Դատապարտում եմ «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսի խափանման փորձը, այն կազմակերպող ՀԿ-ն նախարարության գործընկերն է. Զ. Բաթոյան

Загрузка...

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը դատապարտում է «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսի տապալումը:

Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Խստորեն դատապարտում եմ այսօր «Բուկինիստ» սրճարանում տեղի ունեցածը, երբ փորձ է արվել խափանել «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ի կազմակերպած «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսը: Մի գրքի, որի նպատակն է կանխարգելել երեխաների նկատմամբ սեռական բռնությունը։

Քննչական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2017 թվականին քննված սեռական բնույթի 161 հանցագործություններից 101-ը երեխաների նկատմամբ է եղել։

Բռնության դեմ պայքարի ամենաարդյունավետ ճանապարհը կրթությունն է։ Առանց ծնողների և երեխաների իրազեկությունը բարձրացնելու անհնար է պաշտպանել նրանց։ Վերը նշված կազմակերպությունը նախարարության միակ գործընկերն է, որը Հայաստանում մատուցում է մասնագիտացված ծառայություններ սեռական բռնության ենթարկված անձանց:

Կազմակերպության ջանքերով 2013 թ. ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարվեցին, և ավելի խիստ պատասխանատվություն սահմանվեց անչափահասների նկատմամբ սեռական բռնության հանցագործությունների համար:

Մեր գործընկեր կազմակերպությունները, որոնք աջակցում են մեզ մեր պարտավորությունները իրականացնելու հարցում, պիտի կարողանան իրենց դժվար աշխատանքն անել մի միջավայրում, որտեղ չկա բռնություն կամ բռնության սպառնալիք իրենց և իրենց ընտանիքի անդամների նկատմամբ:
Բռնությունը չարիք է, իսկ անտեղյակությունը և ապատեղեկատվության տարածումը` պարարտ հող չարիքի արմատավորման համար»,-գրել է նախարարը:

Հիշեցնենք, որ երեկ մի խումբ ակտիվիստներ տապալել են «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսը, որը, նրանց պնդմամբ, մանուկների շրջանում այլասերում է տարածում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...