«Շտապ պետք է ձեւավորել ազգային փրկության կառավարություն». Հ. Բաբուխանյան (Տեսանյութ).iravunk.com

Загрузка...

«Շտապ պետք է ձեւավորել ազգային փրկության կառավարություն». Հ. Բաբուխանյան (Տեսանյութ)

Իրավունք TV»-ի «Ուրբաթ իրիկուն» հաղորդաշարի շրջանակում ՍԻՄ կուսակցության նախագահ, ԱԺ մի քանի գումարման պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հետ ամփոփել ենք շաբաթվա գլխավոր իրադարձությունները: Եվ, իհարկե, նախեւառաջ անդրադառնալով արցախյան հիմնախնդրի շուրջ զարգացումներին:

— Պարոն Բաբուխանյան, Ստեփանակերտում կայացավ ՀՀ եւ Արցախի անվտանգության խորհրդի համատեղ նիստը, որի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ արցախյան հիմնախնդրի շուրջ իր տեսլականի մասին, ինչը ոչ միանշանակ ընդունվեց քաղաքական եւ քաղաքագիտական շրջանակների կողմից: Դրան էլ նախորդել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, որը ոչ պակաս մտահոգիչ էր: Ի՞նչ վտանգներ եք Դուք տեսնում:

— Վտանգ, իսկապես, տեսնում ենք, մասնավորապես կապված այն գործընթացների հետ, որոնք կարելի է կոչել հետընթաց՝  նախկինում ունեցած մեր դիրքերից: Նախ շատ վտանգավոր տերմին օգտագործեց Նիկոլ Փաշինյանը՝ ասելով՝ Հայաստանի եւ Արցախի ժողովուրդ, այդպիսի ժողովուրդներ չկան, կա մեկ հայ ժողովուրդ եւ կա հայ ժողովրդի արցախյան հատված: Հետեւապես չի՛ կարելի այդպիսի տարանջատումներ մտցնել: Եվ երկրորդ՝ չի՛ կարելի այս ամբողջ գործընթացի մեջ ներգրավել, այսպես կոչված, «Արցախի ադրբեջանական հատված» հասկացողությունը, չկա այդպիսին: Եթե մենք հիմա սկսենք խոսել «Արցախի ադրբեջանական հատվածի մասին», այդ դեպքում պարտադիր պետք է խոսենք Շահումյանի, Գանձակի եւ այլ հայկական հատվածների մասին: Սա շատ երկար եւ նույնիսկ անվերջ խոսակցություն է: Բացի այդ, չի բարձրացվում այն տարածքների հարցը, որոնք բռնազավթվել են թե՛ Հայաստանի հանրապետությունից՝ խոսքը Արծվաշենի հատվածի մասին է, եւ թե՛ Արցախի հանրապետության տարածքից, որը մի շարք տարածաշրջաններ է  ընդգրկում: Եթե քննարկումը փախստականների վերադարձի հետ է կապված, անպայման առաջնահերթ պետք է խոսվի Գետաշենի եւ Շահումյանի շրջանների այն քաղաքացիների մասին, ովքեր իրենց ունեցվածքը կորցրել են Դաշտային Ղարաբաղում: Այսինքն՝ հարցեր կան, որոնց մասին պետք է խոսել, պետք է բարձրաձայնել եւ պահանջել այդ հարցերի լուծումը:

Մեզ անհանգստանցում է այն, որ Փաշինյանն, ըստ էության, խոսում է այն մասին, որ պատրաստ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջ քաշած վեց ենթակետերի ճանապարհով գնալ: Սա ճանապարհ է դեպի անհասկանալի է, թե ուր: Այն, ինչ տեսնում ենք, ճանապարհ է դեպի կործանում: Կարծում եմ՝ Հայաստանի իշխանությունները պետք է շատ կտրուկ պահանջ դնեն եւ, ըստ էության, այդ փուլային տարբերակից, որից մենք հրաժարվել ենք դեռեւս 1997 թվականին, պետք է անցնել փաթեթային տարբերակի: Խնդրի լուծումն Արցախի ինքնորոշման միջազգային ճանաչումն է, մեր կուսակցության տեսակետից՝ Արցախի վերամիավորման վերջնական եւ միջազգային ճանաչումը: Բայց, ցավոք, մենք չենք լսել Փաշինյանի կողմից այդպիսի պահանջ՝ միջազգային ճանաչում, վերամիավորում կամ գոնե Արցախի անկախություն, ապա ուրեմն՝ սա ճանապարհ է դեպի մեծ կորուստներ:

— Արցախի ԱԺ «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանն «Իրավունքի» հետ զրույցում ասել էր, որ արցախյան հիմնախնդրի հետ կապված ՀՀ իշխանությունների դիրքորոշումը մի տեսակ լղոզված է, հստակցեցված չէ: Ըստ Ձեզ, այսօր, իսկապե՞ս, խնդրի վերաբերյալ իշխանությունը հստակ հայեցակարգ չունի:

— Այո, շատ է լղոզվածությունը, բայց մյուս կողմից նկատվում է, որ Փաշինյանն իր հոգու խորքում կամ իր հաշվարկների մեջ արդեն հաշտվել է այդ կործանարար ծրագրի հետ եւ դիմադրելու կամ ինչ-որ տեղ նաեւ նախահարձակ լինելու կարողություն չունի եւ չի տեսնում: Ավելին՝ ինչ-որ կատարվում է այսօր Հայաստանում՝ այդ ներքին պառակտումը, պատերազմող ազգի համար ինքնաոչնչացման ճանապարհ է: Հասարակության ներսում սեւ ու սպիտակի բաժանումները, անիմաստ բախումները, միմյանց գրեթե ոչնչացնելու պատրաստ խմբերի ձեւավորումն ավելի քան վտանգավոր է: Ընդ որում՝ ավելի վտանգավոր է, քան արտաքին թշնամու հարձակումը երկրի վրա, որովհետեւ եթե մենք լինենք միասնական, լինենք պատրաստ ազգովի գնալ պաշտպանելու մեր երկիրը, ոչ մի թշնամի մեզ չի կարող պարտադրել այնպիսի լուծումներ, ինչի մասին մեզ ասում են՝ հանձնել հողեր անորոշ ապագայով եւ այլն: Ցավոք, վերջին մեկ տարին Փաշինյանը եւ իր կողմնակիցները, բացի նրանից, որ ապօրինի զավթեցին իշխանությունը երկրում, դրանից հետո շարունակում են երկրի ինքնաոչնչացման, ինքնակործանման ճանապարհով տանելու իրենց քաղաքականությունը եւ իմ կարծիքով՝ հենց իրենք էլ կլինեն դրա զոհը: Ուստի՝ իմ խորհուրդն է Փաշինյանին, որովհետեւ այդտեղ ուրիշ մեկը չկա, որին կարելի է խորհուրդ տալ, շատ արագ հետ կանգնել այդ ճանապարհից, գնալ դեպի ազգային համաձայնության կառավարության ստեղծում, դուրս հանել կառավարությունից բոլոր սորոսականներին, Թրանսփարենսի ինթերնեյշնլականներին եւ այլ գրանտակերներին եւ ձեւավորել ազգային փրկության, ազգային համերաշխության եւ համաձայնության կառավարություն ու դիմագրավել այն արտաքին վտանգներին, որոնք այսօր իրապես ծառացած են են մեր ազգի, մեր պետության եւ անգամ մեր պետականության առաջ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...