Պետական վարկեր` նիկոլական խունտայի ինքնապարգեւատվությունների համար.«Իրավունք»

«Իրավունք»-ը գրում է.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ ընդդիմադիր ժամանակներում կտրականապես դեմ էր հանդես գալիս իշխանությունների կողմից արտասահմանյան վարկերի ներգրավման միջոցով պետական պարտքի ավելացմանը: Ավելին, «հեղափոխական» ժամանակներում եւ իշխանության գալու պահին քիչ չէին նաեւ խոստումները, թե ամեն ինչ անելու է` հետեւողականորեն պետական պարտքը նվազեցնելու համար: Բայց ահա օրերս կայացվեց որոշում, որով պետպարտքը աճում է եւս 152 մլն դոլարով` արտաքին վարկերի ներգրավման հաշվին: Ընդ որում`վարկ վերցնելու վատթարագույն պատճառաբանությամբ` «պետբյուջեի եղած պակասուրդը փակելու համար»: Ավելի ճիշտ, փող են վերցնում` թոշակ-աշխատավարձերի եւ, բնականաբար, պարգեւատվությունների նպատակով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մինչդեռ նման, ավելի ճիշտ` ցանկացած պատճառաբանմամբ վարկ վերցնելը պետք է աբսուրդ լիներ, հաշվի առնելով, որ ողջ տարվա ընթացքում Նիկոլը համոզում էր, թե Հայաստանի պետական բյուջեն փողի խնդիր չունի, ավելին, որլ կա պրոֆիցիտ: Էլ չասած, որ վարչապետն անգամ ամանորյա աստղաբաշխական շռայլումներով է փորձում համոզել, թե ֆինանսական խնդիրներ չունեն: Ուրեմն, այդ ինչպե՞ս ստացվեց, որ տարեվերջին հանկարծ  152 միլիոն դոլարի կարիք եղավ, այն էլ` հրատապության ռեժիմով:

Նկատենք նաեւ, որ բյուջեի մուտքերի հետ կապված պաշտոնական տեղեկատվությունը եւս ցույց է տալիս, որ պրոֆիցիտային է` հավելյալ եկամուտներ կան: Ավելի կոնկրետ, մասնավորապես այս տարվա հունվար-հոկտեմբերին (վերջին պաշտոնական վիճակագրական տվյալները) բյուջեի եկամուտները կազմել են 1.263 տրիլիոն դրամ` անցած տարվա նույն ամիսների մոտ 1.059 տրիլիոնի դիմաց: Այսինքն, ունենք մոտ 204 միլիարդ դրամի ավելացում: Այն դեպքում, երբ այս տարվա պետբյուջեի եկամուտները սահմանված են 1.496 տրիլիոն դրամ` անցած տարվա մոտ 1.308 տրիլիոնի դիմաց: Այսինքն, պետք է ունենայինք մոտ 190 միլիարդի չափ տարեկան աճ, որը հոկտեմբերի վերջի դրությամբ 14 միլիարդ գերակատարմամբ ապահովված էր: Կարճ ասած, կառավարությունը պետք է դարդ ու ցավ, ավելին` հրատապ հսկայական վարկեր վերցնելու կարիք պետք է որ չունենար:

Բայց չէ, հոկտեմբորը դեռ տարի չէ, եւ այս տարվա բյուջեի եկամտային ցուցանիշները, այնուամենայնիվ, որոշ մռայլ մտքեր առաջացնում են: Հիշեցնենք, տարվա առաջին ամիսներին վարչապետ Փաշինյանը շատ ավելի լավատեսական թվեր էր նկարագրում: Այսինքն, տարվա առաջին ամիսներին խոստանում էր, որ տարեկան եկամուտները մոտ 40 միլիարդ դրամանոց գերակատարում կունենան: Տարվա կեսերին այդ ցուցանիշներն էլ ավելի ճոխ դարձան, թե գերակատարումը կհասնի մի 60-65 միլիարդի: Ճիշտ է, ՊԵԿ նախագահ Անանյանը փորձեց մի փոքր զսպել Փաշինյանի ոգեւորությունը, թե` տարվա երկրորդ կիսամյակին առաջին կիսամյակի տեմպերը չեն լինի, բայց էլի առաջին 9 ամիսների կտրվածքով մի 50 միլիարդ գերակատարումից խոսում էր: Մինչդեռ ահա պարզվում է, որ հոկտեմբերի վերջի դրությամբ թվերը շատ ավելի, այսպես ասած, քիչ լավատեսական են:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ու միաժամանակ, հոկտեմբերից հետո դեռ պետք է 233.7 միլիարդ էլ մուտքագրել` տարեկան մուտքերն ապահովելու համար: Մինչդեռ հոկտեմբերին հավաքվել են 117.6 միլիարդ հարկեր (վերջին պաշտոնական տվյալները)` սեպտեմբերից էապես պակաս, եւ ով իմանա, թե նոյեմբեր-դեկտեմբերին ինչ դինամիկա կլինի: Հաշվի առնելով նաեւ, որ անցած տարվա վերջերից էր, որ ճոխ ցուցանիշներ ներկայացնելու համար հարկահավաքման թվերը սկսեցին ներկայացվել նոր չափանիշներով: Դա, ճիշտ է, նախանցած տարվա վերջերի համեմատ աճի թռիչ «գրանցեց», սակայն այս տարի մեթոդները նույնն են, այսինքն` արհեստականության գործոնն այստեղ օգուտ չէ:

Այսպիսով, թե տարեկան ինչ բյուջետային եկամուտներ կունենանք, այն ինչ հարաբերության մեջ կլինի անցած տարվա, նախատեսված աճի եւ վարչապետ Փաշինյանի խոստացած 60-65 միլիարդանոց գերակատարման հետ, դեռ մեծ հարց է: Բայց երբ հրատապ կարիք ունեն բյուջեի ապահովման համար 152 միլիոն դոլարի կամ ավելի քան 70 միլիարդ դրամի վարկեր ներգրավել, ապա պատկերն էլ ավելի քիչ մխիթարող տեսք է ստանում` թողնելով փող չունենալու տպավորություն. բազմապատկվող այս չինովնիկական աշխատավարձ-պարգեւներից հետո էլ փո՞ղ կմնա:

Ի դեպ, միայն այս 152 միլիոնը դեռ ամբողջ խնդիրը չէ: Այսպես, ըստ պաշտոնական վիճակագրության, եթե անցած տարվա դեկտեմբերին ՀՀ արտաքին պարտքը կազմել է 6 922.512 միլիոն դոլար, ապա սեպտեմբերի դրությամբ 7 051.177 միլիոն էր, իսկ հոկտեմբերի վերջի դրությամբ` 7 117.300: Այսինքն, տարվա ընթացքում արդեն իսկ ավելի քան 66 միլիոն դոլարով պետպարտքի ավելացում ունեցել ենք, եւ նոր վերցվող պարտքի հետ այն կկազմի մոտ 220 միլիոն դոլարի կարգի գումար: Իսկ դա նշանակում է, որ պետպարտքը չավելացնելու եւ փոխարենը` պակասեցնելու նիկոլական բոլոր հին խոստումները միայն սրանով կարելի է հանգիստ աղբամանը նետել:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով