Այս օրերին շատ է խոսվում արագաչափերի, տեսախցիկների, կարմիր գծերի մասին, հիշեցնում են Նիկոլ Փաշինյանին՝ մինչ վարչապետությունն իր դիրքորոշումը և վարչապետության շրջանի հականիկոլական գործելաոճը։ Նիկոլ Փաշինյանի խոստումների մասով ունենք երկու իրավիճակ․
- Խոստումները չեն կատարվում
- Կատարվում է բոլորովին հակառակը։
ՀՀ ԱԺ պատգամավոր եղած ողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանը բուռն պայքար էր մղում ճանապարահային արագաչափերի և տեսախցիկների, կարմիր գծերի դեմ:
Խորհրդարանի ամբիոնից 2015թ․ դեկտեմբերի 21-ին ունեցած 10 րոպեանոց ելույթի 9 րոպեն նվիրում է արագաչափերի անարդյունավետ գործունեության ապացույցներ հրապարակելուն, այնուհետև հայտարարում է․ «Մենք վերջերս ՔՊ կուսակցությունում քննարկել ենք հարցը և եկել միանշանակ եղզրակացության, մեր կուսակցության դիրքորոշումն է, որ արագաչափերը միանշանակ պետք է հանվեն Հայաստանի ավտոճանապարհներից, և այս հարցը մենք դնելու ենք մեր կուսակցության ծրագրային և այդ թվում՝ նախընտրական ծրագրերի հիմքում»։ Արագաչափերը հանելու վերաբերյալ պահանջը կրկնում է մի քանի վայրկյան անց։
Երթևեկության տեսախցիկների վերաբերյալ էլ հայտարարում է․ «Ինչ վերաբերում է երթևեկությունը վերահսկող տեսախցիկներին, դրանք պետք է օգտագործվեն երթևեկությունը բացառապես հսկելու և անհրաժեշտության դեպքում միայն վարորդներին անձամբ կանգնեցնելու, ցույց տալու, նրանց հետ քննարկելու և հետագա ընթացքը որոշելու համար»։