Ռեֆորմիստների կուսակցությունը խիստ դատապարտում է «Հայելի» մամուլի ակումբի վրա իրականացված հարձակումը և հայտնում է իր մտահոգությունը այդ միջադեպի կապակցությամբ

Հայտարարություն

Ռեֆորմիստների կուսակցությունը խիստ դատապարտում է «Հայելի» մամուլի ակումբի վրա իրականացված հարձակումը և հայտնում է իր մտահոգությունը այդ միջադեպի կապակցությամբ:
Այդ գործողությունները ոչ թե սովորական վանդալիզմ են, այլ ունեն խիստ ընդգծված քաղաքական ուղղվածություն: Կարգազանց գործողություններ իրականացնողները հնչեցրեցին հայտարարություններ, որոնք հակասում են ժողովրդավարության սկզբունքներին և ըստ էության ոտնձգություն են մամուլի և խոսքի ազատության նկատմամբ, ինչի առիթով հրավիրում ենք միջազգային կառույցների ուշադրությունը:
Ռեֆորմիստների կուսակցությունը պահանջում է պարզել հարձակումը իրականացնողների ինքնությունը և կանչել պատասխանատվության օրենքի ողջ խստությամբ:

Ակնհայտ քաղաքական բովանդակություն ունեցող այս նողկալի արարքը ուղղակիորեն հակասում է Նիկոլ Փաշինյանի կողմից թմբկահարվող ՛՛սեր և համերաշխություն՛՛ կարգախոսին: Ամիսներ շարունակ ականատես ենք լինում նմանօրինակ վայրագությունների և ոչ մի անգամ չենք լսել վարչապետի կողմից դրանք դատապարտող խոսքեր, ինչը խրախուսում է այդպիսի դրսևորումները: Ուստի, մենք համարում ենք, որ այսօրվա դեպքերի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է:

Այսպիսի երևույթները հարկավոր է կանխել, այլապես Հայաստանի Հանրապետությունը շատ արագ կվերածվի ժողովրդավարության հետ որևէ աղերս չունեցող բանանային երկրի :

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով