Ավելի քան 400 քաղաքացի է Հրազդանից բերվել Աբովյանի երթին. մարզային իշխանությունները կեղծում են.Politik.am

Մայիսի 5-ին ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանն Աբովյանում մասնակցում էր նախընտրական երթին՝ hաջակցություն ՔՊ-ից քաղաքապետի թեկնածու առաջադրված Գրիգոր Գուլյանի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Կոտայքի մարզային իշխանությունները՝ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ, ցանկանում են ազդել Աբովյանի բնակիչների որոշման վրա: Որպեսզի վարչապետի մասնակցությամբ երթը մարդաշատ երևար՝ մարզային իշխանությունների հրահանգով մարզկենտրոն Հրազդանից ցուցարարներ էին բերվել Աբովյան քաղաք: Այս մասին Politik.am-ին տեղեկացրեց Հրազդան քաղաքի բնակիչը, ով նույնպես մասնակցել է երթին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քաղաքացին, ով չցանկացավ ներկայանալ, Politik.am-ի հետ զրույցում պատմեց, որ Հրազդանից Աբովյան եկող քաղաքացիների թիվը մոտ 400 է եղել. «Մոտ հարազատս մարզպետարանում ա աշխատում, խնդրեց, որ գնամ: Իր խնդրանքով մեր մի քանի այլ բարեկամներ էլ էին միացել մեզ: Հրազդան քաղաքից էդ օրը շատ մարդ եկավ, ու ոնց հասկացա, բոլորին էլ խնդրել էին գալ իրենց տարբեր պաշտոններ զբաղեցնող բարեկամները: Երթի մասնակցիների մեծ մասը մեքենաներով են տեղափոխվել, որ ավտոբուսների մեծ շարժ չերևա»:

Տեղեկատվության առնչությամբ փորձեցինք կապ հաստատել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ, սակայն նա մեր զանգերն անպատասխան թողեց: Իշխանության թեկնածու Գրիգոր Գուլոյանը ևս չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով