ԱԺ-ի 50 մաքրուհի կանգնած է գործազուրկ դառնալու վտանգի առաջ. խորհրդարանի մաքրությունը վստահվելու է մասնավոր կազմակերպության

Загрузка...

Ազգային ժողովի մաքրուհիների շրջանում խուճապ է:

Factor.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ մաքրուհիները դեռ ոչ պաշտոնապես տեղեկացել են, որ առաջիկայում իրենք ազատվելու են աշխատանքից, իսկ իրենց գործառույթը խորհրդարանում իրականացնելու է մասնավոր կազմակերպություն: Այսինքն, ինչ-որ մի կազմակերպություն իր աշխատակիցներին գործուղելու է խորհրդարան, որպեսզի մաքրություն իրականացնեն: Այս տեղեկությունները Factor.am-ի հետ զրույցում չհերքեց նաև Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը: Նա պարզաբանեց, որ այդպիսով աշխատանքը կատարվելու է էժան և որակով: Արդյունքում, սակայն, հիսուն աշխատակից գործազուրկ է դառնալու: «Եթե չեմ սխալվում, մարտի 1-ով կամ ապրիլի 1-ով ավարտվում է բոլոր մաքրուհիների պայմանագրերը: Մենք լուծում ենք գտել: Դրսից կա կազմակերպություն, որը գնումների բոլոր ընթացակարգերով հաղթել է, և մենք իրենց հետ պայմանագիր ենք կնքելու ու, որպես պայմանագրի կետ, նշված է, որ մաքրուհիներին, որոնց պայմանագիրն ավարտվում է, իրենք պարտավոր են վերցնել աշխատանքի, ինչպես նաև գործուղել մեզ մոտ աշխատանքի: Մենք օպտիմալացրել ենք պետական ծախսերը, որովհետև մաքրուհիների ընդհանուր աշխատավարձի բյուջեն ավելի մեծ է, քան մենք կնքել ենք պայմանագիր:

Լուծել ենք նաև մաքրուհիների աշխատանքի խնդիրը: Այսօր ՀՀ-ում առաջնային խնդիր է դրված նաև մասնավոր ոլորտին մասնակից դարձնել պետական այն գործառույթներին, որոնք բոլորովին տրամաբանված չի, որ իրականացվի պետության կողմից: Մասնավորի կողմից աշխատանքն ավելի որակով և ցածր գնով է լինում: Մենք ունենք պայմանագիր և այդ պայմանագրով կարողանում ենք պահանջել համապատասխան որակ»,- ներկայացրեց աշխատակազմի ղեկավարը:

ԱԺ մաքրուհիները Factor.am-ի հետ մասնավոր զրույցներում նշում են, որ իրենք այս պահին ստանում են մոտ 90 հազար դրամ աշխատավարձ, իսկ այդ կազմակերպության մեջ ընդգրկվելու դեպքում նրանց աշխատավարձը չի գերազանցելու նվազագույն՝ 55 հազար դրամը: Վերջիններս նշեցին, որ ավելի շուտ գործազուրկ կդառնան, քան կիսով չափ ավելի պակաս աշխատավարձով կաշխատեն: ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալաստյանը չհերքեց մեր այս տեղեկությունները և մեկնաբանեց հետևյալ կերպ. «Իրենք ստանում են 90 հազար դրամ՝ հավելավճարներով, որի մասին մենք բազմիցս խոսում ենք, և աշխատում են ոչ լիարժեք աշխատանքային օր:

Իրենք այստեղ աշխատում են կես ծանրաբեռնվածությամբ: Ազգային ժողովի մասով իրենք կստանան այնքան, որքան կորոշի գործատուն և գուցե կապահովի ծանրաբեռնվածություն, որ ստանան ավել աշխատավարձ»: Տիգրան Գալստյանի փոխանցմամբ՝ խոսքը 50 մաքրուհու մասին է: Ազգային ժողովի աշխատակազմի հնաբնակները, սակայն, պնդում են, որ ԱԺ նախագահի, փոխնախագահների, պատգամավորների, ինչպես նաև լիագումար նիստերի դահլիճը պետք է մաքրեն վստահելի մարդիկ:

Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ, երբ ԱԺ մշտական մաքրուհիներից մեկը մաքրություն անելու նպատակով տեղաշարժել էր ՀՀԿ-ական նախկին պատգամավորներ Սամվել Ֆարմանյանի և Միհրան Պողոսյանի աշխատասենյակների գույքերը՝ մեծ աղմուկ բարձրացավ: Պատգամավորներն անգամ կարծիք հայտնեցին, որ իրենց աշխատասենյակներում ինչ-որ փաստաթղթեր են փնտրել, սակայն ամեն ինչ հանդարտվեց, երբ ծառայողական քննության արդյունքում պարզվեց, որ իրերը տեղաշարժվել են մաքրության պատճառով: Այս համատեքստում Factor.am-ը ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանից հետաքրքրվեց՝ ճիշտ չի՞ լինի, որ ԱԺ-ի մաքրությամբ զբաղվողները լինեն աշխատակազմի հիմնական անդամներ, քանի որ ԱԺ-ն հատուկ պահպանվող տարածք է: «Պայմանագրային հարաբերություններում միանշանակ սահմանված է, թե՛ ընդհանուր գործընթացը, թե՛ դրա վերահսկողությունը:

Մենք ունենք համապատասխան աշխատակից, որն ապահովելու է այդ հսկողությունը: Չեմ կարող ասել, թե նախկինում ինչ է եղել և չեմ կարող որևէ մեկին հակաօրինական գործողությունում կասկածել: Այդպես լինի՝ որևէ մասնավոր ոլորտ որևէ պետական կառույցի չի կարող ծառայություն մատուցել: Գործառույթները, որոնք պետությունը կարող է պատվիրակել մասնավորի, իմ կարծիքով, թե՛ գնի, թե՛ որակի մասով ավելի լավ է լինում, քան իրականացնում է պետությունը»,- պատասխանեց նա: Տիգրան Գալստյանը չկարողացավ մտաբերել, թե որ կազմակերպությունն է զբաղվելու ԱԺ մաքրությամբ:

Սակայն նշեց, որ կազմակերպությունը մրցույթում հաղթող է ճանաչվել դեռ ԱԺ աշխատակազմի փոփոխությունից առաջ. «Իմ պաշտոնը ստանձնելուց առաջ է մրցույթը հայտարարված եղել: Մենք ուսումնասիրել ենք պայմանագիրը և վատը չի: Շուկայական հարաբերություններին համապատասխան մրցույթ է եղել: Պայմանագրի կետերն էլ բավականին ճիշտ են ձևակերպված»: 7-րդ գումարման Ազգային ժողովի ընտրություններից հետո, նախորդ խորհրդարանի պատգամավորների մեծ մասը, որոնք չէին ընտրվել, խորհրդարանից հեռացել էին՝ տանելով նաև իրենց անձնական իրերը:

Նոր ԱԺ-ի պատգամավորներն էլ հայտարարում էին, որ գույք չունեն: Այս խնդրի առնչությամբ ԱԺ աշխատակազմի այն ժամանակվա ղեկավար Արա Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ խորհրդարանի նկուղում առկա է բոլոր անհրաժեշտ գույքը՝ պատգամավորական գործունեություն ծավալելու համար: Տիգրան Գալստյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք այդ գույքը բավարար եղե՞լ է, թե՞ խորհրդարանը նոր գույք է ձեռք բերել. «Գույքը, որը ձեռք է բերվել, ձեռք է բերվել արդեն կնքված պայմանագրի հիման վրա և արդեն մատակարարումները լինում են:

Մենք ունենք որոշակի գույք, որը հիմա ստանում ենք: Նոր պայմանագիր, նոր մրցույթ չի եղել: Մենք հիմա գույքագրում ենք իրականացնում, հիմա գնահատում ենք մեր գույքային և վերանորոգման կարիքները: Ընդհանուր կարիքների ցանկ ենք պատրաստելու՝ համապատասխան գնահատականներով: Նոր գույք ձեռք բերելու կարիք լինելու է»: Անդրադառնալով ԱԺ աշխատակազմի օպտիմալացման հարցին՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարն ասաց, որ նման խնդիր չկա:

Կառույցում իրականացվելու է ճիշտ կառավարման գործընթաց: Աշխատակիցների փոփոխության մասին էլ ասաց. «Ես հայտարարել եմ, որ բոլորի հետ էլ պատրաստ եմ աշխատել, սակայն իմ պահանջները շատ ավելի բարձր են, քան իրենք ունեցել են՝ իմ կարծիքով»: Մի քանի օր առաջ տպագիր մամուլը գրել էր, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարի փոխարեն կառույցում որոշումներ կայացնում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանը: Նա նախկինում Արարատ Միրզոյանի գրասենյակի ղեկավարն էր:

Տիգրան Գալստյանն այս տեղեկությունների շուրջ ասաց, որ նման բան չկա: «Նման խնդիր իրականում չկա: Բոլոր որոշումները կայացնում եմ ես՝ քննարկելով իմ աշխատակազմի հետ: Պետք չէ քաղաքական մասը խառնել վարչական մասին: Ես՝ որպես կառավարիչ, ի պաշտոնե իրականացնում եմ կառավարման աշխատանքներն ամբողջությամբ»,- եզրափակեց Տիգրան Գալաստյանը:

factor.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...