«Ոչ մի բանից չի վախենում միայն կատարյալ հիմարը».Սերժ Սարգսյան

«Ինչպես հայտնի է` ոչ մի բանից չի վախենում միայն կատարյալ հիմարը: Ես 1988-ից հետո, իրոք, վախեցել եմ `վախեցել եմ կորցնել մեր հայրենիքի մի մասը` Լեռնային Ղարաբաղը, ինչը, իհարկե, շատ մեծ ու իրական վտանգ կբերեր մեր հայրենիքի մնացած ու վերջին մասի համար: Բայց հազարավոր, տասնյակ հազարավոր նվիրյալների հետ միասին նայելով այդ վախի աչքերի մեջ՝ մենք կարողացել ենք հաղթահարել այդ վախը՝ պատերազմի ձեզ հայտնի արդյունքներով:

Հիմա ես վախենո՞ւմ եմ, թե՞ չեմ վախենում: Հիմա էլ եմ վախենում. վախենում եմ անպատասխանատու պոպուլիստների` մեր հայրենիքի համար կործանանար քաղաքականությունից: Իմ անձի հետ կապված վախենալու որևէ բան չունեմ: Եթե ինձ ձերբակալելով մեր ժողովուրդը գոհ ու երջանիկ կլինի, եթե ինձ ձերբակալելով մարտի 1-ը, հոկտեմբերի 27-ը կհամարվեն ամբողջովին բացահայտված, եթե ինձ ձերբակալելով մեր երկրին սպառնացող վտանգները կչեզոքանան, եթե ինձ ձերբակալելով Լեռնային Ղարաբաղի բանակցությունները կվերադառնան ճիշտ ուղի, ապա թող ձերբակալեն: Գիտեք, ինչպես ասացի, միայն կատարյալ հիմարը չի վախենում ոչ մի բանից: Իմ կարծիքով՝ վախկոտ են համարվում այն մարդիկ, ովքեր ինչ-որ ազդեցությունների հետևանքով հաճախ փոխում են իրենց որոշումները: Ես որոշում փոխող չեմ, երբեք չեմ փոխել իմ որոշումը: Եթե իմ բացակայությունը հասարակությունից կնպաստի, որ տնտեսական հեղափոխությունը շատ մեծ թափ ստանա և հայրենադարձների հոսքն այնքան մեծանա Հայաստան, որ մենք դրանով ուղղակի հպարտանանք, թող ձերբակալեն: Ավելին չեմ ուզում ասել, որովհետև, ինչպես հայտնի է, ես խոստացել եմ պարզ ու անկեղծ զրույց ունենալ մեր քաղաքացիների հետ, և դրա ժամկետը մոտենում է»,-ասել է ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ կենտրոնական գրասենյակի դահլիճում «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի 4-րդ հոսքի շրջանավարտներին ավարտական վկայականների հանձնման ժամանակ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Առավել մանրամասն՝ http://bit.ly/2pqtptZ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով