Իրանը և Ռուսաստանը նախազգուշացնում են. Կովկասն ամերիկամետ ահաբեկիչների թիրախների ցանկում է

Загрузка...

Աշխարհում շատերն անտեսեցին այն նախազգուշացումը, որ մարտի 12-ին Բաղդադում հնչեցրեց Իրանի նախագահ Հասան Ռոհանին Իրաք կատարած եռօրյա այցի ժամանակ։

Իրանական «Fars News» գործակալության տեղեկացմամբ, Ռոհանին հանդես գալով իրաքյան պետական գործիչների, ցեղային և կրոնական առաջնորդների առջև, հայտարարել է. «Ահաբեկչության խնդիրը, իհարկե, դեռ չի դադարել, և միանգամայն հնարավոր է, որ ահաբեկիչները տարբեր եղանակներով խնդիրներ ստեղծեն տարածաշրջանի բնակիչների համար, քանի որ ամերիկացիները նոր դավադրություն են նյութում տարածաշրջանի դեմ և տեղափոխում ահաբեկիչներին Աֆղանստան, Կենտրոնական Ասիա և Կովկաս»։ Սա 2019թ․ մարտին Թեհրանից հնչած երկրորդ հիշեցումն է այն մասին, որ տարածաշրջանի ժողովուրդների և երկրների դեմ նոր սադրանքներ են նախապատրաստվում՝ ԱՄՆ-ի ահաբեկչական «պրոքսի-բանակների» կիրառմամբ։ Ամսվա սկզբին իրանական բանակի ՌՕՈՒ-ի փոխհրամանատար, բրիգադային գեներալ Ալի Շադմանին նախազգուշացրել է Չինաստանին, Ռուսաստանին և այլ պետություններին՝ «Իսլամական պետության» (ԻՊ) ահաբեկիչներին Աֆղանստան տեղափոխելու ԱՄՆ-ի փորձերի մասին։

«Թշնամին այսօր ջանում է Աֆղանստանում շարունակել ԻՊ-ի այն նույն դավադրությունը, որն իրականացվեց Իրաքում ու Սիրիայում, և դա վնաս կհասցնի Չինաստանին, Ռուսաստանին և տարածաշրջանի բոլոր պետություններին»,- ասել է գեներալ Շադմանին։ Ընթերցողների ուշադրությունը հրավիրում ենք այն հանգամանքի վրա, որ Ռոհանին արդեն խոսում է նաև Կովկասի մասին՝ որպես ամերիկացիների կողմից ահաբեկիչների հնարավոր փոխադրման վայրի։ Կարծում ենք, սա ծայրաստիճան էական հավելում է այն ամենին, ինչ հայտարարել է մարտի սկզբին բրիգադային գեներալ Շադմանին։

Արդեն մարտի 16-ին Ռուսաստանից հնչեց Իրանի մտավախությունների հաստատումը։ Ռուսաստանի նախագահին առընթեր Ազգամիջյան հարաբերությունների խորհրդի անդամ, «Ռուսաստանի թալիշական սփյուռք» հասարակական կազմակերպության նախագահ Իսմայիլ Շաբանովը հայտարարեց «Ռեալիստ» լրատվական գործակալությանը, որ Ռուսաստանն ու Իրանը պետք է պատրաստ լինեն Անդրկովկասում իրադարձությունների բացասական զարգացմանը։ Նա կոչ արեց չափազանց լուրջ վերաբերվել Իրանի նախագահ Ռոհանիի հայտարարությանը։

«Իրանական կառավարության ղեկավարի այդօրինակ արտահայտություններին պետք է շատ լուրջ վերաբերվել,- ասել է Իսմայիլ Շաբանովը։- Այն, որ ահաբեկիչները տեղափոխվում են Աֆղանստան, մեզ վաղուց է հայտնի։ Ինչ վերաբերվում է Կովկասում ահաբեկիչների ուժերի կուտակմանը, ապա դա լուրջ ազդանշան է»։

Շաբանովը համարում է, որ Կովկասում ահաբեկչական խմբավորման ստեղծումը կարող է իրականացվել նաև հետևյալ նպատակով. «․․․մեզ հայտնի է, որ Դաղստանում ու Ադրբեջանում կան ահաբեկիչների քնած բջիջներ։ Ադրբեջանում նրանք ընտանիքներով ապրում են հանրապետության հյուսիսային շրջանների անտառներում ու լեռնային գյուղերում։ Միանգամայն հնարավոր է, որ Դաղստանից նույնպես Ադրբեջան գան մարտական խմբեր։ Այդ ամենը հետո կնետվի դեպի Հյուսիսային Կովկաս ու Իրան։ Իրավիճակի ապակայունացումն Իրանում, Ռուսաստանի հարավային սահմաններին, ասենք, նաև ողջ Կովկասում՝ ԱՄՆ-ի գերակա խնդիրներից մեկն է։ Պետք չէ մոռանալ նաև Վրաստանի Պանկիսի կիրճի մասին, որտեղից ԻՊ-ի կազմում կռվելու համար Սիրիա են մեկնել մոտ 200 գրոհայիններ։ Այդ տարածքը կարող է միջանկյալ կետ դառնալ դեպի Ադրբեջան ու Դաղստան ուժերի փոխադրման համար։ Երբ մեխանիզմը գործի դրվի, ապակառուցողական ուժերը կբռնկեն ամբողջ Կովկասն ու Կենտրոնական Ասիան։ Առանց Թուրքիայի մասնակցության ու աջակցության, տվյալ սցենարի իրականացումը դժվար կլինի։ Եվ այդ արկածախնդրությանը սատարող ցանկացած հանրապետություն արդյունքում շատ մոտ կլինի իր պետականության կորստին» (ընդգծումը՝ հեղինակինը)։

Պարոն Շաբանովն ասել է այն, ինչի մասին լռել էին Ռոհանին ու Շադմանին. ահաբեկիչներին Կովկաս փոխադրելու երթուղին հին է և վաղուց հայտնի՝ Թուրքիա-Վրաստան և Թուրքիա-Ադրբեջան։ Նշենք նաև, որ ամերիկացիները Աֆղանստան ահաբեկիչներին փոխադրում են նաև օդուժով, դրա համար նրանք Ադրբեջանի հետ ունեն «բաց երկնքի» պայմանագիր, և ամերիկյան ինքնաթիռները Բաքու են թռչում ու վառելիքով վերալիցքավորվում առանց ցամաքային ծառայությունների հսկողության։

Նկատի ունենանք, որ Իրանի կարծիքը փաստացի հաստատում է Ռուսաստանի նախագահին առընթեր Ազգամիջյան հարաբերությունների խորհրդի անդամը։ Մնում է իմանալ, թե պատրա՞ստ են, արդյոք, Անդրկովկասի հանրապետությունները, այսինքն նաև՝ Հայաստանն ու Արցախն այն բանին, որ իրավիճակը կարող է բարդանալ ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների պայթեցուցիչ գործողությունների պատճառով։

Սերգեյ Շաքարյանց ․livenews.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...