Ի՞նչ ասեմ ձեզ՝ թերթի ավտոմեքենա հրկիզողներ….հոգու հաց սպանողներ…

Загрузка...

«Սյունյաց երկիր» թերթի ավտոմեքենան հրկիզողների պատասխանը հանգամանորեն տրվել է խմբագրության կողմից. ընդամենը կասեմ՝ ամոթ ձեզ, ընթերցողի ականջին հարմար պատշաճ բառեր չկան որակելու ձեր արածը, ուղղակի մի կերպ կիրթ որակեմ՝ մանրություն, չնչին  եւ թուլակամ մարդու անզոր վրեժխնդրություն…եւ՝ ումի՜ց….ոչ ամենեւին՝ ավտոմեքենայից, անձից…այլ՝ լրագրողներից, նրա ազատ խոսքի իրավունքից…

Սա զտարյուն ինկվիզիցիա է, վերադարձ միջնադարին, իսկ ավելի պատկերավոր՝ կղերական հոգու դրսեւորում՝ մտքի, խոսքի, սյունյաց ժողովրդի միակ մնացած հոգեւոր հացի դեմ:

Նկատի ունեցեք՝ միակ մնացած…, որովհետեւ մենք այլեւս նորմալ գործող, պատմամշակութային, ռազմահայրենասիրական Սյունիքը ներկայացնող՝ ո՜չ սորոսակեր ու գրանտակեր,  զլմ չունենք տարածաշրջանում, ոչ մեկ մեդիա դաշտ չդիմացավ ձեր մութ դավերին ու հալածանքներին:

Վստահ եմ, նրա աշխատակազմը՝ իր կոլեգաների, իրեն սիրող ու վստահող ընթերցող հասարակայնության բարոյական նեցուկով՝ հերթական սադրանքն էլ կհաղթահարի, մանրուքները ոտքի տակ առած՝ կշարունակի իր գործունեությունը:

Մեր պատվարը՝ նրանց:

Այսքանից հետո, մնում է ասել՝ է՞լ ինչի եք ընդունակ…ձեր արածը մի առանձին  թերթի դեմ չէ,  այլ՝ սյունյաց ողջ  լրագրական ցանցի, նրա չծախվող լրագրողների… նրանց  գլխովն անցած կրկնվող եւ ողբալի սցենա: Որովհետեւ, ավտոմեքենան չէ խնդիրը. թիրախը մենք ենք՝ լրագրողներս՝ անկախ նրանից՝  աշխատակի՛ց ենք, թե՞ ոչ…ու մեր  միջոցով գոտեպնդվող, իրավիճակին տեղեկացվող ազգաբնակչությունը, որին  քառորդ դար փորձում եք խավարում պահել, հիմարացնել, ասպարեզից դուրս նետել, որպեսզի բորենիների խնջույքը կատարյալ լինի…

Ե՞րբ եք կանգ առնելու, մարդ Աստծո…ե՞րբ եք մարդավարի գալու եւ մեղայականով նստելու զլմ-ների առջեւ եւ տղամարդավարի ասելու ձեր ուզածը…եւ ի՞նչն  է ձեր ուզածը՝լռեցնե՞լը…

Էն գլխից ասեմ՝ իմանաք. դա լինելու բան չէ, Սյունիքը երբեք չի հանձնվելու հացկատակներին, էլ բավ է, ժամանակն է ձեր ձեռքից առնվի այն, ինչ խլել եք նրանից:

Ժամանակն է  ոչ միայն ասենք՝ ձեռքներդ հեռու Սունիքից, եթե դրանք մաքուր չեն, այլեւ՝ թույլ չտանք մոտենալ…եւ  դուք՝ ուզեք, թե՝ ոչ, պետք է հարմարվեք այս իրողության հետ,  հաշվի նստեք լրագրողների, նրանց  ամեն  բառի հետ…ինչպես եղել է հին ու բարի ժամանակներում:

Վստահ եղեք, այսօր՝ չէ, վաղը, գալու է այդ օրը, եւ ամենաշատը, կասեի, հենց դրանից եք վախենում…

***

Ակամա մի դրվագ հիշեցի 1992-93 թվականներից…եւ համեմատականներ տարա. ավաղ, շատ-շատ ենք նահանջել մարդկայինից, մարդուց, արժեքներից….Գուցե հիմա պարոն Ալեքսանյանն  էլ այդպես մանրամասներով չհիշի:

Առավոտյան՝ ինչպես միշտ, պետք է մեկնեինք կրակագիծ, այն ժամանակ՝ «Զանգեզուր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի հետ:

Խմբագրության վարորդն ահաբեկված ներս մտավ ու թե՝  «Վիլիսը» չկա…

Պատերազմ էր, ո՞ւմ կարող էինք դիմել… ոչ մեկին: «Վիլիսն» անհետացել էր կայանած տեղից, հենց վարորդի քթի տակից…Թող ուշադիր լիներ…տարան՝ վերջ, էլ գտնելու հույս չկա, չի էլ կարող լինել…Համարանիշները պոկում, դեն էին նետում, մեքենան  լծում՝ մարտական խնդիրների…

Դժվար չէր գուշակել, որ «Վիլիսն» ընկել էր ազատամարտիկների, կամավորական տղերքի ձեռքը…ու քշել էին, Աստված գիտե՝ ուր, ո՛ր կրակակետ…Մինչդեռ, «Վիլիսը» մեր  տեղաշարժվելու, այդ թեժ օրերին կրակակետեր մեկնելու  միակ եւ  անփոխարինելի միջոցն էր…

Թերթն էլ չէր սպասում՝ աշխատում էինք գերծանրաբեռնվածությամբ, երկու-երեք հոգով՝ շարունակելով շաբաթական տպագրել երեք համար…Դա աներեւակայելի հերոսություն ու անձնվիրում էր…

Ի՞նչ պետք է անեինք… Մեր լրահոսը հագեցած էր պատերազմական լուրերով, կամավորական ջոկատների, կռվող ազատամարտիկների մասին՝ նյութերով: Ժողովուրդը դա էր ուզում կարդալ, մարդիկ մեր քաջալերիչ խոսքին էին սպասում ամեն օր…

Ծրագրից չշեղվեցինք, խմբագիրը ելքը գտավ՝ կրակակետ հասանք Գորիս քաղաքի պարետ Կամո Քոչունցի «Վիլիսով»… Եվ այսպես՝ օրեր, շաբաթներ շարունակ՝ տարբեր կազմակերպությունների ավտոմեքենաներով…

Արդեն հաշտվել էինք «Վիլիսը» կորցնելու փաստի հետ, խմբագիրն ինքն էլ փնտրտուքներ չարեց, ոչ մի տեղ չդիմեց՝  ասելով՝ պետք է, տարել են տղերքը, պատերազմ է…թող նրանց ծառայի, մենք յոլա կգնանք այսպես, թե այնպես…

Այդ օրերին առանց ավտոմեքենայի յոլա գնալ նշանակում էր՝ անոտք ու անթեւ լինել…դեռ լավ է, որ թերթի խմբագիրը հնարամիտ էր, չկոտրվող…Նա տեղը-տեղին ճշտում էր Գորիսից՝ թեժ կետեր մեկնող ավտոմեքենաների երթերը. ով՝ ինչ ուղղությամբ է շարժվում…եւ անմիջապես մեր մեկնումը  հարմարեցնում՝ հարավային, հարավ-արեւելյան, թե հյուսիսային ճակատ…բոլոր տեղերում էլ տեղակայված էին մեր ուժերը, թշնամին ամեն տեղից էր խոցում…

Մինչեւ որ…պատահական մի օր իմացա խմբագրության «Վիլիսի» տեղը… Ազատամարտիկը, ով Արարատից էր, «Արաբո» ջոկատից,  չէր էլ կասկածում, որ ես հենց այդ թերթի լրագրողն եմ…Առավոտյան ուրախալի  լուրը հայտնեցի խմբագրիս՝ «Վիլիսը» գտնվե՜լ է…

Երկու օր անց՝ խմբագրության «Վիլիսը» կիսամեռ տեղ  հասավ՝ փոխադարձ ջերմ ու բարի պայմանավորվածությամբ…Եվ տանողն էր գոհ եւ՝ գտնողը…Դարձանք բարեկամներ՝ ջոկատի ու նրա կամավորականների հետ՝ որքան էլ մենք տուժած լինեինք, որքան էլ մեր գործը դժվարացած լիներ, երջանիկ էինք, որ մեր «Վիլիսը» որոշ ժամանակով կարողացել է օգտակար լինել կռվող տղերքին, մարտադաշտ է մտել, սնունդ ու զենք է հասցրել, վիրավորներ է հանել կռվի դաշտից, կարեւոր խնդիրներ է կատարել…

Ոչ մի իրավական մարմին այս մասին չիմացավ. ինքներդ դատեք՝ ինչո՞ւ…Ի վերջո, կարեւորը մարտադաշտն էր… թեպետ՝ ամենուր էր մարտի դաշտ, նրա  թեժ գծերում էլ՝ թերթի աշխատակազմը…

***

Հիմա՝ քառորդ դար անց, ի՞նչ ասեմ ձեզ, թերթի ավտոմեքենա հրկիզողներ… Գոնե կարողացա՞վ խմբագրության մինուճար «Նիվան» հրկիզվելով՝  դարման լինել ձեր «ազգանպաստ» առաքելությանը…օգտակար եղա՞վ ձեր չարությանը փոքր-ինչ հագուրդ տալուն….

 

ՍՈՒՍԱՆՆԱ  ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ֆեյսբուքյան էջից

ՀԼՄ, ԵԿՄ անդամ, Արցախյան պատերազմի մարտական գործողությունների մասնակից-լրագրող  

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...