուբեն Մխիթարյանը, որոնց հետ քննարկում ենք հանրության մեջ ատելության, նեգատիվի այս լավայի դեմն առնելու իրավական ճանապարհները, գրեթե ամեն օր անդրադառնում են այս այլևս աղետալի խնդրին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իմ լավ բարեկամ Արամ, հիվանդ ու չկայացած մարդկանց հայհոյանքը մեր իսկ հասցեին մեր էջերում հրապարակելով մենք էս խնդիրը չենք լուծելու: Հավատա, հաստատ չենք լուծելու:

Մեր լավագույն հոգեբույժներից մեկն այն կարծիքին է, որ հասարակության մի զգալի հատված ուղղակի հիվանդ է և սոցիալական մեդիայի տիրույթը պարզապես ակնհայտ է դարձնում հոգեկան շեղումներ ունեցողների իրական թիվը, որը կատաստրոֆիկ մեծ է:

Մենք բոլորս խոսում ենք, զարմանում ենք, զարհուրում ենք, բայց եկեք ընդունենք, որ իրականում ոչինչ չենք անում. մենք` հանրային կարծիք ձևավորողներս և մեր ձեռքին իրավական լծակներ ունեցողներս` պատգամավորներս, լրագրողներս, իրական մավորականներս:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամեն օր տեսնելով, թե ինչպես է դեգրադացվում հանրության մի հատված, որը եթե չարության, ատելության, նեգատիվի իր օրական դոզան չի արտանետում ինչ-որ մեկի վրա` իրեն բավարարված չի զգում ու ամեն օր ընդամենը զարմանալով` մենք այս աղետը չենք կասեցնելու:
Ես որպես քացաքացի` ահազանգ եմ հնչեցնում ու ասում եմ` անլուծելի իրավիճակներ չկան, պարզապես խոսելու փոխարեն, էն մարդկանցով, ովքեր հասկանում են, թե իրականում ինչ կործանարար մարտահրավեր է ցանկացած երկրի համար հանրային ատելության այս գեներացիան, պետք է գնալ կոնկրետ առաջարկների և լուծումների ճանապարհով:

Իմ մի քանի մտավորական ընկերների հետ մենք որոշակի գաղափարներ արդեն ունենք` օրենսդրական լուծումների ճանապարհով և ոչ միայն: Պատրաստ ենք լսել ցանկացած գաղափար ու ադեկվատ առաջարկ: Սպանված աղջնակի հասցեին հայհոյանքի այս տարափը թող մեզանից յուրաքանչյուրի համար համբերության վերջին կաթիլը դառնա»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով