Սպասենք «պատերա՞զմ, թե՞ խաղաղություն-2»-ին․ 7or.am

Загрузка...

7or.am-ը գրում է․ «Փաշինյանի ընտանեկան թերթը, մինչեւ կառավարության ոչ պաշտոնական խոսափողի կարգավիճակ ստանալը, իսկ ավելի կոնկրետ` 2000-2008թթ., փրփուրը բերանին հայհոյում էր նախագահ Ռոբերտ Քոչարյանին Արցախյան հիմնախնդրի կարգավորումն «արհեստականորեն ձգձգելու» համար. այն, ինչի մասին մշտապես հայտարարել է ադրբեջանական կողմը` մեզ մեղադրելով ապակառուցողականության մեջ։

Եվ մինչեւ հիմա չեն ներում «կարող ենք 100 տարի էլ ապրել շրջափակման մեջ, եթե դրա գինը Արցախն է» սկզբունքով առաջնորդվելու համար։ Գրում են` «փաստորեն այն իրավիճակը, երբ հակառակորդը, զգալով, որ ժամանակն իր օգտին է աշխատում, օրեցօր մեծացնում է իր պահանջները, տարիներ շարունակ մեր հասարակությանը ներկայացվում էր որպես հայկական կողմի փայլուն եւ հաջողված դիվանագիտություն», չնայած ակնհայտ է, որ այդ թեզն իրեն չի արդարացնում։

Ի՞նչ ասել է` «օրեցօր մեծացնում է իր պահանջները», 97-ին առաջարկված փուլայինով նախատեսվածից` նախապատերազմյան ստատուս քվոն վերականգնելուց, «օկուպացված տարածքները հայկական ուժերից ազատելուց» եւ Արցախը որպես ինքնավարություն կամ առանց դրա Ադրբեջանի կազմ վերադարձնելուց ավելի է՛լ ինչ կարող էր կամ կարող է պահանջել Ադրբեջանը, հայտնի չէ. գուցե Զանգեզուրը, Սեւանը եւ Երեւա՞նը։

Այն ժամանակներից շատ ջուր է հոսել, Փաշինյանը, ի դժբախտություն մեզ, հայտնվել է պետության ղեկին, վարչապետական հայտ ներկայացնելուց եւ վարչապետ ընտրվելուց հետո մի քանի անգամ փոխել է իր «մոտեցումները» խնդրի կարգավորման վերաբերյալ, բայց երբեւէ չենք լսել, որ ասեր` կարգավորման որեւէ տարբերակ, որով Արցախի կարգավիճակը ներկայիս դե ֆակտո անկախ կարգավիճակից ցածր կլինի, անընդունելի է հայկական կողմի համար։

Հուլիսի 5-ին հրապարակած «առաջնորդող» հոդվածով («Հետագայում Սերժ Սարգսյանը հասկացավ, թե ինչի մեջ է ներքաշվել. երկրորդ անգամ նույն պղտոր ջրում ձուկ որսացողները») «ամուսնապետական» զույգը «պաշտոնապես» ազդարարում է, որ վերադառնում է ի շրջանս յուր` վճռականորեն «այո» է ասում կարգավորման տերպետրոսյանական «տեսլականին»՝ մեղադրելով Ռոբերտ Քոչարյանին Արցախը հանձնելու «հաղթողական» ծրագիրը վիժեցնելու մեջ։

Սա մի՛ բան է նշանակում. որ Ալիեւի հետ Փաշինյանի «տետ ա տետ» հանդիպումները եւ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Բոլթոնի հետ «կոնսուլացիաները» իզուր չեն անցել`Ալիեւը Փաշինյանի գեղեցիկ աչքերի համար չէ, որ անցել էր «չկրակելու» կամ «ավելի քիչ կրակելու» մարտավարությանը. ադրբեջանական կողմի էնտուզիազմը` «մոտ ապագայում» լուծելու «օկուպացված տարածքները վերադարձնելու» հարցը, սոսկ բարի ցանկություն չէ` հստակ «ջենթլմենական» պայմանավորվածությունների արդյունք է։

Փաշինյանը, ըստ ամենայնի, պարտավորություններ է ստանձնել ադրբեջանցի «գործընկերոջ» եւ ամերիկացի տերերի առջեւ, որոնցից այլեւս խուսանավել չի կարող. ուզի-չուզի, պիտի կատարի խոստումները` նրանք էլ հո Հայաստանի «հպարտ քաղաքացիները» չեն, որ ոնց ուզենա` «ֆռռացնի»։ Քայլը արել է` պիտի խաղա։ Եվ, դատելով ամենից, պետք է դա անի մինչեւ տարեվերջ, քանի դեռ վերջնականապես չի փոշիացրել գըմփ-գըմփ-հուական «լեգիտիմության» իր ռեսուրսը։

Այնպես որ, սպասենք «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն-2»-ին, այս անգամ` Տեր-Պետրոսյանի փոխանորդ Փաշինյանի կատարմամբ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...