««Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բ/Կ-ում չարաշահումներ են կատարվում». ահազանգում են աշխատակիցները.168.am

Загрузка...

«168 Ժամին» են դիմել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի աշխատակիցներ՝ ներկայացնելով բժշկական կենտրոնում կատարվող որոշ չարաշահումներ։

Աշխատակիցներից մեկը, ում անունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում, մասնավորապես գրում է.

«Խոսքս «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի մասին է և վերաբերում է վերջին օրերին հրապարակված խրախուսանքներին։ Դեկտեմբեր ամսին բուժքույրերին ոչ միայն 13-րդ աշխատավարձ չեն վճարել, ինչպես նաև՝ խրախուսանք, այլ նաև՝ նրանց հասանելիք աշխատավարձն են պակաս վճարել։ Այսպես, նոր պայմանագիր են կնքել, համաձայն որի՝ հերթապահություն իրականացնող քույրերը ցերեկային ժամին ստանում են X գումար, իսկ գիշերվա հերթապահության համար՝ Y գումար։ Սակայն ղեկավարությունը նրանց վճարել է նույն գումարը, այսինքն՝ գիշերվա հերթապահությունը չեն հաշվել, ամբողջը վճարել են ցերեկվա ժամավարձի չափով։ Սա կոնկրետ հանցագործության մասին հայտարարություն է»։

Աշխատակիցները նշում են նաև, որ բժշկական կենտրոնի ծննդատան պաթոլոգիայի բաժանմունքի ավագ քույրերին ու քույրերին հրահանգել են չբողոքել, այլապես աշխատանքից կազատեն։
Աշխատակիցներն Ամանորից առաջ այդ հարցով դիմել են բժշկական կենտրոնի տնօրենի օգնականին։ Վերջինս պատասխանել է, որ ղեկավարությունը մեկնել է արտասահման՝ հանգստանալու, կգան, կվճարեն, բայց մինչ օրս չեն վճարել ու արգելում են այդ մասին խոսել։

Հիշեցնենք, որ թավշյա հեղափոխությունից հետո «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանի՝ կենտրոնում կատարված չարաշահումների հիմքով աշխատանքից ազատվելուց հետո՝ 2018թ. դեկտեմբերի 13-ին Բ/Կ-ի տնօրեն նշանակվեց Արման Հովակիմյանը, ով մինչև նշանակումը 4 ամիս կատարել էր բժշկական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները։

Նախկին տնօրենը՝ Արա Միասյանը, մոտ 27 տարի պաշտոնավարելուց հետո, աշխատանքից հեռացվեց ամռանը։

Հարցին, թե ինչու է Բ/Կ տնօրենի ընտրությունը կանգ առել հենց Հովակիմյանի թեկնածության վրա, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պատասխանել է. «Ես կարծում եմ, որ նա կարողացել է արդեն իսկ դրական փոփոխություններ բերել բժշկական կենտրոնում և կշարունակի այդ փոփոխությունները՝ արդեն լինելով ոչ թե ժամանակավոր պաշտոնակատար, այլ հիմնական տնօրեն»:

Ի դեպ, ըստ ԶԼՄ հրապարակումների՝ «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նորանշանակ տնօրենն Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի «մարդն է», մտերիմը։ ԱԺ ընտրությունների ընթացքում  վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Արսեն Թորոսյանի շտաբի պետը նույն «Գրիգոր Լուսավորիչ» Բ/Կ-ի պոլիկլինիկայի «արտաքսված» տնօրեն Գևորգ Սիմոնյանն է եղել։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...