Թավշյա իշխանության վարկանիշը սահուն գլորվում է դեպի ներքև.Գարեգին Պետրոսյան

Քաղաքագետ  Գարեգին Պետրոսյանը  ֆեյսբուքյան իր էջում գրում է

Թավշյա իշխանության վարկանիշը սահուն գլորվում է դեպի ներքև: Սա ընդունում են նույնիսկ նրանք, ովքեր 1 տարի առաջ անվերապահ հավատ էին տածում թավշյա իշխանության և անձամբ վարչապետ Փաշինյանի նկատմամբ: Թերևս միայն իշխանության ներկայացուցիչները (Վանեցյանի պարագան ցույց տվեց, որ ոչ բոլորը) համառորեն չեն նկատում այս հանգամանքը, և այստեղ էլ արտասովոր ոչինչ չկա: Իրենց ձեռքում իշխանություն պահող մարդիկ, ինչպես Չարլզ Պերսի Սնոուն էր ասում, մինչև վերջին րոպեն չեն հավատում, որ կարող են այն կորցնել։

Ավելի քան մեկ տարի առաջ եմ ասել, որ խարիզմատիկ լեգիտիմությունը, որով ամբոխն օժտել էր Փաշինյանին, տևական բաղադրիչ չունի իր մեջ, հետևաբար հիմնված է հանրային ընդգրկուն և կարճատև սպասելիքների վրա: Իսկ դա ենթադրում էր, որ ֆոկուսն ու բլեֆը բավարար չեն հանրային անկալիքները սպասարկելու և լեգիտիմության պաշարը չմսխելու համար: Խնդիրը լուծելի կլիներ միայն շոշափելի առարկայական արդյունքներ արձանագրող իրական գործընթացի միջոցով: Իսկ դա չկար մեկ տարի առաջ, չկա նաև այսօր: Բազմիցս ասել եմ, որ տնտեսության վրա կառավարության կողմից արդյունավետ ներգործության բացակայությունն անխուսափելի է դարձնելու լեգիտիմության ճգնաժամը: Բռնել բաց թողնելը, ուժի ցուցադրմամբ ուղեկցվող կամայականությունները, ասֆալտ փռելն ու ասֆալտին փռելը ի զորու չեն լինելու կասեցնել անկասելին: Այսօր ականատես ենք լինում հենց դրան:

Այսպես են նաև ասում. «Իշխանությունը անօգուտ է և անկայուն, եթե ամեն բան ենթակա է միայն նրան և ոչ թե գաղափարին, որ նա մարմնավորում է»: Թավշյա իշխանության պարագայում բացակայում է անգամ գաղափարը, կան միայն չպատճառաբանված, ականջ շոյող դեկլարատիվ կոչեր և խոստումներ: Իշխնության նվազ օգտակարությունն ու անկայունությունն էլ օր-օրի առավել անառու են դարձնելու իշխանափոխության անհրաժեշտությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով