Ի՞նչ կարող է ասել Սերժ Սարգսյանը

Загрузка...

Երեկ Առաջին լրատվականը հրապարակել է ոմն Սարգիս Արծրունու «ՀՀԿ-ի «երազախաբությունը» ու «արկածասեր» Սերժ Սարգսյանը» վերնագրով վերլուծականը:

Ինչո՞ւ ոմն՝ կբացատրեմ ստորև:

Երբ ես ստանում էի երկրորդ բարձրագույն կրթությունս, համացանցը դեռ նոր էր սկսում Հայաստանում իր ճանապարհը դեպի լայն կիրառում և դեռ չկար «հակապլագիատ» կոչվող ծրագրերը և շատ ուսանողներ օգտվելով առիթից իրենց զանազան կուրսային, դիպլոմային և այլ աշխատանքները կազմում էին ‘copy-paste’ ֆունկցիայի միջոցով: Այս հոդվածը ընթերցելիս ինձ մոտ կայուն տպավորություն ստեղծվեց, որ հեղինակը առանձնապես իրեն նեղություն չի տվել և ուղղակի տարբեր աղբյուրներից կամ իր սեփական պահոցներից ‘copy-paste’-է արել: Ուստի, ընթերցողին չձանձրացնելու համար որոշեցի պարզապես անցնել պարբերություն առ պարբերություն և փորձել գտնել ողջամտության նշույլ:

Գնացինք Հեղինակը նշում է երկու հանգամանք, որոնք, իր հեգնանքով լի խոսքերով, ոգևորել են հանրապետականներին իրենց պահանջված լինելու առումով՝ գործող վարչապետի և իր իշխանության վարկանիշի զգալի անկումը և IRI-ի հարցումների արդյունքները, ըստ որոնց ՀՀԿ-ն ունի մոտ 5 տոկոս վարկանիշ: Այնուհետև հեղինակը լղոզված կերպով գրում է, որ այս փաստերն ակնհայտորեն /ինչպիսի պաթոս/ չեն կարող հիմք հանդիսանալ ՀՀԿ-ի պահանջտված լինելու առավել ևս այլընտրանքի կարգավիճակի հավակնությունների համար:

Այստեղ ստոպ.

Արդեն մեկ տարուց ավելի է՝ սկզբում ընդդիմադիր, իսկ հետո իշխանություն դարձած «Իմ Քայլ» դաշինքը իր բոլոր ուժերը դրեց, որպեսզի հասարակությանը ներարկեն այն միտքը, թե իբր եթե ոչ նրանք /»Իմ Քայլ» դաշինքը/, ապա այլընտրանքը միայն հին, վատ, ազգադավ, կաշառակեր, և այլ զանազան ածականներով ներկայացվող ՀՀԿ-ն է: Այդ տրամաբանությունը շարունակելով հանգում ենք այն եզրակացությանը, որ եթե կա 2 տարբերակ, ուրեմն, երբ մեկի վարկանիշը ընկնում է, մյուսինը բարձրանում է, քանի որ այս առումով վակում լինել չի կարող: Դրանից հետո հեղինակի մտքի թռիչքը տանում է մեզ դեպի ինչ-որ օբյեկտիվ իրողություններ, որոնք սակայն չեն մանրամասնվում՝ ընթերցողին թողնելով տարակուսանքի մեջ:

Հաջորդիվ հեղինակը ակնարկ է կատարում այն մասին, որ մինջ օրս ՀՀԿ-ի գործունեությունը չի կասեցվել /երևի դրանով ցանկանալով ընդգծել նոր իշխանությունների մեծահոգությունը կամ ժողովրդավարության սկզբունքներին հավատարիմ լինելը/ և այն ունի ռեաբիլիտացիայի, օրինական գործունեություն ծավալելու և /Oh, My God!/ ընտրություններին մասնակցելու հնարավորություն: Ի գիտություն պիտի ասեմ, որ քաղաքական կուսակցության գործունեությունը կասեցնելը բավականին բարդ գործընթաց է և հղի է բազմաթիվ բացասական հետևանքներով երկրի ղեկին գտնվող ուժերի համար /քաղաքական հետապնդման, անարդարության և այլ մեղադրանքների տեսքով, ընդ որում, միջազգային կառույցներից/, այնպես որ ներկա իշխանությունները դա գիտակցելով պարզապես չցանկացան թաթախվել իրենց համար վտանգներ պարունակող գործընթացի մեջ, ոչ թե մեծահոգություն ցուցաբերեցին, ինչին թերևս ուզում էր ընթերցողին տանել հեղինակը:

Հատկապես ուշագրավ է «օդիոզ դեմքերի» և «քրեաօլիգարխիկ սեգմենտի» հեռացնելով ՀՀԿ-ի գործիչների կողմից ռեբրենդինգի իմիտացիայի մասին պարբերությունը: Լավ չեմ պատկերացնում, ում ի նկատի ունի հեղինակը «օդիոզ» դեմքեր ասելով: Ինձ համար օդիոզ դեմքը, օրինակ, Բորիս Ջոնսոնն է, որը իր էքսցենտրիկ պահվածքով միշտ գտնվում է ուշադրության կենտրոնում: ՀՀԿ-ում չկային և չկան օդիոզ դեմքեր, այնտեղ կան գիտակ արհեստավարժ գործիչներ: Ինչ վերաբերվում է «քրեաօլիգարխիկ սեգմենտին», ապա այո, այդ սեգմենտի մեծ մասը բարեհաջողաբար դարձավ գործարար Աննա Հակոբյանի հիմնադրամին համապատասխան վերաբերմունք ցույց տալուց հետո: Ձեզ լինի, ինչպես կասեր դասականը: Հաջորդ պարբերությունը նույնիսկ չեմ ուզում մեկնաբանեմ, քանզի արդեն բազմիցս համացանցում գրվել է այն մասին, որ Բադեն-Բադենի լուսանկարները հին են, ուստի անհասկանալի է հեղինակի անզուսպ հետաքրքրությունը Սերժ Սրագսյանի հանգստի և նրա լողազգեստի գույնի նկատմամբ:

Հիմա կազինոների մասին՝ արդեն նույնիսկ զվարճալի չէ: Մի՞թե որևէ մեկը կասկածում է,որ եթե այդ զրպարտանքները գոնե որևէ աղերս ունենային իրականության հետ, արևմուտքի պատվեր կատարող ՀՀ նոր իշխանությունը կկարողանար մինչ օրս Եվրոպական իրենց գործընկերներից ստանալ ամբողջական տեղեկություններ այդպիսի մսխումների մասին և մեղադրանքներ կներկայացներ Սերժ Սարգսյանին կամ իր թիմակիցներին դեռ անցած տարի: Նշեմ նաև, որ ՀՀ 3-րդ նախագահը բազմիցս հերքել է, որ ինքը երբևէ խաղացել է խաղատանը: Ավելին, մինչ օրս չկա որևէ ապացույց այն բանի, որ Սերժ Սարգսյանը որևէ կերպ կապված է կամ կախվածության մեջ է որևէ քրեաօլիգարխից: Եվ այս ամենը հեղինակը շարադրում է որպես ընդամենը նախաբան այն մտքին, որը վերջապես ի հայտ է գալիս հոդվածի կուլմինացիոն մասում՝ Սերժ Սարգսյանի այդքան սպասված և ահ ու սարսափ ներշնչող, բայց ուշացող ելույթը:

Գաղտնիք չէ, որ ներկա իշխանությունները ջանքեր չեն խնայում դեռ չկայացած ելույթը կանխավ արժեքազրկելու և իմաստազրկելու համար՝ ակնհայտորեն վախենալով նրանից, թե ինչ կարող է ասել Սերժ Սարգսյանը: Ամեն ինչ իր ժամանակին, տիկնայք և պարոնայք, հանգիստ նստեք տեղներդ: Արդար լինելու համար պետք է նշեմ, որ այնուամենայնիվ հեղինակը մեկ նախադասությամբ ամբողջական ձևով նկարագրում է ներկա իշխանությունների կրեդոն: Այո, անցյալի հետ հակադրության ռեժիմը ձեռնտու է Նիկոլ Փաշինյանին, որն իր իշխանության քաղաքական բովանդակության բացը լրացնում է հենց նախկինների «բոբո» կերպարով։ Երկու ձեռքով համաձայն եմ:

Հետևելով հեղինակի մտքի թելին այստեղ կհակադարձեմ՝ ԵՐԲ Նիկոլ Փաշինյանի թիմը կատարելապես ձախողվի, քանզի այն չի ծառայում ժողովրդավարության սկզբունքներին, նախորդ իշխանության կորիզը՝ այն արհեստավարժ, գիտակ և երկրի ապագայի համար սրտացավ գործիչները իրենց շուրջ միավորելով նոր ուժերը, կձևավորեն այնպիսի այլընտրանք, որը ընդունելի կլինի հայ ժողովրդի համար և կծառայի Հայաստանի Հանրապետության շահերին, ոչ թե 90-ականներին մեր հայրենիքը հիմնովին ոչնչացրած և իշխանության ծարավից դրդված ամեն կերպ այն վերադարձնելու մոլուցքով տարված ազգադավ խունտայի շահերին: Հատկանշական է, որ հեղինակը զուգահեռներ է փորձում անցկացնել Լևոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի միջև: Ինչպես կարելի է մեկ հարթակի վրա դնել Արցախի հերոս Սերժ Սարգսյանին, ով արցախյան հերոսամարտի ժամանակ զենքը վայր չի դրել և Հայաստանի Հանրապետություն տնտեսությունը դիտավորությամբ ոչնչացրած կվազի-գործչին, ով իր վրեժխնդրությունից դրդված առանց երկմտելու 2008 թվականին ժողովրդին իր երևից կանչեց փողոց, զանգվածային անկարգությունների կոչեր արեց և երբ իրավիճակը թեժացավ, փախավ իր առանձնատուն: Համեմատությունը տեղին չէ:

Սերժ Սարգսյանը դեռ ասելիք ունի Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտում և յուրաքանչյուր սթափ դատող մարդ, անկախ իր քաղաքական նախընտրություններից, պիտի դա գիտակցի: Սկզբում խոստացել էի պարզաբանել «ոմն» բառը: Պարզաբանում եմ՝ որքան փորձեցի գտնել հեղինակի լուսանկարը, չկարողացա:

Հասկանում եմ, մեր ժամանակներում ձեռք է տալիս մնալ ինկոգնիտո, որպեսզի, հանկարձ եթե հետո պետք լինի գույն փոխել, մատով ցույց չտան ու չասեն՝ բա դու չէի՞ր, որ սենց բաներ էիր գրում: Եվ վերջինը՝ զանազան օտարածին բառերով «համեմված» հոդվածը չի դառնում ավելի ծանրակշիռ: Ես դրանք դիտավորյալ օգագործեցի այստեղ, որպեսզի ընթերցողին հեշտ լինի կողմնորոշվել իմ և հեղինակի հոդվածները ընթերցելիս, բայց դե մի արեք այդպիսի բան, պարզապես մի արեք…

Նատալյա Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...