«Ռեստարտ» նախաձեռնության խմբի անդամները կասկածվռւմ են ոչ թե խուլիգանության, այլ ՀՀ նախկին ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանին առեւանգելու փորձ կատարելու մեջ:
«Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում «Ռեստարտ» նախաձեռնության համակարգող Դավիթ Պետրոսյանը նշեց, որ պատրաստ են օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն կրել, սակայն ոչ առեւանգման համար:«Չենք ընդունում առևանգման մասին հոդվածը, որով քրեական գործ է հարուցվել, քանի որ որևէ մեկինառևանգելու նպատակ չենք ունեցել»,- նշեց նա: Մեր դիտարկմանը, թե քրգործը հարուցվել է խուլիգանության հոդվածով` Դավիթը պատասխանեց. «Վերջին քննության ժամանակ քննիչը մեզ ասել է առևանգության հոդված»:
«Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան` ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը պարզաբանեց, որ «Ռեստարտ»-ի անդամների և Նարեկ Մալյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից): «Սակայն, վերջիններս երկու օր առաջ հարցաքննվել են առևանգման փորձ կատարելու կասկածանքով, և խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Մեղադրանք առայժմ չկա»,- տեղեկացրեց Արևիկ Խաչատրյանը:
Դավիթ Պետրոսյանը, անդրադառնալով մեր հարցին, թե արդյոք հանցագործություն կազմակերպելու հատկանիշներ չեն տեսնում ֆեյսբուքյան օգտատերերից մեկի այն հայտարարությունում, ըստ որի՝ պատրաստ ենխոշոր գումար վճարել իրեն աղբամանը նետելու դիմաց, պատասխանեց. «Իմ կարծիքով` դա ուղղակի չստացված հումոր էր: Թող փորձվեն…»: Ըստ «Ռեստարտի» համակարգողի` նախաձեռնության անդամները սպառնալիքներ չեն ստանում, և այդ առումով ամեն ինչ կարգին է: Իրենց ավելի շատ վերբալ բռնության հետ կապված օրենսդրական դաշտի բացն է անհանգստացնում. «Հայհոյանքի ու ատելության խոսքի առումով օրենսդրական բաց կա: Մենք այդ ուղղությամբ շուտով աշխատանքներ ենք սկսելու, որ այլևս նման անօրեն վիճակ չլինի: ԱԺ-ում քննարկումներ կան, տեսնենք` ինչ է կատարվում, ըստ դրա` կհասկանանք կոնկրետ ինչ անել»,- ասաց Դավիթը:
Միջադեպից հետո եղած արձագանքներին առանձնապես չի հետևել և չգիտի` «Ռեստարտի» վարկանիշը դրա հետևանքով բարձրացել է,թե իջել, բայց նշեց, որ իրենց գործունեությունը հանրային կարծիքի համար չէ: «Առաջնայինը ոչ թե հանրային կարծիքն է, այլ մեր խղճի հանգստությունը: Մենք մեր սկզբունքներին համապատասխան ենք գործում, մնացածը թող մարդիկ ասեն»,-նշեց «Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության համակարգող Դավիթ Պետրոսյանը: