Վարչապետը թյուրիմացության մե՞ջ է․ «168 Ժամ»

Загрузка...

«168 Ժամ»-ը գրում է․ Վիճակագրական տվյալներով՝ Հայաստանի տնտեսությունը բարձր տեմպերով աճում է։ Բայց այդ աճն այնքան տպավորիչ չէ, ինչքան փորձում է ներկայացնել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետին լսելիս՝ տպավորություն է ստեղծվում, թե իշխանափոխությունից հետո տնտեսության մեջ իդեալական վիճակ է` փոխվել է տնտեսության կառուցվածքը, աճի բովանդակությունը, արտահանումն այլևս ավելանում է ոչ թե՝ հանքահումքային, այլ՝ մշակող արդյունաբերության, տեխնոլոգիաների հաշվին։ Ավելին, տպավորություն է ստեղծվում նաև, թե բուռն զարգացումներ են գյուղատնտեսության ոլորտում։

Գյուղմթերքների արտահանումն անգամներով է աճում։ Ոչինչ, որ ծավալները փոքր են և, ասենք` մայիսին արտահանվել է ընդամենը 700 հազար դոլարի ելակ, կարևորը՝ նախորդ տարվա համեմատ աճը հասնում է 10 անգամի։ Վարունգի արտահանումը կազմել է 1,1 մլն դոլար` աճը 5 անգամ է։ Լոլիկի արտահանումն ավելացել է 171 տոկոսով, և այսպես շարունակ։

Զարմանալին այն է, որ այս ամենի մասին Նիկոլ Փաշինյանը ոգևորված խոսում է այն պարագայում, երբ արտահանման ծավալները տարեսկզբի հինգ ամիսներին ոչ միայն չեն ավելացել, այլև մի բան էլ կրճատվել են։ Իհարկե, վարչապետը, հավանաբար սխալմամբ կամ իներցիայով, երբեմն թվեր է հնչեցնում, որոնք վիճակագրական ցուցանիշների հետ չեն համընկնում։

«Ուզում եմ արձանագրել, որ մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատ ունեցել ենք արտահանման 15 տոկոսանոց աճ, իսկ հունվար-մայիսին` 0,1 տոկոսանոց աճ»,- անդրադառնալով արտահանման վիճակագրությանը` ասում է Նիկոլ Փաշինյանը։

Փաստն այն է, որ մայիսին Վիճակագրական կոմիտեն նախորդ տարվա համեմատ՝ արտահանման 11,7 տոկոս աճ, իսկ հունվար-մայիսին` 0,9 տոկոս անկում է գրանցել։

Ու չնայած դրան, վարչապետն իր հայտարարած ցուցանիշների հիման վրա դատողություններ է անում. «Սա նշանակում է, որ մենք այս տարի արտահանման հետ կապված խնդիրները հաղթահարել ենք։ Առաջին եռամսյակի տվյալներով՝ արտահանման ոլորտում որոշակի մտահոգություններ կային, հիմա դրանք փարատված են։ Վերլուծություններ ցույց են տալիս, որ այս տարվա ընթացքում կունենանք արտահանման բավական շոշափելի աճ»։

Թե ո՞րն է վարչապետի լավատեսության հիմքը, հավանաբար ինքը կիմանա։ Մինչև այժմ հրապարակված տվյալներն այն են, որ տարեսկզբի 5 ամիսներին արտահանման ցուցանիշները քիչ, բայց դեռևս զիջում են նախորդ տարվա մակարդակին։

Ու ի՞նչն է այստեղ առավել հետաքրքիր` արտահանման նվազումը տեղի է ունեցել արձանագրված տնտեսական բարձր աճի պայմաններում։ Երևույթն առավել տպավորիչ էր հատկապես առաջին եռամսյակում. պաշտոնական վիճակագրությունը Հայաստանում 7,1 տոկոս տնտեսական աճ էր գրանցվում, իսկ արտաքին առևտրի  շրջանառությունը և հատկապես արտահանումը, բավական մեծ տեմպերով նվազում էր։

Հիշեցնենք, որ առաջին եռամսյակում արտահանման անկումը կազմեց 8,6 տոկոս։

Թվում է, թե 7,1 տոկոս տնտեսական աճի պայմաններում նման բան չպիտի լիներ։ Եթե տնտեսությունն աճում է, այն էլ՝ նման տեմպերով, պետք է ավելանա նաև արտահանումը։ Բայց արտահանումը չէր ավելանում։

Պատճառը պետք է փնտրել Հայաստանի տնտեսության աճի կառուցվածքում. տնտեսական աճը նստած է հիմնականում ոչ արտահանելի հատվածների վրա, որքան էլ կառավարությունը որդեգրել է արտահանմանը միտված քաղաքականություն։

Արտահանման վիճակագրությունը բավական կտրուկ փոխվեց ապրիլ-մայիսին։ Առաջին եռամսյակի անկումից հետո ապրիլին գրանցվեց՝ 9,9, մայիսին 14,7 տոկոս աճ։ Թերևս, դա էլ հիմք է տվել կառավարության ղեկավարին հայտարարելու, որ արտահանման հետ կապված մտահոգություններն այլևս փարատված են, և սպասվում է շոշափելի աճ։

Առաջին հայացքից վարչապետի ասածների մեջ գուցե տարօրինակ ոչինչ չկա։ Ամբողջ խնդիրն այն է, թե ինչի՞ հաշվին սկսեցին լավանալ արտահանման ցուցանիշները։

Այս հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է վերհիշել տնտեսության և արտահանման հետ կապված իրավիճակն անցած տարվա նույն ամիսներին։

Ապրիլին, երբ արդեն մեկնարկել էր Նիկոլ Փաշինյանի քայլարշավը, և դժվարություններ կային՝ ինչպես կոմունիկացիաների, այնպես էլ՝ բուն տնտեսական պրոցեսների առումով, արտահանումը Հայաստանից կրճատվեց գրեթե 13 տոկոսով` կազմելով 180 մլն դոլար։ Եվ սա՝ այն դեպքում, երբ մարտին կամ մինչև թավշյա հեղափոխություն արտահանվել էր 206,5 մլն դոլարի ապրանք։ Գրեթե նույնքան էր կազմել արտահանումը նաև փետրվարին։

Քաղաքական անկայունության հետևանքով արտահանման կրճատում տեղի ունեցավ ոչ միայն՝ ապրիլին, այլև՝ մայիսին։ Այդ ամսին հաջողվեց Հայաստանից դուրս տանել ընդամենը 171 մլն դոլարի ապրանք։ Ապրիլի 13 տոկոս անկումից հետո մայիսին այն նվազեց ևս 5 տոկոսով։

Զարմանալի չէ, որ այսքանից հետո այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին արտահանումը պիտի ավելանար։ Այստեղ ոչ մի հրաշք էլ տեղի չի ունեցել։ Նախորդ տարվա բազան էապես փոքր էր, ու դա չէր կարող չազդել արտահանման ցուցանիշի բարելավման վրա։ Ընդհակառակը` տարօրինակ կլիներ, եթե նույնիսկ այդ պայմաններում արտահանումը շարունակեր նվազել։

Թեև այնպես չէ, որ այդքանից հետո լուրջ բեկում է տեղի ունեցել։ Արտահանման ծավալներն այսօր էլ շատ չեն տարբերվում մինչհեղափոխական շրջանի զարգացումներից, և դրանում դժվար չէ համոզվել։

Այս տարվա ապրիլին Հայաստանից արտահանվել է 208 մլն դոլարի ապրանք։ Գրեթե նույնքան են եղել մատակարարումները նաև մայիսին։ Ապրիլին դուրս է տարվել՝ 28 միլիոնով, մայիսին` 37 մլն դոլարով ավելի ապրանք։

Բայց դա արտահանման իրական պատկերը չէ։ Որպեսզի հնարավոր լինի պատկերացնել, թե ինչպիսի փոփոխություն է կրել արտահանումն այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին, երբ բոլորովին այլ քաղաքական իրավիճակ է երկրում, քան անցած տարի էր, ցուցանիշները համադրենք մինչհեղափոխական շրջանի հետ։

Կստացվի, որ անցած տարվա մարտին Հայաստանից արտահանվել է՝ 206 միլիոն, այս տարվա ապրիլին կամ մայիսին՝ 208 մլն դոլարի ապրանք։ Տարբերությունը կազմում է ընդամենը 2 մլն դոլար։ Ահա սա է այն ձեռքբերումը, որ կա արտահանման ոլորտում։

Եթե այս ցուցանիշն այդքան գոհացնում է կառավարությանը, իր գործն է։ Բայց դա այն չէ, որը պիտի ոգևորի հասարակությանը կամ տնտեսության ու արտահանման հատվածի մասնակիցներին։ Իսկ որ առանձին ոլորտներում արտահանման կտրուկ աճեր կա, դեռ հիմք չէ հեռուն գնացող դատողություններ անելու համար։ Նման երևույթներ միշտ էլ լինում են, առավել ևս, չէր կարող չլինել նախորդ տարվա անկումից հետո»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...