Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանի և «Ռեստարտ» նախաձեռնության անդամների միջև տեղի ունեցած դեպքի առթիվ «Ռեստարտ» նախաձեռնության ևս 4 անդամի մեղադրանք է առաջադրվել: Այդ մասին 24News-ի հետ զրույցում հայտնեց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
««Ռեստարտ» նախաձեռնության անդամներ Արամայիս Պետրոսյանին, Գարիկ Միսկարյանին, Յուրի Ավագյանին, Հրաչյա Խլղաթյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ-ի 34-131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առևանգման փորձ կատարելու հատկանիշներով»,- ասաց Խաչատրյանը:
Ավելի վաղ, նույն գործի շրջանակներում նույն հոդվածով մեղադրանք էր առաջադրվել «Ռեստարտ» նախաձեռնության անդամներ Դավիթ Պետրոսյանին և Դավիթ Սիմոնյանին:
Նարեկ Մալյանի և «Ռեստարտ» նախաձեռնության անդամների միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական գործը հարուցվել էր քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից խուլիգանությունը:
«Փաստական տվյալներ են ի հայտ եկել, համաձայն որոնց գործ ունենք այլ հանցատեսակի հետ՝ առևանգում, և «Ռեստարտ» նախաձեռնության չորս անդամների նկատմամբ արդեն առևանգման հոդվածով խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, և նրանք որպես կասկածյալ հարցաքննվել են», – ասաց Արևիկ Խաչատրյանը։
Մարտի 3-ի գիշերը «Ռեստարտ» նախաձեռնության մի քանի անդամներ Երեւան քաղաքի Ամիրյան փողոցում փորձել էին Նարեկ Մալյանին նետել աղբարկղը, ինչը կանխվել էր տեղում ծառայություն իրականացնող ոստիկանների կողմից: