Անկումների մասին վարչապետը համառորեն լռում է.«Փաստ»

«Փաստ» թերթը գրում է․

«Եթե ուզում եք իմանալ Հայաստանի մա­սին միայն լավ նորություններ, ապա արդեն պարտադիր չէ դիտել միայն Հ1: Բավական է այցելել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջը և կիմանաք, թե ինչպես է անշե­ղորեն զարգանում Հայաստանը, թե ինչպես է մեր երկրում ամեն ինչ միայն աճում և աճում: Փաշինյանը պարբերաբար միայն լավ նորություններ է հաղորդում, ընդ որում՝ տնտեսությունից արդեն անցում է կատարել արվեստի և մշակույթի ոլորտին: Օրերս նա հայտնել է, որ 2019 թվականի առաջին կի­սամյակում նախորդ տարվա նույն ժամանա­կամիջոցի համեմատ Հայաստանի թանգա­րանների այցելիությունն աճել է շուրջ 31 տո­կոսով: Բայց դեռ մի շտապեք զարմանալ, Փաշինյանը դեռ շատ է զարմացնելու: Ան­ցավ երկու օր, և նա գրեց, որ 2019 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի թատ­րոնների (թատերական կազմակերպություն­ների) հաճախելիությունը աճել է 41 տոկո­սով:

Ինչ խոսք, հրաշալի է: Շատ լավ է, որ մեր երկրում ավելանում է հետաքրքրությունը արվեստի և մշակույթի նկատմամբ: Պարզա­պես ի՞նչ կապ ունի այդ ամենի հետ Փաշինյանն ու իր կառավարությունը: Երբ երկրի ղեկավարը նման աճի ցուցանիշներ է հրապարակում, փաստացի դա վերագրելով իր գործունեությանը, ապա պետք է նաև բա­ցատրի, թե որտեղ է այդ աճի տրամաբանա­կան կապը իր կառավարության գործունեու­թյան հետ: Միթե կառավարությունն ավելացրել է արվեստի և մշակույթի ուղղությամբ պետական աջակցությունը, ֆինանսավորու­մը: Կամ գուցե այլ ոչ ֆինանսական միջոց­ներով է խթանում այդ ամենը: Սրանք կոնկ­րետ հարցեր են, բայց դառնում են հռետո­րական, քանի որ դժվար է իսկապես գտնել այդ տրամաբանական կապը, որովհետև այն պարզապես չկա:

Համեմատականներ են անցկացվում այն­պիսի ժամանակաշրջանի հետ, որ, իհարկե, համեմատությունը պետք է այս տարվա օգ­տին լիներ: Անցած տարվա առաջին կիսամյակում երկիրը հասարակական-քաղաքական ցնցումների մեջ էր, մայրաքաղաք Երև­անը, որտեղ հենց կենտրոնացած է թանգա­րանների ու թատրոնների մեծ մասը, պար­զապես կաթվածահար վիճակում էր: Բնա­կանաբար այդ իրավիճակում շատ քչերին կարող էր հետաքրքրել թատրոն կամ թանգարան այցելելը: Տեղի էր ունենում ավելի մեծ ներկայացում: Ըստ այդմ, տարակուսելի է, թե ինչու է վարչապետ Փաշինյանը, չբա­ցելով այդ աճի իրական բովանդակությունը, փորձում ամեն գնով հանրությանը ցույց տալ, որ երկիրն աճում է բոլոր ոլորտներում, և դա իր օրոք է տեղի ունենում: Իսկ համեմատու­թյունն էլ միայն ու միայն անցած տարվա առաջին կիսամյակի հետ է:

Տպավորություն է, որ վարչապետը կոնկ­րետ հրահանգ է տվել իր ենթականերին ամենօրյա ռեժիմով զեկուցել միայն լավ տվյալներ, գտնել, հայտնաբերելու ստեղծել լավ նորություններ, ամեն գնով, ցանկացած ոլորտում: Դժվար չէ նկատել, որ դա վերած­վել է մի տենդի: Վիճակագրական ծառայու­թյուններն այդքան հաճախականությամբ թվեր չեն հրապարակում, որքան Փաշինյա­նը: Գուցե պատճառն այն է, որ վիճվարչությանը ոչ ոք չի հավատում, իսկ Փաշինյանին շատերն են դեռ հավատում: Դա գիտակցե­լով՝ վարչապետը անձամբ է ցանկանում այդ թվերը ներկայացնել՝ առանց բացատրելու, թե ինչպես են այդ թվերը առաջանում և ինչ են նշանակում: Բավարար է սոսկ այն, որ կա աճ ինչ-որ մի ոլորտում:

Իսկ ահա անկումնե­րի մասին վարչապետը համառորեն լռում է: Պարզվում է, որ 2019 թ. առաջին կիսա­մյակում տնտեսական ակտիվության ցուցա­նիշը նվազել է: Այդ մասին չնշելով՝ վարչա­պետը մի քանի ոլորտի աճի մասին է կրկին գրել: Նա գրել է, որ մշակող արդյունաբերու­թյունն աճել է 8,7 տոկոսով, կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտը աճել է 33,8%-ով, օդային տրանսպորտով ուղևորափոխադրումները՝ 28,2%-ով, առևտ­րի շրջանառությունը՝ 8,9%-ով: Բայց, չգիտես ինչու, չի նշել, որ մոտ 8 տոկոսով անկում է ապրել գյուղատնտեսությունը, որը մեր երկ­րի ՀՆԱ-ում զգալի տեղ է զբաղեցնում: Նա լռում է, որ եթե հանում ենք ՀՆԱ-ից խաղադրույքների և ավտոմեքենաների ներմուծումը, որի ծավալները 2020 թ. կտրուկ կնվազեն ԵԱՏՄ-ի նորմերի պատճառով, ապա ՀՆԱ-ի աճը տատանվում է ընդամենը 3-4 տոկոսի սահ­մաններում»,-գրում է թերթը:

«Ալենին որտեղ տեսնեմ հեգնանքով հիշեցնելու եմ նրա ով լինելը».Սևան Աղաջանյան

06.08.2020

Մարիա Կարապետյանը և Սոս Ավետիսյանը պետք է վայր դնեն իրենց մանդատները.Գեղամ Պետրոսյան

05.08.2020

Հայաստանին պոկում են Մոսկվայից

06.08.2020

Կորոնավիրուսից մահացածների դիահերձարանում. «Սև տոպրակների մեջ, գետնին, ոտքերի տակ ընկած դիակներ էին»

05.08.2020

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցն ազատման դիմում է ներկայացրել

07.08.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով