Թավշյա սուտ․ Panorama.am

Загрузка...

Panorama.am-ը գրում է․ «Երեքշաբթի աննախադեպ երկար ժամանակ վատնեցի։ Սկզբից մինչև վերջ տեսա ու լսեցի թավշյա վարչապետի ասուլիսը։ Չեմ ափսոսում 4 ժամ ու 20 րոպե նրա բեմադրած դատարկ ու անիմաստ ինտերակտիվ ներկայացմանը հետևելուս համար։ Թեև. կիրակի գրած ոտանավորն անհամեմատ ավելի բավանդակալի ու անկեղծ էր։ Թանկարժեք ժամանակիս կորուստը արդարացված է, քանի որ` շատ կարևոր իրողություն բացահայտվեց։ Մեր երկիրն արդեն 11 ամիս ղեկավարող անձը ամեն ինչի մասին մոտավորապես, օդում անվերջ խոսելու վարպետ է և հանճարեղ ստախոս. անպատասխանատու լրագրողի կամ նպատակային պատվեր կատարող խմբագրի աստիճանի։

Պետության ղեկավարի մակարդակին նա չի հասել, քանի որ` երկրի առաջին դեմքը չի կարող գիտակցված և հրապարակայնորեն ստել կամ կեղծել։ Փաշինյանն անձամբ է բազմիցս հիշեցրել, և՛ որպես խմբագիր և՛ որպես պատգամավոր, որ քաղաքակիրթ ու ընդօրինակելի երկրներում մի աննշան ստի կամ պետական միջոցները չնչին ձևով վատնելու համար պետության ղեկավարները հրաժարական են տվել կամ իմպիչմենտի «զոհ» են դարձել։ Օրինակ. երբ իրենց սպասարկող ինքնաթիռը կամ ուղղաթիռն օգտագործել են ընտանեկան կարիքների համար, կամ հրահանգներ են տվել դատավորին և ստելով` հերքել են գործած ապօրինությունը։ Իսկ մեր թավշյա վարչապետը պնդում է, թե միայն ի՛ր ինքնաթիռն ու ուղղաթիռն են տեխնիկական-պլանային թռիչքներ անում, և տապալում կամ ձախողում չէ, երբ ի՛ր ընտանեկան կարիքներն են սպասարկում։

Այդ երկրներում նույնիսկ չի եղել քննիչին, դատավորին, դատախազին հրահանգներ տալու փաստն ապացուցեղ ԱԱԾ-ՀՔԾ-վարչապետ հեռախոսազրույցների գաղտնալսում ու հրապարակում, բայց եղել է անկախ դատական համակարգ, իշխանությունների բաժանման ու հակակշիռների օրենսդրական դաշտ, որը ոչ թե օդի մեջ գովազդվել, այլ հստակ ու անարգել գործելով` նաև պետության ղեկավարի դեմ դատական հայցեր է քննել։ Մինչդեռ մեր երկրի թավշյա շրջանում պարզվում է, որ գաղտնալում են նրանց` ում պետք է հնարավոր չլիներ գաղտնալսել, քննիչն ու դատավորն էլ օրենքները ոտնահարող վերադասի ու վարչապետի հրամաններն են կատարում, իսկ երկրի ղեկավարը պնդում է, թե դա ձախողում ու տապալում չէ։

Գաղտնալսման հրապարակումից բոլորը պարզ լսում են, որ ԱԱԾ ու ՀՔԾ պետերը զեկուցում են` դատական համակարգի աշխատանքին միջամտելու հրամանը կատարելու մասին ու նոր հրաման են ստանում, նաև տեսնում են, որ իրավապահ ատյաններից ոչ մեկը վարչապետի դեմ քրգործ չի հարուցում և խորհրդարնական ընդդիմադության տիտղոսի համար մարտնչող երկյակից ոչ մեկի մոտ իմպիչմենտի մտադրություն չի էլ առաջանում։ Քաղաքակաիրթ ու ընդօրինակելի երկրներում այս իրավիճակը համարվում է օրենքի, իշխանությունների բաժանման ու հակակշիռների բացակայության, նաև իշխանության հանցավոր յուրացման ապացույց, իսկ մեր թավշյա վարչապետը գովազդում է իր յուրացրած իշխանության դաշտում վերացրած հակակշիռների մեխանիզմը և պնդում, թե քաղաքական մրցակիցներին հնարված, կեղծ, անապացուցելի մեղադրանքով կալանելը ո՛չ թե քաղաքական հաշվեհարդար է, այլ ժողովրդավարական լեգիտիմության դրսևորում։ Եթե սա իշխանության տապալումը պարտակող սուտ չէ, բա ի՞նչ է։

Թե ինչո՞ւ է Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ, երբ իր ընտրվելու, չընտրվելու, դարձյալ չըտրվելու և խորհրդարանական առայժմ միակ համապետական ընտրությունների քվեարկությունները, հետևաբար նաև` վարչապետ նշանակվելը եղել են արտահերթ, ստիպողական, շանտաժային, ռեպրեսիվ, ապօրինի շղթայական գործողությունների հետևանք` նույնպես պարզ է, քանի որ` արդյունքն է այն քաղաքական խոհեմության ու պետական հեռատեսության, որ դրսևորեցին իշխանությունը ամեն գնով պահելու կործանարար մտքից հրաժարված առողջ քաղաքական ուժերը։ Այս իրողությունը բոլորը գիտեն ներսում, ոմանք նաև` դրսում։

Ներսի ուժերին թավշյա վարչապետի արտաքին լեգիտիմությունն անհրաժեշտ է` պատերազմող երկրի դյուրաբեկ, փխրուն կայունությունն անսասան պահելու համար։ Մինչդեռ այս ամենը քաջ գիտակցող, իսկ չգիտակցելու դեպքում` իր անգիտությամբ պարծեցող վարչապետը, աղաղակող կեղծավորությամբ շահարկում է, թե կոռուպցիայի մեջ խեղդվող ու սրընթաց պառակտվող իր թավշյա իշխանությունը կայուն է։ Եվ անմիջապես էլ մերկացնում է իր սուտը. «սա ռեպրեսիվ կայունություն չի, այլ` ժողովրդավարական կայունություն է»։ Եթե իշխանությունը բռնազավթված ու յուրացված չէ, եթե չկա օրենքն ու իրավունքը ոտնահարող ռեպրեսիվ քաղաքական ռեժիմ, ինչո՞ւ պետք է թավշյա վարչապետը ստիպված լիներ` իր կեղծ պնդումով կանխել ասուլիսին ներկա լրագրողների բնականոն հակադարձամը։ Նման վիճակներում է, որ բոլորս ակամա հիշում ենք Ֆրեյդին։

Եթե թավշյա իշխանության լեգիտիմությունն ու կայունությունը, ռեպրեսիվ ռեժիմի նկատմամբ ժողովրդի վստահության անկումը օբյեկտիվորեն բացահայտ չլիներ, ապա իրոք, ոչ մի լրագրողի մտքով իսկ չէր անցնի` երկրի ղեկավարին իրողության հետ չառնչվող հարց տալ։ Եվ եթե թավշյա վարչապետը ներքուստ համոզված չլիներ, որ իր հեղհեղուկ ու անգործունակ իշխանության վախճանը անշեղորեն ու անխուսփելիորեն է վրա հասնում` ինչպես տուրբուլենտությունը կամ տարատեսակ փոքրամասնություններից կցոնված մեծամասնության պառակտումը, ապա չէր կորցնի տեղի ու ժամանակի զգացողությունը և չէր հարձակվի չծրագրված, բայց խիստ տեղին ու ժամանակին հարց տվող լրագրողուհու վրա։

Իսկ երբ արդեն թավշյա վարչապետը հրապարակայնորեն է խոստովանում, որ իր թիմի երևելիները (որոնք 11 ամիս առաջ ոչինչ չունեին) թաղվել են կոռուպցիոն ճահիճի մեջ, ամենաթանկարժեք մեքենաներն են «նվեր» ստանում, թանկարժեք ժամացույցների կոլեկցիաներ են հավաքում, քրեական հեղինակությունների հետ են համագործակցում, պետական գանձարանն են թալանում, բայց անփոխարինելի են, ապա պետական բուրգի ապականվածության մասին իրողությունը ոչ մի ստով այլևս հնարավոր չէ պարտակել։ Թավշյա ռեժիմի ու կռապաշտություն ներմուծած վարչապետի նկատմամբ ժողովրդական դժգոհության ալիքը ահագնանում է նաև վերնախավից հորդացող այս ստի ու կեղծիքի պատճառով։Ժողովրդի ցասման դեմ ստով չես պայքարի։ Դե իսկ աշխատել, արդեն համոզվեցինք, թավշյա իշխանությունն ու կախարդական փայտիկը կորցրած ստախոս վարչապետը ուղղակի չեն կարողանում»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...