«Թող Շիրխանյանը 2 հարցի պատասխանի. Ի՞նչ եղավ 1 միլիոն դոլարի ադամանդի գործը, և որտե՞ղ էր ինքը Հոկտեմբերի 27-ին». Գառնիկ Իսագուլյան․168.am

Երեկ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը բաց նամակ է հրապարակել՝ ուղղված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

Այդ նամակում տեղ գտած պնդումները 168.am-ը խնդրեց մեկնաբանել 1990թ. ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 2004-2009թթ. ՀՀ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական, ներկայումս՝ Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

1992թ. հունիս ամսին Ստեփանակերտի հրապարակի և մարզադաշտի՝ Շահումյանից և Մարտակերտից 35000 փախստականներով լցված լինելու, նրանց՝ իր՝ Վահան Շիրխանյանի առաջարկով Ստեփանակերտի շրջակայքում ազատագրված հինգ գյուղերում, Շուշիում և Խոջալուում տեղավորելու, Քոչարյանի մերժման, փախստականներին Հայաստան հետ ուղարկելու, իր Ստեփանակերտ վերադարձի ու Ռ. Քոչարյանին «անասուն» անվանելու մասին։

– Անկեղծ ասած, նամակի՝ հենց այդ, «դու անասուն ես» հատվածին հասնելուց հետո չեմ շարունակել այն կարդալ՝ հասկանալով մի պարզ ճշմարտություն իր կերպարի մարդու մասին, որին ես լավ եմ ճանաչում։ Ես կուզենայի, որ դուք 1990թ. Գերագույն խորհրդի իրավական հանձնաժողովի նախագահ Կիմ Բալայանին մի հարց ուղղեիք, որ ճշտեք, թե այդ ժամանակներում ինչ հարց էր քննվում՝ կապված Վահան Շիրխանյանի հետ, ու ինչու Շիրխանյանը չդատվեց։ Խոսքը մեկ միլիոն դոլար արժողությամբ ադամանդի թալանի մասին է, որը պետք է վերածեին գումարի ու զենք ձեռք բերեին։ Ես այդ թվերին հիմնականում գործուղված եմ եղել Ղարաբաղ, և հանձնաժողովի շատ նիստեր առանց ինձ են գումարվել։ Հիշում եմ, որ մի նիստի ժամանակ այս առյուծ կտրած Շիրխանյանը, որ իբրև թե Ստեփանակերտում Ռ. Քոչարյանին ասել է՝ «դու անասուն ես», այս ի՞նչ ես անում, ու դրանից հետո առոք-փառոք եկել-հասել է Հայաստան, հետո մուկ կտրած՝ աղերսում էր, որ այդ 1 միլիոն դոլարի ադամանդի թալանի գործը փակվի։ Մարդ, ով պատերազմի տարիներին զենք գնելու անվան տակ թալանում է պահուստային ադամանդը, հիմա հանկարծ այդ մարդն ինչ-որ բաներ է «զառանցում»։

Վահանը երևի չի հասկանում՝ ինչ ասել է 35000 մարդ։ Դա այդ տարիներին Ստեփանակերտ քաղաքի բնակչության թիվն էր, ու այն տեղավորել 10000 մարդ տարողությամբ մարզադաշտում կամ հրապարակում, դժվար է պատկերացնել։ Ես վստահ եմ, որ Շիրխանյանն իր կյանքում շատ քիչ անգամներ է եղել Ղարաբաղում. սուտն էլ պետք է չափ ունենա, իսկ ինքն իրեն նկարագրում է՝ որպես մի մարդու, ով ամեն տեղ եղել ու ամեն ինչ արել է։ Նա իր նշած բնակավայրերում էլ վստահաբար չի եղել։ Շիրխանյանը վախենում էր իր կաբինետից դուրս գալ, ուր մնաց՝ հարյուրավոր անգամներ լիներ այդ բնակավայրերում։ Թող ասի՝ ում հետ է հանդիպել, ինչ հարցեր է քննարկել, ով է ընդհանրապես ճանաչում Շիրխանյանին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

1998թ. 30 մարտի, նախագահական ընտրությունների 2-րդ փուլ։ Բացառապես Վազգեն Սարգսյանի խոսքին տրված 27 տոկոս քվեն 59% դարձնելու և Քոչարյանի՝ ինքն իրեն ՀՀ նախագահ հռչակելու մասին։

– Շիրխանյանը, փաստորեն, ոչ թե Ռոբերտ Քոչարյանին է մեղադրում ընտրությունները կեղծելու մեջ, այլ Վազգեն Սարգսյանին։ Այսինքն՝ ինքը խոսում է լուսահոգի Վազգեն Սարգսյանի մասին, ու հնարավոր չէ նրան հարցնել՝ Վազգեն, Շիրխանյանն այս ի՞նչ է ասում։

1998 թ. դեկտեմբերի 10. Վահրամ Խորխոռունու սպանության, որը հնարավոր դարձրեց Հոկտեմբերի 27-ի ազգադավ ոճրագործության իրագործումը և վերջինիս՝ ըստ Շիրխանյանի, Ռ. Քոչարյանի հետ ունեցած առավել քան լարված հարաբերությունների մասին։

– Ես կուզենայի, որ հիմա մեկ հարցադրում արվեր։ Որտե՞ղ էր Վահան Շիրխանյանը հոկտեմբերի 27-ին։ Որպես նախարար՝ նա պարտավոր էր այդ օրը լինել Վազգեն Սարգսյանի հետ։ Ինչո՞ւ ինքը վարչապետի հետ չէր։ Արդյո՞ք ինքը Կառավարության անդամներից ավելի շուտ չի եկել Ազգային ժողով, հանդիպե՞լ է աստիճանների վրա Նաիրի Բադալյանին, վերջինս Շիրխանյանին փոխանցե՞լ է կարմիր թղթապանակ, ստացե՞լ է նրանից ինչ-որ բան։ Դա ի՞նչ փաստաթուղթ էր, ի՞նչ թղթապանակ էր, և արդյո՞ք հոկտեմբերի 27-ը Շիրխանյանի հետ որևէ կապ չունի։

Որտեղի՞ց հայտնվեց այն հայտնի ցուցակը, որ հոկտեմբերի 27-ին ՀՀ Պաշտպանության փոխնախարար Աստվածատուր Պետրոսյանն ԱԺ-ում փոխանցել էր Ռոբերտ Քոչարյանին։ Քոչարյանին ուղարկվեց այդ ցուցակը, որը կազմվել էր Շիրխանյանի ձեռամբ և ինքն իրեն վարչապետի պաշտոնում էր տեսնում… Ո՞ւմ փոխարեն… Սերժ Սարգսյանի՞, Վազգե՞ն Սարգսյանի… Նա մինչև այդ ոճրագործությունն արդեն ինքն իրեն վարչապետ էր պատկերացնում, ի՞նչ գիտեր։ Ինչո՞ւ է նա հոկտեմբերի 27-ի օրը Կառավարության անդամներից ավելի շուտ հայտնվում ԱԺ-ի՝ Բաղրամյան պողոտային նայող աստիճանների վրա ու հետո անհետանում։ Հայտնվում է միայն այն ժամանակ, երբ վերոհիշյալ ցուցակն արդեն պետք է փոխանցվեր նախագահ Քոչարյանին։ Ինչո՞ւ նա շենք չմտավ։ Սա ժամանակին պատմել է հենց ինքը՝ Նաիրի Բադալյանը, «Հայոց Աշխարհի» խմբագրությունում, լուսահոգի Իգոր Մուրադյանի ներկայությամբ։

Վ. Շիրխանյանի՝ «Քո՝ նախագահ ինքնահռչակվելուց երկու ամիս անց Վազգենն ինձ հրավիրեց իր մոտ։ Նա առավել քան մտահոգ էր։ Ասաց՝ Շիրխանյան, էս ի՞նչ արինք։ Էս մարդը հայ չի, նա չի սիրում հային, Հայաստանը…» հայտարարության մասին։

– «Էս ի՞նչ արինք….»… Այսինքն՝ Վազգեն Սարգսյանն ամեն ինչ անում էր Շիրխանյանի հե՞տ։ Շատ չի՞ իրեն գերագնահատում։ Ուրիշ բաներ էլ կան։ Կան մարդիկ, չէ՞, ովքեր կվկայեն, որ հոկտեմբերի 27-ից առաջ մարդիկ կային, որ ուզում էին հանդիպել վարչապետի հետ ու ինչ-որ հարցեր քննարկել։ Ի՞նչն էր պատճառը, որ ոչ միայն Շիրխանյանը, այլև այդ հայտնի ցուցակում եղած անուններից ևս մեկը խոչընդոտում էին այդ հանդիպմանը։ Չե՞ն ամաչում…

Օր ծերության կեղծ հիվանդ ձևացող մարդը, ով կալանավորված եղած ժամանակ իրեն դնում էր ծանրագույն հիվանդի տեղ, չի ամաչո՞ւմ հիմա։

Ես զարմանում եմ Արմեն ու Արամ Սարգսյանների վրա, որ էս կարգի մարդկանց թույլ են տալիս իրենց հետ ընկերություն անել։ Հարցը ոչ Սերժ Սարգսյանն է, ոչ Ռոբերտ Քոչարյանը, այլ այն, որ կան մարազմատիկ մարդիկ, ովքեր կյանքում ոչինչ չեն արել, իրենց ողջ գործունեությունը եղել է միայն մատնություն, դավաճանություն, խառնակչություն, և պատահական չէ, որ Շիրխանյանի անունը կապվեց Նորք-Մարաշի հայտնի զինված խմբի հետ։

Նա նախկինում էլ զինված խմբեր ունեցել է։ Ես կուզենայի՝ պարզվեր Շիրխանյանի կապը նաև Նաիրի Հունանյանի հետ։ Շիրխանյանն իր ամբողջ կյանքում երազել է այդ երկրի տերը դառնալ, փառք Աստծո, չի հաջողվել։ Կա մի սահման, որից այն կողմ չպիտի անցնես։ Ախր դրանք պատրաստ էին սողալու, շողոքորթելու թե՛ Քոչարյանի, թե՛ Սերժ Սարգսյանի ոտքերի տակ, հիմա ո՞նց են այսպես խոսում։

Վահան Շիրխանյանի հետևյալ հայտարարության մասին՝ «1999թ. հունիս. Վազգեն Սարգսյանը կառավարության նիստում հայտարարեց, որ արգելում է նախարարներին շփվել քեզ հետ առանց իր թույլտվության: Այս կարգադրությունը կատարում էին բոլոր նախարարները՝ բացի մեկից՝ Սերժ Սարգսյանից, որը արագորեն զրկվեց սուպերնախարարի կարգավիճակից, և ՆԳՆ-ն հանձնվեց Սուրեն Աբրահամյանին»։

– Ես չեմ կարծում, որ Վազգեն Սարգսյանն այնքան կիջներ, որ Շիրխանյանի նմանիկներին նման ցուցումներ կտար, և այն էլ՝ Կառավարության նիստին։ Վազգենը նման խնդիր չի ունեցել։ Սրանով նա ցածրացնում է Վազգենին, ով իբր թե կարոտ էր նրա խորհուրդներին ու կատարում էր նրա ասածները։ Չի կարելի, և ես կարծում եմ, որ Վազգեն Սարգսյանի եղբայրները պարտավոր են արձագանքել այս բաց նամակին։ Վահան Շիրխանյանն այս ազգի առաջ ծառայություններ չունի մատուցած։

1999 թ. սեպտեմբերին Վազգեն Սարգսյանի՝ ամերիկյան գործուղումից զայրացած վերադառնալու մասին, երբ ըստ Շիրխանյանի՝ իրեն հրավիրել է իր մոտ և բառացի ասել հետևյալը. «այս տականքը (Ռ.Ք.) համաձայնել է Մեղրին փոխանակել Լաչինի հետ։

– Ինչ-որ առումով ճիշտ է ասում։ Վազգենն իսկապես ծանր տպավորություններով էր եկել ԱՄՆ-ից։ Եվ հարցն ամենևին էլ Ալբերտ Գորի և Մեղրու հետ կապված պատմությունը չէր, այլ այն ցուցակը, որ Քիսինջերը (Հենրի Քիսինջեր՝ ամերիկացի պետական գործիչ, դիվանագետ,- 168.am) փոխանցել էր Վազգեն Սարգսյանին։ Խոսքը Հայաստանի պետական ապարատի կոռուպցիոներների մասին է, որի առաջին համարում եղել է հենց Վահան Շիրխանյանը։

Ռոբերտ Քոչարյանի՝ հոկտեմբերի 27-ին ոճրագործների պահանջով ԱԺ գալը 13 ժամով ուշացնելու՝ Վահան Շիրխանյանի վարկածի մասին։

– Այդ ժամերը Վահան Շիրխանյանին են պետք եղել, որ ցուցակ ներկայացնի, որի պայմանը նախագահ Քոչարյանին հետևյալն էր՝ եթե դու ինձ վարչապետ ես նշանակում, Վազգենի թիմն ուրիշի է մեղադրում այս ոճրի մեջ։ Սա ի՞նչ է, եթե ոչ՝ առևտուր իրենց ընկերոջ դիակի վրա։ Ցավոք սրտի, Վազգենը նրան ընկեր էր համարում, որովհետև եթե Վազգենը չլիներ, ինքը վաղուց պետք է նստած լիներ համապատասխան տեղում։

Վահան Շիրխանյանի՝ «Ինչո՞ւ մեկ տարում երեք անգամ անձամբ դու նշանակեցիր ինձ նախարար, այն էլ՝ առաջին փոխվարչապետի կարգավիճակով, ընդ որում՝ երկու անգամ, երբ Վազգենը արդեն չկար» հայտարարության մասին։

(Խոսքը Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի այն հատվածի մասին է, ուր նա խոսում է հետևյալի մասին՝ «Վազգենին մի քանի անգամ ասել էի՝ չե՞ս տեսնում, որ նա խարդախ ու բանսարկու է: Ի՞նչ ես գտել դրա մեջ».- 168.am):

– Որովհետև կար Արամ Զավենի Սարգսյանը։ Նա էր վարչապետը, և ում նա ներկայացնում էր, նախագահը լարվածությունը մեղմելու համար նշանակում էր։ Այդ ժամանակ շատ-շատերին, ում ուզում էին, նշանակում էր նախագահը։ Շիրխանյան, ինչի՞ ես հիմա դա շահարկում։ Չէ՞ որ դու էիր դա ուզում՝ գիշեր-ցերեկ նստած Արամ Սարգսյանի ականջին, ու դուք թույլ չտվեցիք, որ այդ տղան աշխատի։ Այո, անփորձ էր, խամ-խամ եկել էր, և դուք ամեն ինչ արեցիք, որ այդ թշնամությունը խորանա։ Ուղղակի ափսոսում եմ, որ Վազգեն Սարգսյանի նման իսկապես պարզ մարդը ժամանակին նման բանսարկուներին տեղ է տվել։ Որովհետև նրանք քծնող էին, ստոր, ստորաքարշ, կարող էին գնալ տարբեր մարդկանցից կեղծ լուրեր հայտնել, որպեսզի ցույց տային իրենց նվիրվածությունը։ Բայց իրականում նրանք մի նպատակ ունեին՝ քանի ընկած են, սողան, հենց բարձրանան, գլուխները կտրեն։ Մի 2 անգամ կանգնեցին, ու դրանից ծնվեցին հոկտեմբերի 27-ը և մարտի 1-ը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով