«Սպիտակների» ինքնահռչակումը.Գարեգին Պետրոսյան

Սպիտակների ինքնահռչակումը : Կամայականության ժամանակաշրջանը

Վահե Գրիգորյանի ՍԴ դատավորի թեկնածուի առաջադրման և ընտրության հետ կապված կանխատեսելի մտավախություններն իրենց երկար սպասեցնել չտվեցին : Երբ ամեն բան արվում է կամայաբար, ցինիզմն անմիջապես վեր է ածվում օրինաչափության: Հենց Ցինիզմի հերթական դրսևորում էր ՍԴ նախագահի պաշտոնում Վ. Գրիգորյանի ինքնահռչակումը: Անհեթեթ այս արարքի նույնքան անհեթեթ պարզաբանումը, ակնհայտ էր, որ իշխանության ամենաբարձր մակարդակում կայացված քաղաքական համաձայնության արդյունք էր :

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչու՞ հանկարծ որոշեցին հենց հիմա գնալ կամայական ճանապարհով : Ինչու՞ Սահմանադրության ուժի մեջ մտնելուց միայն 14 ամիս անց հասկացան, որ ՍԴ անդամը դատավորի կարգավիճակ չունի, ինչու՞ են ՍԴ 9 անդամները`այդ թվում նախագահը, ավելի քան մեկ տարի Փաշինյանի կառավարության կողմից վարձատրվել յուրաքանչյուրն ամսական 1 մլն դրամ աշխատավարձով, ինչու՞ է ավելի քան մեկ տարի պետբյուջեից տասնյակ միլիոնների հատկացումներ կատարվել ՍԴ տեխնիկական և սպասարկաման ծախսերի համար : Ինչու՞ է այդպիսով մի քանի հարյուր միլիոն դրամի կանխամտածված վնաս պատճառվել պետությանը : Ո՞վ է այս խայտառակ իրողության պատասխանատուն : Եվ վերջապես, արդյո՞ք այդպիսով հակաիրավական է ճանաչվում վերջին 14 ամիսների ՍԴ ծավալած ամբողջ գործունեությունը, եթե այո, ապա չեղարկվելու՞ է այն, թե՞ ոչ : Կամ եթե կառույցի անդամներն ու նախագահը իրավազոր չեն, ինչու՞ այդ մասին ժամանակին չէին բարձրաձայնում իշխանության «կարկառուն» իրավագետներն ու նույն ինքը` Վահե Գրիգորյանը : Ո՞վ է կանգնած այս ոչ լեգիտիմ գործարքների և քաղաքական սպեկուլիացիաների հետևում :

Իսկ գուցե՞ «հեղափոխության» ընթացքն է կանխատեսելի ուղուց շեղվել` կապված երկրորդ նախագահի առաջնորդությամբ ընթացող զարգացումների հետ: Այս, տարբերակը, կարծում եմ ամենահավանականն է, ինչն ամբողջությամբ պայթեցրել է թավշյա իշխանությունների ժողովրդավարության իմիտացիան, առաջ բերել սահմանադրա-իրավական դաշտում գործելու անզորություն:
Այո, հենց անզորություն, որովհետև անզորությունից է ծնվում կամայականությունը : Կամայականությունը ծնվում է այն ժամանակ, երբ օրենքի դաշտում պայքարի հեռանկարը դառնում է մշուշոտ :
Զավեշտ է, բայց անգամ Դանիել Իոանիսյանին էր ապշեցրել Վահե Գրիգորյանի ինքնահռչակման , ՍԴ-ն իշխանական քաղաքականության ուղղակի ազդեցությանը ենթարկելու հանգամանքը : Թեև ողջամիտ մարդկանց մոտ իշխնության գործողությունները վաղուց որևէ զարմանք չեն հարուցում: Դեռևս հրապարակի հարթակից Փաշինյանն էր հայտարարում.« կամ ես պետք է լինեմ վարչապետը, կամ երկիրը վարչապետ չի ունենալու», «կա՞ արդյոք այդպիսի դատավոր, որն իմ ասածը չանի»: Նման ընտրանքային ու կամայական վարքագծի տրամաբանության դրսևորում էր նաև այն, որ անուղղակի հասկացնել տվեց Նախագահին` կամ Վահե Գրիգորյանը պետք է առաջադրվի ՍԴ դատավորի թեկնածու, կամ որևէ այլ թեկնածուի օգտին չի քվեարկվեկլու:

«Սպիտակների» ինքնահռչակմամբ Հայաստանը թևակոխել է կամայականության ժամանակաշրջան, որտեղ ցանկացած գործիքակազմի կիրառում արդարացված է նպատակին հասնելու համար : Այսօր կասկած չի հարուցում այն, որ իշխանությունն ամեն կերպ արհեստականորեն առաջ է բերում սահմանադրական ճգնաժամ, որպեսզի իր ուզած ձևով խմբագրի երկրի «իրավակարգը», որտեղ կլինի կենտրոնացված ուժեղ գործադիր ապարատ և գրպանային բնույթ ունեցող օրենսդիր և դատական համակարգ : Բայց ուզելը մի բան է, հաջողելն այլ բան :

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իշխանությունը դիմում է գործողության, որի հետևանքները որևէ կերպ կանխատեսելի չեն:

Քաղաքագետ  Գարեգին Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով