Ի վերջո, Հայաստանում կոռուպցիա կա՞, թե չկա՞. կողմնորոշվեք՝ որ մենք էլ հասկանանք

Загрузка...

Վստահ եմ, որ Հայաստանում չկա մի մարդ, որ լսած կամ կարդացած չլինի վարչապետի խոսքերը այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունում այլևս կոռուպցիա չկա:

Մասնավորապես 17.08.2018թ. հանրահավաքի ժամանակ վարչապետը բեմից հայտարարել է, որ Հայաստանում կոռուպցիա չկա, սա նշանակում է, որ որևէ բարձրաստիճան պաշտոնյա կոռումպացված չէ: Եվ անձամբ երաշխավորել է, որ էլ կոռուպցիա չի լինելու: Սա հիշեք, ստորև կվերադառնանք այս հայտարարությանը:

Դրանից հետո 30.11.2018թ. հանրահավաքի ժամանակ կրկին հայտարարել է, որ ըստ էության համակարգային կոռուպցիան Հայաստանի Հանրապետությունում վերացել է: Բացի դրանից, Հայաստանի նոր իշխանության զանազան ներկայացուցիչներ տարբեր առիթներով նույնպես հայտարարել են, որ Հայաստանում այլևս կոռուպցիա ՉԿԱ: Բա եթե այդպես է, ինչպե՞ս հասկանանք հետևյալը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019թ. հունիսի 24-ի N 808-Ն որոշման համաձայն ստեղծվել է հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդ՝ ՀՀ վարչապետի նախագահությամբ, որի հիմնական նպատակը կլինի Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարը…. Այստեղ դրել եմ բազմակետ, քանի որ տարակուսանքի մեջ եմ:

Բայց ինչի՞ համար է պետք այդ խորհուրդը, եթե վարչապետը գրեթե մեկ տարի առաջ երաշխավորել է, որ նոր Հայաստանում էլ կոռուպցիա չի լինելու: Բա հիմա այս խորհուրդը, որը վստահաբար ՀՀ բյուջեյից կստանա մի կլորիկ գումար, ո՞ւմ դեմ պիտի պայքարի: Փաստորեն, այնուամենայնիվ Հայաստանում կա կոռուպցիա: Այդ դեպքում կարելի է հանգել 2 եզրակացության՝ կամ վարչապետը և իր իշխանավորները շարունակաբար ՍՏԵԼ ԵՆ ժողովրդին, կամ այս մեկ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության նորընտիր Ազգային Ժողովի կողմից ձևավորված Կառավարությունում և դրա բոլոր ստորաբաժանումներում, որտեղ փոխվեցին բոլոր ղեկավար պաշտոնատար անձինք, հայտնի չէ, թե ում թողտվությամբ, ԾԱՂԿԵԼ Է ԱՅՆՊԻՍԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ԿՈՌՈՒՊՑԻԱ, որ վարչապետը ստիպված նախաձեռնում է այս խորհրդի ստեղծումը, որպեսզի երկիրը ազատի այս աղետից: Սրանք երկու ակնհայտ եզրակացություններն են:

Կա նաև երորդը՝ այս խորհուրդը ստեղծվում է այլ նպատակներով՝ գումարներ կորզելու համար: Եվ այս խորհրդի թիրախ են դառնալու բոլոր այն անձինք, ում հարստության վերաբերյալ ՀՀ նոր իշխանության ներկայացուցիչները տևական ժամանակ տարածել են միֆեր, բայց չեն կարողացել ոչ մի բան ապացուցել: Այստեղ պետք է նշեմ, որ կոռուպցիայի դեմ պայքարը ներքին ընդհանուր թշնամու կերպարը ձևավորելու և դրա հաշվին իշխանության ղեկին մնալու լավագույն միջոցն է: Շոուն պիտի շարունակվի: Սա այսպես, հիմա անդրադառնանք բուն խորհրդի կազմին: Խորհրդի կազմում են վարչապետը (նախագահն է), ոլորտը համակարգող փոխվարչապետը, վարչապետի աշխատակազմի ղեկավարը, Արդարադատության նախարարը, փոխնախարարը, ԲԴԽ նախագահը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահը, Մարդու իրավունքների պաշտպանը, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահը, ԱԺ խմբակցություններից մեկական ներկայացուցիչ, քաղհասարակության կազմակերպությունների 5 ներկայացուցիչ:

Առաջին հինգը հասկանալի պատճառներով չեն կարող անաչառ լինել, քանի որ ներկայացնում են ներկա իշխանական համակարգը և ունեն մեկ խնդիր՝ ապահովել այդ համակարգի երկարակյացությունը: Հատկապես ուշագրավ են վերջին 5 ներկայացուցիչները: Արդյո՞ք ՀՀ քաղաքացիները կարող են վստահ լինել, որ այդ 5 հոգին կլինեն անշահախնդիր, իրականում երբևիցե իշխանության կամ բիզնեսի հետ կապ չունեցած, հայրենասեր և արդար մարդիկ: Չգիտեմ ով ոնց, բայց ես հաստատ վստահ չեմ կարող լինել: Իսկ դո՞ւք:

Նատալյա  Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...