ԱԱԾ-ն`Ռազմիկ Աբրահամյանի եւ դատախազի հանդիպման լուրի մասին

Նախորդ տարի իրավապաշտպան Արտակ Գալստյանն ու փաստաբան Սուսաննա Սարգսյանը տեղեկություն հրապարակեցին, թե ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ու ՀՀ գլխավոր մանկաբարձ, երեխաների վաճառքի համար մեղադրվող Ռազմիկ Աբրահամյանը հանդիպել են: Նրանք գրել էին, թե՝ բոլոր մեղադրյալներն այժմ ազատության մեջ են, և առաջանում է հիմնավոր կասկած, որ ՀՀ Գլխավոր Դատախազ Արթուր Դավթյանը կարող է ունենալ անձնական կամ այլ շահագրգռվածություն Ռազմիկ Աբրահամյանին և նրա ենթադրյալ հանցակիցներին քրեական պատասխանատվությունից ազատելու գործում:

Araratnews.am-ը պարզաբանման համար դիմել էր դատախազություն, որտեղից տեղեկացրել էին, որ այդ հրապարակումն ուղարկել են Ազգային անվտանգության ծառայություն` քննության:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեզ հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ն գործի քննությունն ավարտել է: Գրավոր հարցմամբ խնդրել էինք Araratnews.am-ին տալ քննության արդյունքները: «…Նյութերի նախապատրաստման ընթացքում ԱԱԾ հրավիրված Ա. Գալստյանը հրաժարվել է հանցագործության մասին հաղորդում տալուց՝ քննությանը հայտնելով իր տեղեկությունների աղբյուրները:

Ձեռնարկված քննչական, դատավարական միջոցառումներով պարզվել է, որ հաղորդման մեջ նշված վայրում Ռ. Աբրահամյանը հանդիպումներ է ունեցել ոչ թե գլխավոր դատախազի, այլ իր իրավաբանի հետ, և տվյալ հանգամանքն ակնհայտ է եղել տեղեկություն տարածողի համար:

Ավելին, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ՀՀ գլխավոր դատախազի կողմից նշված վայր այցելելու և այնտեղ Ռազմիկ Աբրահամյանի, Լիաննա Կարապետյանի և այլ անձանց հետ հանդիպումներ ունենալու վերաբերյալ առհասարակ որևէ տվյալ չի ստացվել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսինքն, նյութերի նախապատրաստմամբ հերքվել են վերը նշված հրապարակման մեջ ներկայացված տեղեկությունները, և հիմնավորվել է, որ քրեական գործերով մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձանց հետ ՀՀ գլխավոր դատախազի հանդիպումների, դրանց հանգամանքների վերաբերյալ պնդումները կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը:

Նման պայմաններում որոշում է կայացվել պետական ծառայության դեմ ուղղված որևէ հանցագործության դեպքի առթիվ քրեական գործի հարուցումը մերժել հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

Միաժամանակ, նկատի առնելով, որ ստացված տվյալներն առերևույթ վկայում են դատախազին կոնկրետ գործով քննություն վարելու հետ կապված զրպարտելու՝ քրեական պատասխանատվություն նախատեսող արարքների մասին՝ նշված փաստով ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, և ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում իրականացվում է նախաքննություն…»:

Հ.Գ.- Փաստորեն, ԱԱԾ-ն  քրեական գործ է հարուցել իրավապաշտպանի ու փաստաբանի դեմ` դատախազին զրպարտելու համար: Սպասենք քննության արդյունքներին:

Սոնա Դավթյան

Աղբյուր`Araratnews.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով