ՀՀ-ն ԼՂ խնդրի հարցում ակնկալում է Գանայի Հանրապետության հավասարակշիռ դիրքորոշումը

Загрузка...

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 31-ին ընդունել է ՀՀ-ում Գանայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Լեսլի Ակուա Ակյաա Օպոկու-Վարեին (նստավայրը՝ Մոսկվա): Խորհրդարանի ղեկավարը, շնորհավորելով դեսպանին դիվանագիտական առաքելության ստանձնման կապակցությամբ, համոզմունք է հայտնել, որ նա իր փորձը կներդնի երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:

Ընդգծելով միջազգային հարթակներում երկու երկրների համագործակցությունը` Արարատ Միրզոյանն անհրաժեշտ է համարել նաեւ միջխորհրդարանական կապերի ակտիվացումը, ինչի համար առկա են բոլոր հիմքերը: Ազգային ժողովի նախագահը, ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առնչությամբ Հայաստանի տեսակետը, նշել է, որ այս հարցում ակնկալում է Գանայի Հանրապետության հավասարակշիռ դիրքորոշումը:

Անդրադառնալով երկկողմ համագործակցության հեռանկարներին` օրենսդիր մարմնի ղեկավարը կարեւորել է Գանայի Հանրապետության դերակատարությունը աֆրիկյան տարածաշրջանի երկրների հետ փոխգործակցության զարգացման հարցում: Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, վստահեցրել է, որ կանի հնարավորը նպաստելու երկկողմ կապերի ակտիվացմանը եւ հետագա համագործակցության պատրաստակամություն հայտնել: Լեսլի Ակուա Ակյաա Օպոկու-Վարեն եւս անհրաժեշտ է համարել երկու երկրների խորհրդարանների միջեւ շփումների աշխուժացումը, ինչը կնպաստի հարաբերությունների խթանմանը: Անդրադառնալով արցախյան հիմնախնդրին` դեսպանը հույս է հայտնել, որ հակամարտությունը կլուծվի խաղաղ բանակցային ճանապարհով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...