Վարչապետի պաշտոնական այցերն ավելի շատ տուրիստական բնույթ են կրում․ «Փաստ»

Загрузка...

«Փաստ» թերթը գրում է. «Ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշի­նյանի պաշտոնական այցը Վիետնամ և Սինգապուր: Արդեն այն փաստը, որ Փաշինյանը երկրի համար առանցքային տոնին՝ Սահմա­նադրության օրը, բացակայում էր Հայաստա­նից, ենթադրում է, որ այդ այցերը Հայաստա­նի համար բացառիկ նշանակություն ունեն:

Մյուս կողմից՝ շատ հնարավոր է, որ Հայաս­տանի գործող վարչապետն ուղղակի հավուր պատշաճի չի գնահատում Սահմանադրու­թյան օրը, մանավանդ, որ կարճ պաշտոնա­վարման ընթացքում հասցրել է ֆորմալիզացնել, ֆետիշացնել հեղափոխության հետ ասոցացվող իրադարձությունները:

Սահմանադրության օրը Փաշինյանը մեկ­նել է հենց Վիետնամ ու չնայած այդ երկրում ունեցել է հանդիպումներ առանցքային բարձ­րաստիճան պաշտոնյաների, գործարարների հետ՝ այցի համատեքստը հիմնականում ամ­բողջացնում են, այսպես կոչված, մշակութա­յին, հումանիտար հանդիպումները: Ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Վիետնամ կատարած այցին՝ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը գրել է. «Ամփոփելով՝ ցանկանում եմ նշել, որ վարչապետի բոլոր հանդիպումները, այդ թվում՝ Վիետնամի իր գործընկերոջ և գործարար շրջանակների հետ, անցան արդյունա­վետ: Տնտեսության և հումանիտար ոլորտնե­րում ձեռք բերվեցին կոնկրետ պայմանա­վորվածություններ, որոնց կյանքի կոչման ուղղությամբ, վստահ եմ, համապատասխան գերատեսչությունները կձեռնարկեն ակտիվ աշխատանքներ: Նշեմ, որ վիետնամական բավականին խոշոր գործարարներ շա­հագրգռվածություն հայտնեցին համագոր­ծակցելու հայկական կողմի հետ, նրանք մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին հայկական արտադրանքի, կոնյակի, գինու, վերամշակ­ված գյուղմթերքի նկատմամբ»: Նա ընդգծել է, որ վարչապետ Փաշինյանի պայմանավորվածությունները պետք է գործնական փուլ մտնեն աշնանը հայ-վիետնամական գործա­րար համաժողովի ընթացքում, հավելելով, որ քաղաքական առումով երկու երկրներն ունեն լիարժեք փոխըմբռնում, ինչը ևս կա­րևոր է հատկապես միջազգային հարթակնե­րում համագործակցելու առումով:

Հայ-վիետնամական գործարար համաժո­ղովը Փաշինյանի մեծաթիվ պատվիրակության այցի միակ առարկայական ձեռքբե­րումն է, սակայն անկեղծ լինեմ՝ այդ համաժո­ղովի առարկայական, գործնական նշանա­կությունը գերագնահատել պարզապես չի կարելի: Բանն այն է, որ մեր երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն անցած տարվա ընթացքում չի հասել անգամ 50 միլիոն դոլարի, ու այս համատեքստում դժվար է ակնկալել որակական բեկում, մանավանդ, որ Հայաստանն ու Վիետնամը չունեն ընդհանուր քաղաքական, տնտեսական օրակարգ:

Սինգապուրը պետք է դիտարկել մի փոքր այլ տեսանկյունից, որովհետև հարավ-արևելյան Ասիայում գտնվող այս երկիրն ունի զւսրգացման մի մոդել, որն ուսանելի է ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի շատ երկրների համար, որոնք ցանկանում են հաղթահարել աղքատությունը, զարգացնել տնտեսությունը: 1965-90 թթ. Սինգապուրում ՀՆԱ-ն մեկ մարդու հաշվով 400 դոլարից բարձրացավ 12,2 հազար դոլարի, ինչի հետևանքով հարավ-արևելյան Ասիայի այս փոքրիկ պետությունը համալրեց աշ­խարհի տասը հարուստ երկրների թիվը: Հենց սա է «սինգապուրյան տնտեսական հրաշքի» հիմնական հետևանքը՝ մարդու բարեկեցությու­նը: Դատարկ սառնարաններով հնարավոր չէ շարունակ խոսել տնտեսական հեղափոխու­թյան մասին: Հուսանք՝ Սինգապուրում Նիկոլ Փաշինյանը հասկացել է այս ճշմարտությունն ու այն աքսիոմը, որ պոպուլիզմը բարեփոխում­ների լավագույն ուղեկիցը չէ: Սակայն այս պարագայում էլ անպայման չէ ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանի մեծաթիվ պատվիրակության այցն արդարացված էր, որովհետև զարգացման մոդել ուսումնասի­րելու համար ավելի կարևոր է փորձագիտա­կան, մասնագիտական խմբեր գործուղելը: Համենայն դեպս, քիչ սպասելի է, որ սինգապուրյան այցից հետո Նիկոլ Փաշինյանի հայ­տարարած տնտեսական հեղափոխությունը բովանդակություն կստանա՝ դուրս գալով կարգախոսային կաղապարից: Իսկ առայժմ տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանն անում է այն, ինչի համար ընդ­դիմադիր դիրքերից քննադատել է Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, այլ խոսքով՝ գործող վարչապետի պաշտոնական այցերն ավելի շատ տուրիստական բնույթ են կրում՝ երկրին չբերելով առարկայական օգուտներ: Նոր Հայաստանում հին ավան­դույթները շարունակվում են»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...