Ամբոխավար աճպարարի վերջին ջոկերը

Загрузка...

 

Ահա և հնչեցվեցին այն խոսքերը, որոնց սպասում էին գրեթե բոլորը, բայց տարբեր պատճառներով…

Սերժ Սարգսյանի ձեռբակալությունը…

Թեև առայժմ չկա որևէ պաշտոնական հայտարարություն, ողջ համացանցը հեղեղված է մեկնաբանություններով, ստատուսներով, վերլուծականներով…

ՀՀ 3-րդ նախագահի մեկուսացումը կամ դրա հավանականությունը վերջին մեկ տարվա ընթացքում հաճախակիորեն և զանազան առիթներով  քաղաքական տարբեր ճամբարներին հարող մարդկանց կողմից օգտագործվել է թե որպես փաստարկ, թե որպես հակափաստարկ: Բոլորը սպասում էին: Խելացի մարդիկ հասկանում էին, որ Սերժ Սարգսյանի ձեռբակալությունը Հայաստանի նոր իշխանությունների բոլոր առումներով ապաշնորհ կառավարումից ժողովրդի ուշադրությունը ևս մի քանի ամիս հեռու պահելու համար վերջին խաղաքարտն է լինելու:

Մի վայրկյան չեմ կասկածում, որ այս մեկ տարվա և երեք ամիսների ընթացքում Հայաստանի քննչական մարմինները, որոնք վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձնավորության քմահաճույքով դարձել են ոչ ավել ոչ պակաս հայտնի «կոտոշներ և սմբակներ մթերող» գրասենյակի ենթաբաժիններից մեկը, ջանք ու եռանդ չէին խնայում որպեսզի մի առիթ գտնեն Սերժ Սարգսյանին մեղադրանք ներկայացնելու և նրան մեկուսացնելու համար: Սակայն, պետք է հասկանալ, որ ՀՀ քննչական մարմիններում աշխատում են գործի գիտակներ, որոնք կլինիկական ապուշ չլինելով՝ հասկանում են, որ ՀՀ 3-րդ նախագահին իր պաշտոնավարման և դրանից հետո ընկած ժամանակահատվածում ենթադրաբար կատարված ցանկացած օրենքի խախտում /իր կարգավիճակից բխող գործողությունների հետ կապված/ մեղսագրելու դեպքում իրենց սարքած գործի գլխին դոմոկլյան սուրի պես կախված է լինելու այն չարաբաստիկ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ, որը հարթ հատակի վրա ցցված մեխի նման խանգարում է իրենց Ռ.Քոչարյանի գործը ՛алаверды՛ անել և հասցնել վերը նշված գրասենյակի ղեկավարի կողմից պատվիրված եղրահանգմանը: Սա մի կողմից:

Սահմանադրական դատարանն էլ մյուս կողմից է համը հանում, ոչ մի կերպ չի ուզում ճկվել և ընդունել նույն վերը նշված գրասենյակի ղեկավարին հարմար դիրքը: Հետզհետե հասկանալով, որ անձեռնմխելիության խնդիրը ՛ջրել՛ չի ստացվի, քննչական մարմինները, հավանաբար, կգան /կամ արդեն եկել են/ այն եզրահանգման, որ Սերժ Սարգսյանին ձերբակալելու և հերթական ՛դարակազմիկ՛ ամբոխահաճո պերֆորմանսը մատուցելու համար Արցախի հերոսի անունը պետք է կապել մարտի 1-ի գործի հետ, քանի որ դեպքերը տեղի են ունեցել նախքան Սերժ Սարգսյանի որպես նախագահ ընտրվելը, և, քանի որ ոչ մի այլ՝ տնտեսական կամ ֆինանսական հանցագործություն չկարողացան հայտնաբերել կամ մոգոնել: Այդ դեպքում հնարավոր կլինի խուսափել գրողի տարած անձռնմխելիությունից զրկելու անհրաժեշտությունից /ՀՀ Սահմանադրություն, Հոդված 140. Հանրապետության նախագահի անձեռնմխելիությունը/:

Այսպիսով, պարոնայք երդվյալ ատենակալներ, ընտրությունը մեծ չէ: Արդեն վաղուց ակներև է վարչապետի և իր ապիկար թիմի վարկանիշի անդունդային անկումը և նույնիսկ նոր խորհրդականները չեն փրկի իրավիճակը: Ամբոխը, ինչպես և անցյալ տարի, արյուն է պահանջում իսկ Սերժ Սարգսյանի վարկանիշը աճում է: Այլընտրանք չկա, վարչապետի պաշտոնը զբաղեցնող գլխավոր գերագույն խմբագիրը աճպարարի նման բաճկոնի թևից ստիպված կլինի հանել վերջին ջոկերը…

Հիմա անսպասելի հարց՝ եթե, ենթադրենք, Սերժ Սարգսյանը ձեռբակալվեց, և դրան հաջորդեցին այնպիսի իրադարձություններ, որոնց արդյունքում Նիկոլ Փաշինյանը կկորցնի իշխանությունը, զոմբիները կրկին նախկինների՞ն են մեղադրելու:

Նատալյա Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...