Լինում են դեպքեր, երբ համեստությունը առաքինություն չէ

Եկեք միմյանց ճիշտ հասկանանք։
Օրերս ՀՀ վարչապետի խոսնակը հանդես է եկել հայտարարությամբ այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցն ԱՄՆ կատարվել է չարթերային չվերթով, մասնավոր ընկերության միջոցով։ «Այցի կազմակերպման համար, ընդհանուր առմամբ, հատկացվող գումարը կարող է հասնել առավելագույնը 165 մլն դրամի, իսկ չարթերային չվերթի կազմակերպման նպատակը պայմանավորված է մի քանի հանգամանքներով»,- գրել էր վարչապետի մամուլի խոսնակը:
Ավելի ուշ Վլադիմիր Կարապետյանը Tert.am-ին հայտնել էր, որ 165 մլն դրամը վերաբերում է ոչ թե ամբողջ այցի ընթացքում նախատեսվող ծախսերին, այլ միայն հատուկ չվերթին։ Խնդրո առարկան ավելի պատկերավոր դարձնելու համար եկեք այդ գումարը ներկայացնենք ԱՄՆ դոլարով՝ շուրջ 348 000 ԱՄՆ դոլար։ Եվ սա միայն մասնավոր ինքնաթիռ վարձակալելու համար․․․
Հիշեցնեմ, որ վարչապետի պաշտոնը անցյալ տարի մեծ պաթոսով զբաղեցրած լրագրողի հեղափոխական թեզիսներից մեկն այն էր, որ չպետք է թույլատրվի պետական բյուջեի ոչ մի մսխում։ Կարծում եմ, բոլորս հասցրել ենք նկատել, որ այդ հարցում, ավաղ, ոչ ինքը վարչապետը և ոչ էլ իր մերձհեղափոխական շքախումբը սկզբունքայնություն չեն ցուցաբերում։ Ավելին, կա էլեկտորատի որոշակի զանգված, որը նույնիսկ արդարացնում է այսպիսի մեծ ծախսերը, հիմնավորելով, որ ավելի լավ է պաշտնապես բյուջեից դուրս գրվի, բայց վարչապետը ոչ մի օլիգարխի խնդրանքով չդիմի, որ հետո էլ իրենից այդ կոռումպացված օլիգարխները հետադարձ լավություն չպահանջեն․․․
Պատկերացնո՞ւմ եք, երևակայության այսպիսի թռիչք։ Իհարկե, էլեկտորատը ինքնուրույն չի հանգել այս գաղափարին, այն խնամքով ներարկվել է Նիկոլ Փաշինյանի շահերը պաշտպանող և համացանցում վխտացող բազմաթիվ ՛օգտատերերի՛ միջոցով։ Հարգելիներս, վերադարձեք իրականություն, սրանք նույն որակի հեքիաթներ են, ինչպիսիք ժամանակին նույն մարդու համար աշխատող դեղին մամուլը հրամցնում էր ՀՀ այն ժամանակ ոչ այնքան հպարտ քաղաքացիներին Սերժ Սարգսյանի սեփական ինքնաթիռների և այդ ինքնաթիռներով ճանապարհորդելու ժամանակ օդում կազինո խաղալու և կոկային օգտագործելու, 50/50 Սաշիկի և այլ ՛սարսափելի՛ փաստերի մասին։ Հիմա անդրադառնանք համեստությանը։
ՀՀ նոր իշխանության կողմից այդքան ջանասիրաբար թիրախավորվող նախկինները, մասնավորապես Սերժ Սարգսյանը իր պաշտոնավարման 10 տարիների ընթացքում ԱՄՆ մեկնել է 12 անգամ։ ՀՀ Նախագահի տրամադրության տակ գտնվող ինքնաթիռը, այսպես կոչված ՛՛Борт номер 1՛՛-ը բավականին փոքր ինքնաթիռ է և չունի տեխնիկական հնարավորություն հատել օվկյանոսը։ Այդ իսկ պատճառով օվկյանոսից այն կողմ ճանապարհորդելիս ՀՀ 3-րդ նախագահը և իրեն ուղեկցող պատվիրակությունը, որպես կանոն այդ ծառայողական ինքնաթիռով մեկնում էր Փարիզ,, իսկ արդեն այնտեղից՝ Էյր Ֆրանս ընկերության կանոնավոր չվերթով, բիզնես կամ առաջին կարգով մեկնում էր ԱՄՆ, որտեղ իրենց դիմավորում էր հատուկ Վի-Այ-Փի ծառայությունը։
Ինչի՞, Սերժ Սարգսյանը չէ՞ր կարող Նիկոլ Փաշինյանի նման շռայլորեն մսխել Հայաստանի Հանրապետության բյուջեն։ Իհարկե, կարող էր, բայց ՉԷՐ ՑԱՆԿԱՆՈՒՄ։ Այս մասին երբեք չեն գրել ԶԼՄ-ները, սա չի լուսաբանել դեղին մամուլը և սրա մասին չի աղաղակել ինքը Սերժ Սարգսյանը, չնայած որ եթե ժամանակին ճիշտ ներկայացվեին այս բոլոր փաստերը, այսօր կեղծ օրակարգով այսպես ասած ՛մեյդան ընկած՛ հեղափոխականները այսքան հեշտությամբ չէին կարողանա տարածել այն միֆերը, որոնք հետևողականորեն կերակրվում են հասարակությանը։
Իրենք հաջողության են հասնում միայն մեկ պատճառով՝ քանի որ մյուս կողմը համեստորեն լռում է։ Ինչպես որ ասում են՝ լինում են դեպքեր, երբ համեստությունը առաքինություն չէ․․․

                                                                                                                                                 Նատալյա Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով