Հայաստանում մեկ կռիվ կա՝ գրագետների և անգրագետների պատերազմը.Վարդուհի Սիմոնյան

Загрузка...

Քաղաքական այս մանկապարտեզի բոլոր չարաճճի սաներին պետք է հավաքել խաղահրապարակներից. Հայաստանում ընդամենը մեկ կռիվ կա՝ գրագետների և անգրագետների պատերազմը, մնացած բոլոր հակասությունները սրանից են  ածանցվում։

Այսօր մարտնչող տգիտությունը ռևանշ է վերցրել, բարձրացել և նստել է քաղաքական ինստիտուտների տանիքներին և այնտեղից կրակում է երկրի մտավոր ընտրախավի վրա՝ պատանդ վերցնում նրա գիտելիքն ու էներգիան, մի փոր հացով ստիպում  իր շահերին  ծառայեցնել այն մտավոր կապիտալը, որ կարող էր մեկ-երկու տարում բարձրացնել մեր ծնկած երկիրը։

Հայաստանի առաջին խնդիրը մտքի ազատագրումն է.սա պետք է լինի մեր անելիքը, եթե ուզում ենք մեր երկիրը վերադարձնել մեզ, չքայքայել  մեր ինքնությունը, վերջապես չքշվել այս նոր քաղաքակրթությունից, որն ավելի դաժան է վարվում հենց անկյալ ու հաշմված հանրությունների հետ։

Իզուր է առանձիններին թվում, թե այսօրվա միջազգային պետավտոտեսուչները նախկին դինջ  դայակներն են և նրանց աչքից կվրիպի, որ միանգամից երկու պետականության տեր դարձած մի ժողովուրդ դուրս է եկել մտքի ուղեծրից և սավառնում է մտքից ի սպառ հերկված դաշտերում, մորե մերկ տկլորացել ու կանգնել է մկանուքը ցից և գլուխն իստակ արարածների առջև՝ թե փրկիր ինձ։ Բայց նույնիսկ Քրիստոսը  չի կարող փրկել քեզ, եթե հանձնվես տգետի  խնամակալությանը, որովհետև այդ անիծյալ տգիտությունը բազում արատների հետ նաև վարքագծի շեղումներ է իր հետ բերում՝ խելապակասության համախտանիշ, որը տարածվում է կատաղի արագությամբ և ախտահարում ամբողջ երկիրը։

Ահա թե որ դիագնոզով մեզ կհավաքեն փողոցներից, եթե շարունակենք պաչել ու գլխներիս դնել տգիտության հաղթարշավում  բոլորի ձեռուոտը ծալած չեմպիոններին, որոնք արդեն սովահար հոծ զանգվածների քաշով մեկ փող ունեն և կարող են իրենց կրճոնքի վրա էլ դիզել ու թափահարել սովից խելքը մաղած ամբոխին։ Բայց խելագարված ամբոխները չեն կարող Հայաստանին վերադարձնել  իր  շենուշնորհքը. Հայաստանն այսօր կարող է գրկել ու բարձրացնել բացառապես նոր, ժամանակակից գիտելիք կրող ուսյալ ընտրախավը, որն այսօր զարկվում է տգիտության պատին և դուրս նետվում երկրից. տգիտությունը միշտ չէ, որ զռռում է  դասական կոստյումի տակից ցցված պուրպուր «մայկայից»,  այն կարող է նաև թաքնված լինել պատշաճ դրեսկոդի տակ և քաղաքական ապաստան գտնել նաև իշխող կուսակցության տանիքի տակ։

Այնպես որ, իզուր են բոլորը մեկեն ոգևորվել և տրվել ընկածին ևս մեկ անգամ  խփելու գայթակղությանը . կուժին նետված քարը ոչ թե դատարկ  կուլեքի բերանը պիտի բացեր, այլ առնվազն նրանց մղեր ինքնաբացարկների. եթե չի հնչելու ով է հաջորդը հարցը, ապա եղածը ոչ թե տգիտության լիկվիդացիա է, այլ ընդամենը  մեկ անձի դեմ ուղղված վրիժառություն։

Հայաստանում իշխանության պետք է գա միայն նա՝ ամենազոր միտքը, և բոլորս պետք է չոքենք նրա առաջ և աղոթենք…Գտեք այդ միտքը կրողներին, ամենազգայուն այդ մարդիկ սովորություն չունեն լինել մեյդանում, փնտրեք նրանց բոլոր անկյուններում, հանեք անկողիններից… Հայաստանին ապրելու ելք տվեք, գրողը տանի…բավական է ի վերջո։

Աղբյուրը`tert.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...