Վերևներից հրահանգել են՝ ոչ իշխանական TV-ներին հարցազրույց չտալ. «Հրապարակ»

Загрузка...

«Հրապարակ»-ը գրել է

Հեղափոխությունից հետո Հայաստանում իշխանության կողմից մամուլին ճնշելու յուրահատուկ մեթոդ է դարձել ոչ իշխանական լրատվամիջոցներին հարցազրույցներ չտալն ու հատկապես հեռուստաընկերությունների տաղավարներում չհյուրընկալվելը։ Օրինակ՝ այս հարցում բարդ խնդրի առաջ է հայտնվել Հինգերորդ ալիքը՝ TV 5 հեռուստաընկերությունը, որը կապում են Ռոբերտ Քոչարյանի անվան հետ։ Այս հեռուստաընկերության լրագրող Ագնեսա Խամոյանն իր «Հարցազրույց»-ի տաղավարում մշտապես հյուրի խնդիր ունի, քանի որ ասում են՝ վերեւից հրահանգ կա, որ «Իմ քայլից» որեւէ մեկը չպետք է հյուրընկալվի Ագնեսային ու TV 5-ին։ Փոխարենը նույն մարդիկ, որոնք մերժում են Ագնեսայի հրավերը, սիրով համաձայնում են հյուրընկալվել վաղուց արդեն իշխանականի համբավ ձեռք բերած «Ազատություն» ռադիոկայանում կամ հավերժ իշխանական Հանրայինում՝ Պետրոս Ղազարյանի մոտ։

Այստեղ նրանք շատ ավելի ապահով ձեռքերում են, թեպետ Պետրոսի ու «Ազատության» իշխանահաճո, մաքսիմալ նուրբ հարցերը նույնիսկ չեն ապահովագրում որոշ իմքայլականներին հիմարություններ արտաբերելուց, որոնք նույն TV 5-ում ավելի ցայտուն են դառնում՝ շնորհիվ հաղորդավարի սուր հարցադրումների։ Հյուրեր հրավիրելու խնդիր ունի նաեւ «Հայելու առաջ» հաղորդաշարի հեղինակ Անժելա Թովմասյանը։

Ասում են՝ եթերային այս քաղաքականությունը ղեկավարվում է հիմնականում երկու կենտրոնից՝ կառավարության «Տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ից՝ ի դեմս դրա ղեկավար, «Ազատության» նախկին լրագրող Հովհաննես Մովսիսյանի, եւ ՀԱԿ անդամ, վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի կողմից։ Հենց նրանք են որոշում՝ իշխանականներից ով որտեղ հյուրընկալվի, ուր գնա կամ չգնա։ Ասենք, Գագիկ Ջհանգիրյանը շաբաթը քանի անգամ հերթափոխով հայտնվում է «Ազատության» ու Հ1-ի եթերում։ Ագնեսայի դեպքում բացառություն են կազմում հատուկենտ իմքայլականներ, որոնք չեն ենթարկվում ՊՈԱԿ-ի ու խոսնակի հրահանգներին եւ համարձակվում են հյուրընկալվել «քոչարյանական ալիքում»։ Օրինակ՝ «Ժողովուրդ» թերթի նախկին խմբագիր, պատգամավոր Թագուհի Թովմասյանը, ում՝ եթերում արտահայտած մտքերից հետո դաժան քննադատության ալիք բարձրացավ իշխանական ճամբարում։

Դաշտի երկարամյա բնակիչները Հ1-ի մասով փաստում են, որ վերջին 20 տարում Հանրայինն այսքան խորը իշխանական ազդեցության տակ չէր եղել, որքան այսօր։ Նույն Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի օրոք քանիցս հյուրընկալվել է Հ1-ում։ Ի դեպ, ասում են՝ Պետրոս Ղազարյանը հաճախ տեղյակ էլ չի լինում՝ ով է լինելու իր հյուրը, վերջին պահին են տեղեկացնում նրան։
Հյուրերի խնդիր ունի նաեւ «Երկիր մեդիայով» հեռարձակվող «Երկրի հարցը» ծրագրի վարող Դավիթ Սարգսյանը։ Նրա դեպքում, ինչպես հասկացանք, հստակ հրահանգ չկա վերեւից, որ հյուր չուղարկեն իր մոտ, բայց նա էլ շատ մեծ դժվարությամբ է «բերման ենթարկում» «Իմ քայլի» պատգամավորներին ու մյուս իշխանավորներին։ «Ես սովորաբար նման աշխատակարգ ունեմ՝ ամեն երկուշաբթի կամ գոնե շաբաթվա մեջ մի օր պետք է մի իմքայլական ինձ հյուրընկալվի։ Կեսից ավելիին արդեն հյուրընկալել եմ։ Բայց նրանք, այսպես ասած, խոսող հատվածն են։ Այսինքն՝ մի քանի տասնյակ պատգամավորներ կան, որոնք դեռեւս որեւէ բանով աչքի չեն ընկել, շատերն անգամ ելույթ չեն ունեցել, եւ շատ դժվար է նրանց համոզել՝ հրավիրել հարցազրույցի»,- ասաց Դավիթ Սարգսյանը։

Նա նկատեց, որ իմ քայլականների մեջ էլ կան մարդիկ, որոնք շատ բաց եւ հաղորդակցվող են, մամուլի հանդեպ ընկալունակ են, եւ կան մարդիկ, որոնք բավականին դյուրագրգիռ են, երբեմն՝ անհավասարակշիռ։ «Օրինակ՝ նախօրեին «Իմ քայլից» Արման Բոշյանին էի հյուրընկալել, ում մասին բարձր կարծիքի եմ եւ նորմալ, ընկերական միջավայրով ու նորմալ շփմամբ էլ ճանապարհեցի նրան, որովհետեւ հարցազրույցի ընթացքում ինքը ոչ թե փորձեց թիրախավորել լրագրողին, ոչ թե փորձեց խուսանավել պատասխաններից, այլ պարզ, նորմալ պատասխաններ տվեց»,-ասաց Սարգսյանը։

Հարցին՝ կա՞ ուղղորդված ճնշում կամ հրահանգ, որ իշխանության ներկայացուցիչները չգնան կոնկրետ հեռուստաընկերություններ, այդ թվում՝ իր մոտ, Դավիթ Սարգսյանն ասաց․ «Իմ մասով գրեթե վստահ եմ, որ չկա, եւ շատ ուրախ եմ, որ նման քաղաքական որոշում կայացված չէ։ Իսկ մյուս հեռուստաընկերությունների, հատկապես TV 5-ի մասին կարող եմ ընդամենը դատողություն անել․ քանի որ ես այնտեղ գրեթե չեմ տեսնում որեւէ իմքայլականի, ես չեմ կարծում, որ այդ հեռուստաալիքը չի փորձում այդ մարդկանց հրավիրել, ուստի թերեւս նրանք են մերժում, ինչը ենթադրում է, որ, հավանաբար, կա քաղաքական որոշում՝ չգնալ այդ հեռուստաընկերություն»։

TV 5-ի «Հարցազրույց» հաղորդման հեղինակ եւ վարող Ագնեսա Խամոյանն էլ իշխանությունների՝ իրեն հյուր չգալու հարցում մի այսպիսի օրինաչափություն է նկատել։ «Եթե առաջ ինչ-որ պատճառաբանություններ էին փորձում գտնել, հիմա անգամ ջանք չեն փորձում գործադրել այդ ձեւականությունն ապահովելու եւ մերժելու համար։ Պարզապես ուղիղ տեքստով ասում են՝ «ես չեմ գա ձեզ մոտ», որովհետեւ, ասենք, «ինձ կոմֆորտ չի ձեր մոտ», «աուրան լավը չի» եւ այլն»,- ասաց Ագնեսա Խամոյանը։

Նա նաեւ մեկ-երկու օրինակ բերեց, թե ինչ են պատասխանել «Իմ քայլի» պատգամավորներն իրեն, երբ մերժել են հրավերը։ «Օրինակ՝ վերջերս ես հրապարակել էի «Իմ քայլի» պատգամավորներից մեկի պատասխանը, որը համարում է, որ իմ հաղորդումն էթիկական խախտումներով հաղորդում է, եւ ինքը կարծում է, որ իր համար՝ որպես հանրային պաշտոնյա, ոչ արդյունավետ է իմ հարթակից հանդես գալը։ Կամ՝ նույն խմբակցությունից մեր նախկին գործընկերներից մեկն ինձ, ի պատասխան իմ հրավերի, ասաց, որ ես իմ գործը շատ լավ եմ անում, ինքը դա շատ գնահատում է, բայց առաջարկեց, որ գոնե այս պահի դրությամբ մեր հարաբերությունները թողնենք այնպիսին, ինչպիսին դրանք կան։ Ու, անկեղծ ասած, ինձ մոտ տարօրինակ զգացողություն էր, որովհետեւ, սովորաբար, նման նախադասություններ լսում ենք բաժանվող զույգերից, երբ ասում են՝ արի բաժանվենք, բայց մնանք ընկերներ»,- հեգնեց TV 5-ի հաղորդավարը։

Մեր դիտարկմանը, թե տեսակետ կա, որ կառավարության տեղեկատվական-վերլուծական ՊՈԱԿ-ն ու վարչապետի խոսնակն են արգելում, որ իշխանականներն իր հաղորդմանը չգան, Ագնեսան ասաց․ «Ես էլ եմ նման խոսակցություններ լսել, եւ ինձ համար իսկապես տարօրինակ է, որ ոչ միայն պատգամավորներն են խուսափում գալ հյուր, նաեւ այն նախարարները, որոնք, այսպես կոչված, նախորդ ռեժիմի ներկայացուցիչներ են, եւ նախկինում նույն այդ նախարարների հետ շփվելու որեւէ խնդիր չի եղել։ Դա նշանակում է, որ իրենց անձնական որոշումը չէ՝ խոսել կամ չխոսել»։

Խոսեցինք նաեւ «Տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանի հետ։ Նա իրենց բացած «ֆեյքերի ֆաբրիկայի» թեման, չգիտես ինչու, անլուրջ համարեց, իսկ իշխանական պատգամավորներին ուղղորդելու մասով էլ ասաց, որ իրենք խորհրդարանի հետ կապ չունեն, քանի որ ՊՈԱԿ-ն աշխատում է կառավարության կազմում։ «Իսկ կառավարությանը, եթե հաշվի առնենք նախարարներ եւ այլն, մենք խոսնակներին աջակցում ենք ինչ-որ հարցերով, դրա մասին էլ եմ բազմիցս խոսել, բայց ինչ վերաբերում է՝ իրենք ուր գնան, որտեղ ինչ ինտերվյու տան եւ այլն, էդ որոշում են արդեն խոսնակները եւ նախարարները, որոնք ունեն իրենց համապատասխան վարչությունները, որոնք զբաղվում են»,- ասաց Մովսիսյանը՝ ըստ էության չհերքելով, որ առնվազն կառավարության մասով իրենք դեր ունեն։

Հայաստանի հանրային հեռուստաընկերության լրատվական եւ վերլուծական հաղորդումների տնօրեն Պետրոս Ղազարյանն էլ դիտարկմանը, թե ինչու իրենք ընդդիմությունից հյուր չեն կանչում, անմիջապես օրինակ բերեց, թե վերջերս ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանին են կանչել քննարկմանը, մի քանի ամիս առաջ էլ մի անգամ Արփինե Հովհաննիսյանին էին կանչել, ով, հիշեցնենք, սառեցրել է անդամակցությունը ՀՀԿ-ի հետ։ Մյուս հարցերին էլ, որ ինքը չի որոշում իր հյուրերին եւ այլն, Պետրոս Ղազարյանը մեկ բառանոց պատասխաններ  տվեց․ «Բացառվում ա, բացառվում ա»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...