Առաջնայինը մեր հանրության, մեր քաղաքացու գնահատանքն է․Աշոտ Ահարոնյան

Մեր վարչությունը 25 տարեկան է

Հայաստանի Հանրապետության ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը 25 տարեկան է. քառորդդարյա կենսագրություն, որ սկսվեց 1994 թվականի մարտին՝ ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանով: Իսկ նախափորձն ավելի վաղ էր՝ 1990-ին, երբ կազմավորվեց նախարարության լրատվական խումբն ու սկսեց հրատարակվել ՙ02՚ շաբաթաթերթը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինքնիշխան պետականաշինության, պատերազմի, ներքին կարգուկանոնի հաստատման մարտահրավերների առջև հայտնված երկրի գլխավոր հիմնասյուներից էր ներքին գործերի նախարարությունը, որի խոսքն ու գործը հանրությանը հասցնելը առավել քան առաջնահերթություն էր դառնում: Այս սկզբունքը դրվեց հանրապետության առաջին գերատեսչական լրատվական կառույցի հիմքում՝ լուսաբանել ՆԳ մարմինների գործունեությունը, նպաստել հանրային իրավագիտակցության ձևավորմանը, ամրապնդել հասարակություն-ոստիկանություն կապը: Այդ սկզբունքը հիմնարար է նաև այսօր, երբ լրատվության վարչությունը իրավապահ կառույցի հետ միասին անցել է կայացման ու զարգացման բոլոր փուլերով, ունեցել և ձեռքբերումներ, և բացթողումներ, իր մասը բերել հանցավորության դեմ պայքարին ու հասարակական կարգի ապահովմանը:

Այս տարիներին վարչությունը, ոստիկանության ղեկավարության աջակցությամբ, հետևողականորեն կատարելագործել է անձնակազմի պրոֆեսիոնալ որակները, աշխատանքային պայմանները, տեխնիկան, լրատվական կարողությունները:
Քսանհինգ տարի առաջ ընդամենը ՙ02՚ հաղորդումով ու շաբաթաթերթով սկսած հասարակայնության հետ կապի ու լրատվության վարչությունն այսօր հանրապետության երեք վարկանիշային հեռուստաընկերություններով հեռարձակում է նաև ՙՀերթապահ մասի՚ ամենօրյա թողարկումները, ՙԿիրակնօրյա հերթապահ մաս՚ -ի եւ ՙ1 02՚ հաղորդումները, շաբաթական ռադիոթողարկումները հանրային ռադիոյի եթերում, գործում են պաշտոնական կայքէջը եւ պաշտոնական էջերը սոցիալական էջերում, զանգվածային լրատվամիջոցների հետ սերտ համագործակցությամբ ապահովվում է լրահոսի հրատապությունը, հանրությանը ծառայություններ մատուցող ոստիկանական ստորաբաժանումներին աջակցում համացանցային ծրագրերի կիրարկման գործում, ճանաչման ներկայացվող կասկածյալների, հետախուզվողների, անհետ կորածների վերաբերյալ մշտական տեղեկատվությամբ մասնակցում օպերատիվ ծառայությունների աշխատանքին:

Եվ այս ծավալուն ու բազմակողմ աշխատանքի ուղենիշը կրկին նույնն է՝ ոստիկանության գործունեության հանդեպ հանրային վստահության ամրապնդում, հասարակական իրավագիտակցության բարձրացում, քաղաքացու հետ հետադարձ կապի ապահովում, որն իրականացվում է ՙթեժ գծերի՚, թեմատիկ ուղիղ կապի, քաղաքացիների հարցադրումների սպառիչ ու մասնագիտական պատասխանների և այլ եղանակներով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս աշխատաոճի հիմքում ոչ միայն լրատվության վարչության բազմամյա փորձն է՝ բազմապատկված արդեն երրորդ սերնդի որոնումներով ու արդիական մտածողությամբ, այլև արտերկրյա համանման ծառայությունների հետ երկարամյա համագործակցությունը, մասնագետների մասնակցությունը միջազգային համաժողովներին, դասընթացներին, փորձի փոխանակման տարատեսակ միջոցառումներին: Եվ գնահատանքն էլ հաճախ միջազգային է. հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը բազմիցս հաղթող է ճանաչվել հեղինակավոր միջազգային մրցույթներում ու փառատոններում՝ ներկայացնելով Հայաստանի ոստիկանության գործունեությունն ու ձեռքբերումները:

Եվ այնուամենայնիվ, առաջնայինը մեր հանրության, մեր քաղաքացու գնահատանքն է: Ե՜վ օրեցօր աճող վստահությունը ոստիկանության հանդեպ, և՜ քաղաքացիների հետ համագործակցությունը կոռուպցիայի, կաշառակերության, ապօրինությունների դեմ պայքարում, և՜ առարկայական ու արդյունավետ փոխգործակցությունը քաղաքացիական հասարակության կառույցների հետ վկայում են, որ ճիշտ էին աշխատանքի քսանհինգամյա ուղենիշն ու սկզբունքը. ոսիկանությունը ծառայում է օրենքին ու քաղաքացուն, և այս առաքելության հաջողությունն անհնարին է առանց հասարակության հետ սերտ համագործակցության, քաղաքացու վստահության, համաժողովրդական հավատի, որ արդարությունը պաշտպանված է:

Սրան էր միտված ոստիկանության լրատվական ծառայության աշխատանքը ու շարունակվելու է հաջորդ քսանհինգամյակներում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով