Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում այսօր անդրադարձել է իմ կողմից վերջերս հիշատակված՝ «Նիկոլի Դանիայի խորհրդարանին ուղղված նամակին».Վահան Բաբայան

Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում այսօր անդրադարձել է իմ կողմից վերջերս հիշատակված՝ «Նիկոլի Դանիայի խորհրդարանին ուղղված նամակին» և մասնավորապես նշել է, որ հեղափոխությունից հետո Հայաստանում ծառայողական ավտոմեքենաների թիվը կրճատվել է 448-ով: Մենք իհարկե շատ շնորհակալ ենք տեղեկությունների համար, սակայն հարցեր այնուամենայնիվ մնում են:
Անդրադառնալով վարչապետի կողմից հնչեցված կրճատված ավտոմեքենաների թվաքանակին (448)՝ ուզում ենք պարզել՝ նախ ի՞նչ է նշանակում «թիվը կրճատվել է»: Միգուցե այդ թվի մեջ ներառված են հնության պատճառով բալանսից դուրս բերված մեքենաները և դրանց փոխարեն գնվել են նորե՞րը: Բացի դրանից, հաշվի առնելով այն, թե քանի պետական հիմնարկ է լուծարվել և օպտիմիզացվել իշխանափոխությունից հետո՝ կարելի է ենթադրել նաև, որ այդ աստղաբաշխական թվի մի մասը կազմում են նաև այդ հիմնարկների բալանսում գտնվող ավտոմեքենաները: Այստեղից առաջանում է ևս մեկ օրինաչափ հարց՝ ի՞նչ են արվել այդ մեքենաները:
Քանի որ վարչապետը իր սովորությանը համաձայն ներկայացնում է միայն մեկ թիվ, որով հնարավոր չէ որևէ բան գնահատել, քանի որ հայտնի չէ, թե քանի նոր ծառայողական ավտոմեքենա է գնվել այս ընթացքում, դժվար է պատկերացնել իրական վիճակը:
Մենք զերծ կմնանք այդպիսի անորոշ թվեր հնչեցնելուց և հանրությանը կտեղեկացնենք հետևյալի մասին՝ ըստ մեր ունեցած տեղեկությունների
ՊԵԿ-ին հատկացված է 169 ավտոմեքենա:
Վարչապետի աշխատակազմին՝ 55 ավտոմեքենա (այստեղ շեշտենք, որ վարչապետի աշխատակազմում կա 17 պաշտոնյա՝ աշխատակազմի ղեկավարը, տեղակալները և այլն, և 28 ստորաբաժանում: Նույնիսկ եթե հաշվենք 1 մեքենա յուրաքանչյուրի համար, կստացվի 45: Լավ, բա մնացած 10-ը ո՞ւմն են:
ՀՀ Նախագահի աշխատակազմին հատկացված է 20 ծառայողական ավտոմեքենա: Սա առհասարակ զավեշտ է՝ հաշվի առնելով, որ ինքը Նախագահը գրեթե միշտ բացակայում է Հայաստանից և հարց է առաջանում, թե ինչի համար և ովքեր են օգտագործում այդ մեքենաները, էլ չասենք այն մասին, որ դրանք պահանջում են սպասարկում և վարորդներ:
Ուստի կարող ենք փաստել, որ մեծ հաշվով ոչինչ չի փոխվել: Ավելին, հենց այսօր Կառավարությունն իր նիստին որոշեց Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին չորս ծառայողական ավտոմեքենա հատկացնել:
Եվ սա էլ վերջը չէ:
Ազգային Ժողովը այսօրվա դրությամբ ունի 48 ծառայողական ավտոմեքենա… Ասենք ավելին, դրանք սովորական մեքենաներ չեն, մեծ մասը 2018 թվականի արտադրության Toyota մակնիշի ավտոմեքենաներ են: Մեկ հատ էլ Mercedes Sprinter կա, բայց դե լավ, դրան ըմբռնումով կմոտենանք: Ընդհանրապես, ինչպես որ հասկացանք, իշխանավորները շատ են սիրում Toyota մակնիշի ավտոմեքենաներ, պետական վարչակազմի մեքենաների 51% Toyota մակնիշի են:
Էն, որ ԱԺ նախագահը ծառայողական մեքենա պետք է ունենա, դա չեն քննարկում նույնիսկ Դանիայում: Լավ, մեր խորհրդարանը հինավուրց խորհրդարան է, վաստակաշատ, բարձր կարգով, մեր խորհրդարանի փոխխոսնակներն էլ ունենան, լավ, քարը գլուխը, թող 3 խմբակցությունների ղեկավարներն էլ ունենան ծառայողական ավտոմեքենա, լավ, մենք չափազանց առատաձեռն ենք՝ 11 մշտական հանձնաժողովների նախագահներն էլ թող ունենան, լավ, աշխատակազմի ղեկավարն ու 3 տեղակալներն էլ՝ ձեզ նվեր: Ստացվեց 21 հոգի: Բա մեզ մի հատ բացատրեք՝ էն 27 հոգին ովքե՞ր են, որ Հայաստանի ժողովրդի հաշվին պետք է ծառայողական մեքենա ունենան:
Ավելի մանրամասն այս ամենին և մնացածին կանդրադառնամ վաղը ասուլիսի ժամանակ:

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ  Վահան Բաբայան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով