Հուլիսի 30-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում 21-ամյա կին է մահացել: Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին Ոստիկանության լրատվության վարչությունից:
«Հուլիսի 30-ին ժամը 11:50-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից Ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել, որ սուր շնչառական անբավարարություն ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության տեղափոխված 21-ամյա կինը հուլիսի 30-ին ժամը 9:30-ին հանկարծամահ է եղել»,- հայտնեցին Ոստիկանությունից:
Դեպքի առթիվ Ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Tert.am-ի տեղեկություններով՝ 21-ամյա կինը հղի է եղել: Նա հուլիսի 22-ին ընդունվել էր Երևանի «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի մանկաբարձության և գինեկոլոգիայի Հանրապետական ինստիտուտ», իսկ հուլիսի 23-ին տեղափոխվել էր «Արմենիա» ԲԿ: