Անակնկալ պաշտոնանկություն կառավարությունում armlur.am

Загрузка...

Երեկ ՀՀ կառավարության որոշմամբ աշխատանքից ազատվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը: Տեղեկացնենք, որ Էլոյանն այս պաշտոնին նշանակվել էր անցած տարվա հունիսին, իսկ մինչ այդ նա ապրել եւ աշխատել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Հայաստան վերադառնալը պայմանավորված էր աշխատանքային առաջարկով:

Ըստ որոշ տեղեկությունների` Էլոյանին իրականում ազատել են աշխատանքից Ամանորին Հայաստանում չլինելու պատճառով: Բանն այն է, որ իշխանությունը ներքին որոշում էր կայացրել ամանորյա տոներն անցկացնել Հայաստանում, անգամ եղել են պաշտոնյաներ, որոնք իրենց նախապես գնված տոմսերը հետ են վերադարձրել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Էլոյանը Ամանորին եղել է ԱՄՆ-ում ընտանիքի հետ: Մյուս կողմից` կառավարության այս որոշումը անակնկալ է եղել ՀՀ ճարատարապետների պալատի անդամների համար:

Այն խիստ զայրացրել է նրանց: Օրինակ, պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանին այս որոշումը տխրեցրել է. «Ափսոս, ազնիվ մարդ է, չափազանց ազնիվ, կարող տղա է: Կրթված, շատ լավ մասնագետ»: Սակայն պալատի անդամները խիստ մտահոգվել են այն բանից, որ կառավարությունն Էլոյանին աշխատանքից ազատելու հարցը չի քննարկել պալատի հետ: «Անակնկալ էր, այսօր մենք բոլորս ափսոսում էինք, բայց դե հիմա այդպես է ստացվել: Հայաստանից դուրս է եկել, բայց դուրս է եկել թույլտվությամբ, տեղյակ է պահել, ավելին, նա այդ մասին ստորագրել է համապատասխան փաստաթղթում: Չի գնացել Թալին, որպեսզի արագ հետ վերադառնա: Նա գնացել է ԱՄՆ, որպեսզի իր ընտանիքի հարցերը լուծեր ու հետ գա:

Գնացել էր, որ կարգավորեր այդ հարցերը, ընտանիքին պետք է բերեր Հայաստան»,- ափսոսանքով նկատեց Մկրտիչ Մինասյանը: Ի դեպ, չի բացառվում, որ Ավետիք Էլոյանը նորից հետ վերադառնա ԱՄՆ: Փաստորեն կառավարությունը իր այս անհասկանալի քայլով խոչընդոտեց մեկ ընտանիքի` հայրենիք վերադարձին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...