Սեւ հագնելը վտանգավոր է դառնում: Մի դերասանով կրկեսը շարունակվում է

Загрузка...

Հայհոյանքի, ատելության, բռնության հոտը հասավ Նիկոլ Փաշինյանին, ով իր հռետորիկայով եւ պահվածքով արդեն մեկ տարի է երկրում ցանում է անհանդուրժողականության, ատելության սերմեր, որոնք արդեն ծիլեր են տալիս հակազդման օրենքով: Երկրորդ օրն է Նիկոլ Փաշինյանը խոսում է բռնության անթույլատրելիության մասին:

Այսօր կառավարության նիստին վարչապետը շարունակեց հանրության գունաբաժանումը: Նիկոլ Փաշինյանին, ով «թավշյա եւ սիրո» լոզունգներով բաժանեց հանրությանը սեւերի եւ սպիտակների, համահարթեցնելով ողջ համակարգը՝ թալանչի, մարդասպան, գող, ավազակ հայտարարեց հազարավորներին, «ասֆալտին փռելու» եւ «պատերին ծեփելու» ակցիաներ կազմակերպեց, փողոցային խուժանի միջոցով գրոհեց ԱԺ պատգամավորների եւ նրանց ընտանիքների վրա՝ ամենավերջին հայհոյանքներով եւ սպառնալիքներով, ում աջակիցները փողոցում հարձակվեցին թոռների հետ շրջող պապի վրա, կոչ արեցին «ջարդել Բակո Սահակյանի գլուխը»,  դեռ երեկ հարձակվել էին ՍԴ դատավորի վրա, ոչ ավել, ոչ պակաս անհանգստացել է Երեւանում շրջող սեւազգեստ մարդկանց ներկայությունից: Եւ փոխանակ բռնության դեմ կոչերը ընդհանրական հնչեն, երկրի բարձրագույն պաշտոնյան դարձյալ թիրախավորում է նրանց, ովքեր իրենը չեն: Այս անգամ վարչապետի ուղերձը ՀՅԴ-ին է ուղղված: Հիշեցնենք, Դաշնակցությունը բռնության դեմ բռնությամբ ակցիա կազմակերպեց:

Այսպես, Փաշինյանն ԱԱԾ տնօրենին եւ ոստիկանապետին դիմելով՝ նշել է, թե մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցավ ոչ բռնի թավշյա, հեղափոխություն, ինչից հետո մի շարք ուժեր, այդ թվում կոռուպցիոն համակարգի հետ ուղղակի կամ անուղղակի կապ ունեցող, փորձեցին իրենց համար ՀՀ-ում քաղաքական գործունեության որոշակի դաշտ ստեղծել, ինչը բնական է ու նորմալ ժողովրդական երկրի համար:

«Մեկ տարվա փորձերի ու գործունեության արդյունքում այդ ուժերը վերջնականորեն հասկացան, որ անդառանալիորեն հայտնվել են քաղաքական լուսանցքում և վերջին շրջանում մենք տեսնում ենք, որ որոշ շրջանակներ որոշել են ՀՀ-ում իրականացնել բռնության և բռնության քաղաքական լեգիտիմացման քարոզ: Այս առումով նույնիսկ տեղի են ունենում կազմակերպված ակցիաներ, որի հիմնական ասելիքն այն է, որ իրենք պատրաստ են Հայաստանում բռնությամբ քաղաքական հարցեր լուծել: Այս ասելիքը, հռետորիկան աստիճանաբար ավելի կազմակերպված բնույթ է ստանում:

Մենք օպերատիվ տեղեկությունենր ունենք, որ այդ շրջանակների որոշ հատվածը որոշել է սևազգեստ մարդկանց խմբեր ձևավորել, ովքեր քաղաքում կշրջեն, կփորձեն որոշակի տրամադրություն ստեղծել, լկտի պահվածքով աչքի ընկնել և այլն: Այս ամենի համատեքստում ես ուզում եմ արձանագրել՝ այն երկրում որտեղ հաղթել է ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը, որտեղ տեղի են ունենում բռնության կոչեր, իրավապահ համակարգը չի կարող լինել թավշյա, այն պետք է շատ կոշտ հակահարված տալ բոլոր նման երևույթներին՝ սկսած այն երևույթից, որ Երևանի Ազատության հրապարակն ինչ-որ ժամի ինչ-որ մարդիկ փորձոում են դարձնել երթևեկելի գոտի, ավտոմեքենաներով մտնում են ու ճռիկներ անում:

Ավտոմեքենաներ են վարում մայթերով: Սա արվում է ցույց տալու համար, որ երկրում իբր հաստատված է անիշխանություն, չկա իրավակարգ, կամ թույլ է: Ես ուզում, եմ արձանագրել, որ նման դեպքերում ՀՀ իրավապահ համակարգը խնդրին պետք է վերաբերի ոչ թե որպես երթևեկության խախտման, այլ արհամարհանքի հանրության, օրինականության և պետական համակարգի նկատմամբ:

Այդ հարցով պետք է զբաղվի ոչ միայն ՃՈ-ն, այլ հասարակական կարգի և անվտանգության ուժերը, որ նման պահվածքով հանդես եկող ցանկացած անձ լրջորեն փոշմանի իր կատարած արարքի համար»,-ասաց վարչապետը:

Ինչ վերաբերում է սևազգեստ մարդկանց, Փաշինյանը նշեց, որ նրանց պետք է տեղորոշել, սև շորերի հարցը լուծել, ծաղկավոր բաբչկան կապել և ճանապարհել քաղաքակիրթ օրինական կյանք:

Վարչապետը նշեց, որ վերոնշյալն ազգային անվտանգության խնդիր է: Նա նաև քննադատեց բռնության քարոզը՝ անկախ նրանից, թե ով է այն անում. «Բռնության քարոզ անողը հաջորդ անգամ բերանը բացելուց առաջ պետք է ստանա կոշտ հակահարված: Նրանք պետք է 10 անգամ մտածեն բերանները բացելուց առաջ, եթե դրանից հետո գնան նման գործողությունների 10 անգամ պետք է հակահարված ստանան: Այդ հակահարվածը չպետք է լինի թավշյա, այն պետք է լինի երկաթյա»:

Ոստիկանապետն ու ԱԱԾ տնօրենը հայտարարեցին, որ խնդիրը պարզ է:

Հ.Գ. Հետաքրքիր է իրավապահներին հրահանգ իջեցնող Փաշինյանը հիշո՞ւմ է՝ ինչպես էին միասեռականները ծեծի ենթարկում ոստիկաններին,  ինչպես ոստիկանասպան տեռորիստներին իր թեթեւ ձեռքով ազատություն շնորհվեց, ինչպես իր հրահանգով վերջնականապես փորվեց դատական իշխանության գերեզմանը:

Գուցե իսկապես եւ վերջապես վարչապետը մտածի, նոր խոսի: Առանց այդ էլ անիշխանության օրեցօր ավելացող ալիքը թիկունքին զգացող հասարակությունը հոգնել է պերմանենտ հեղափոխությունից: Կարիք չկա պարբերական դարձած վարչապետկան նյարդային պոռթկումները հրապարակային դարձնել: Աշխատեք վերջապես լուռ, արդարացրեք մարդկանց սպասումները:

Եւ ուրեմն համբերությամբ շարունակենք դիտել մեկ դերասանի կրկեսը:

henaran.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...