Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը դիմել է Շենգավիթի քննչական մարմին ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու պահանջով:
Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:
Գրառումը ստորև.
«Այսօր դիմել եմ Շենգավիթի քննչական մարմնին ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու պահանջով։ Ինչպես առավել վաղ հայտնի էր դարձել, ձերբակալվել էին իմ պաշտպանյալներ Նարեկ Մութաֆյանը և Սարգիս Օհանջանյանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի գործունեությանը խոչընդոտելու համար։
Նախ պետք է փաստել, որ վիճելի պահին Աննա Դանիբեկյանը հանդես չի եկել որպես դատարան՝ հետևաբար նրա գործունեությանը խոչընդոտելու մասին խոսք լինել չի կարող։ Այնուհետև՝ տղաները վերարտադրել էին ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյանի խոսքերը՝ դատավորների վնգստոցի և փայտով խփելու մասով։ Եթե նախաքննական մարմինը գտնում է, որ դատավորներին վնգստացող անվանելը և փայտով գլխին խփելու խոսքերը արդարադատության իրականացմանը խոչընդոտել է, ապա պետք է մեղադրանք առաջադրեն ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյանին, քանի որ տղաները վերարտադրել են վերջինիս արտահայտությունները։
Հուսով եմ՝ օրենքի առջև հավասար են բոլորը, և եթե Նարեկ Մութաֆյանը և Սարգիս Օհանջանյանը պետք է դատապարտվեն դատավորին վնգստացող անվանելու համար, նույն արարքի համար պետք է դատապարտվի նաև թեմայի առաջնային կրող, ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյանը»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին՝ 20:15-ի սահմաններում, մի խումբ անձինք հետապնդել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին՝ անհարկի հարցուպատասխանի միջոցով փորձելով հոգեբանական ճնշման ենթարկել, վիրավորել և նսեմացնել դատավորի անձը: Կատարվածի վերաբերյալ դատավոր Դանիբեկյանն անմիջապես տեղյակ է պահել Բարձրագույն դատական խորհրդին և այս պահին հաղորդում է ներկայացնում Ոստիկանությանը:
ՔԿ-ից հայտնել են, որ վերոնշյալ անձինք ձերբակալվել են: