ԵԽԽՎ-ն ՀՀ իշխանություններին կոչ է անում ապահովել ԼԳԲՏ անձանց անվտանգությունն ու ազատությունը.168.am

Загрузка...

«ՀՀ Իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեն LGBTI անձանց բռնությունից և խտրականությունից պաշտպանելու համար»,- հուլիսի 3-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 29 պատվիրակ  նման վերտառությամբ հայտարարություն է տարածել՝  անդրադառնալով  ՀՀ-ում LGBTI անձանց իրավունքների պաշտպանության իրավիճակին ու ձեռնարկվելիք քայլերի անհրաժեշտությանը։

Ուշագրավ է, որ հայտարարության տեքստը հեղինակել է վերջերս ռուսական պատվիրակությանը ԵԽԽՎ վերադարձրած մեծ աղմուկ բարձրացրած բանաձևի հեղինակ,   բելգիացի պատգամավոր Պետրա դը Սութերը։ Հայտարարությունը ստորագրողները, հիշեցնելով Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարի՝ Հայաստանի վերաբերյալ   վերջին զեկույցը, արձանագրում են՝ զեկույցը հստակորեն արտացոլում է՝  LGBTI անձանց իրավիճակը ՀՀ-ում  Եվրոպայի շրջանում ամենավատն է։

Հայտարարության համաձայն՝ իրավիճակի ծանրության ցուցիչներից մեկն այն է, որ 2018 թվականի նոյեմբերին  Արևելյան եվրոպական և Կենտրոնական ասիական LGBTI անձանց և քրիստոնյաներին նվիրված ֆորում-կոնֆերանսը չեղարկվեց մահվան սպառնալիքների, այդ թվում՝ հանրային գործիչների կողմից ատելության հրահրման և մասնակիցների անվտանգությանն առնչվող մտահոգությունների պատճառով։

«Այս ամենն ամեն տարի LGBTI անձանց իրավունքների տասնյակ խախտումների մասին հ/կ-ների զեկույցների ֆոնին»,- ասված է հայտարարության տեքստում։ ԵԽԽՎ պատվիրակներն արձանագրում են, որ ՀՀ իշխանությունները ձախողում են այս մտահոգություններին արձագանքելու հարցում, չնայած միջազգային իրավապաշտպան մարմինների առաջարկություններին։ Ըստ հայտարարության, ոչ խտրականության դեմ օրենսդրություն է պատրաստվում, ոչ էլ գործող ատելության խոսքի/հանցագործության օրենքում է հատուկ կերպով նշվում սեռական կողմնորոշման կամ սեռական ինքնության մասին։

«Մենք ՀՀ իշխանություններին կոչ ենք անում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ ապահովելու համար անվտանգություն և ազատություն LGBTI անձանց խտրականությունից։ Սա պետք է ներառի LGBTI անձանց ուղղված ատելության խոսքի և բռնության հրապարակային քննադատություն, ատելության խոսքի, ատելության վրա հիմնված հանցագործությունների և հակախտրականության օրենսդրության մշակում սեռական կողմնորոշման և սեռական ինքնության հարցի հատուկ ներառմամբ, ինչպես նաև թրեյնինգներ իրավապահ մարմինների պաշտոնյաների և դատավորների համար»,- ասված է հայտարարության տեքստում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...