Հիմա վրեժխնդրությունն էր կարևոր, թե՞ օրենքի գերակայությունն ու իրավական պետությունը

 
Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ժամը 15:00–ին, երբ ողջ Հայաստանի համար 1 ուշադրության թեման  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերով հրապարակվող ասուլիսն էր՝ լրատվամիջոցներում հայտնվեց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությունը, ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնելու որոշման մասին:
Հարկ է հիշել, որ ընդամենը մի քանի օր առաջ ևս լրատվամիջոցներում նման լուրեր էին տարածվում, որ Արթուր Վանեցյանի հրաժարականի դիմումն արդեն իսկ պատրաստ ու ստորագրված է, սակայն ԱԱԾ-ն հերքեց այդ լուրը, անվանելով ապատեղեկատվություն:
Այսօր փաստորեն պարզվեց, որ օրեր առաջ շրջանառության մեջ մտած այդ տեղեկատվությունը, ոչ թե անհիմն բամբասանք էր, այլ ԱԱԾ պատերից դուրս հայտնված  հերթական տեղեկատվական «արտահոսք», որը պարզապես ժամանակավրեպ էր և ժամանակից շուտ էր հայտնվել մամուլում, մինչ դեռ Նիկոլ Փաշինյանն այդ պահել էր հենց այսօրվա և այս պահի համար, որպեսզի իր ասուլիսով ստվերի ԱԱԾ պետի հրաժարականի հնչեղությունն ու հասունացող  սկանդալը:
Դեռ վաղուց խոսակցություններ էին պտտվում  այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը «կոշտ» զրույցներ է ունենում Արթուր Վանեցյանի հետ, նրա «դիմաց դնելով» ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանին և մի շարք այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների  կալանավորելու և հնարավորին չափ երկար բանտում պահելու համար հիմքեր ձեռք բերելու պահանջ, սակայն Արթուր Վանեցյանը չի կարողանում առանց դուրս գալու օրենքի շրջանակներից իրագործել նման պահանջներ, այսինքն չի կարող և չի կատարելու պահանջները, որն էլ հենց դառնալու է նրա հրաժարականի պատճառը:
Հանգամանքների բերմամբ, հենց ԱԱԾ պետի հրաժարականի հայտարարության պահին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում էր լրագրողների հենց այդ հարցերին, թե ի՞նչու Հայաստանում չեն ձերբակալվում և փակի տակ պահվում ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանը և այդ նախկին բարձրաստիճան պաշտոնյաները, որոնց անունները կապվում էին թալանի, կոռուպցիայի և մի շարք անօրինական գործարքների հետ:
Այդ հարցերին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ այսօր ևս պնդում ու փաստում է թե՜ 2–րդ նախագահը, թե՜ 3–րդ և թե ՜ այդ նախկին բարձրաստիճան պաշտոնյաները իրոք  կապված են մի շարք անօրինական գործարքների, հանցագործությունների և կոռուպցիայի հետ, սակայն նա և իր կառավարությունը որոշել են առաջ գնալ ոչ թե վրեժխնդրության և «արդարություն հաստատելու» ճանապարհով, այլ որոշել են գնալ իրավական պետության ճանապարհով, որի պատճառով էլ գնում են «երկար» ճանապարհով, տվյալ պահին դեռ չունեն բավարար հիմքեր  սակայն «հավաքում են» և շուտով վերոնշյալ անձանց ևս կձերբակալեն և կփակեն բանտում:
Սակայն արի ու տես, որ նույն պահին   ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց, կասկածանքի տակ դնելով Նիկոլ Փաշինյանի պնդումը, որ նա և իր կառավարությունը առաջ են գնում ոչ թե վրեժխնդրության սկզբունքով, այլ իրավական պետության: Արթուր Վանեցյանն իր հրաժարականի հայտարարությամբ ևս դա է փաստում և կասկածի տակ է դնում ՀՀ վարչապետի և կառավարության որդեգրած ուղու օրինականությունը:
Նա հրաժարական է տալիս, հայտարարելով՝ – «Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ»:

                                                                                                                                                        Հայկ Կիսեբլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով