ՀՀ-ից որևէ մեկը չի կարող նպաստել իմ հրաժարականին, իսկ նախագահական ընտրություններին մասնակցելու դեպքում կլինեմ ժողովրդի թեկնածուն. Վիտալի Բալասանյան.Tert.am

Ես  հրաժարական չեմ տալու, Արցախի Հանրապետությունում  ինձ պաշտոնանկ անելու  հարց չի քննարկվում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Ազգային անվտանգություն խորհրդի քարտուղար Վիտալի  Բալասանյանը` անդրադառնալով լուրին, թե Ղարաբաղում կարծում են, որ Բանակի տոնի առթիվ Եռաբլուրում հնչեցրած մտքերի համար չի բացառվում նաև Վիտալի Բալասանյանին հեռացնեն Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։

Արձագանքելով դիտարկմանը, որ իր հրաժարականը հարցը Բակո Սահակյանի մոտ  կարող են բարձրացնել ՀՀ իշխանությունները, Նիկոլ Փաշինյանը` հաշվի առնելով այն, որ ժամանակին ԼՂՀ ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի հրաժարականը մամուլը կապում էր ՀՀ իշխանությունների կողմից այդպիսի պահանջի հետ, Վիտալի Բալասանյանն ասաց.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«ՀՀ-ից որևէ մեկը չի կարող նպաստել իմ հրաժարականին, որովհետև ես իմ պարտականությունները կատարում եմ, երբ չկատարեմ, ԱՀ նախագահը  համապատասխան որոշում կկայացնի: Նույն է, թե ՌԴ-ի, Մոլդովայի իշխանություններին հորդորեն մեկ այլ պետությունում որևէ մեկին պաշտոնանկ անել: Որևէ մեկը որևէ մեկին իրավունք չի վերապահում, որպեսզի Սահմանադրությամբ ամրագրված պետականություն ունեցող ԱՀ ներքին գործերին խառնվի»,-նշեց նա:

Վիտալի Բալասանյանն ասաց, որ Եռաբլուրում ինչի մասին խոսել է, կրկին պնդում է՝ սահմանադրական կարգի տապալման հոդվածը «Մարտի 1»-ի գործով ծիծաղելի է: Նաև նշեց, որ Բանակի տոնի միջոցառումների շրջանակում թեև Նիկոլ Փաշինյանին տեսել է, բայց հետը չի զրուցել:

Նշենք, որ Վիտալի Բալասանյանը մասնավորապես ասել էր. «Սահմանադրական կարգի տապալման հոդվածը մի քիչ ծիծաղելի է, այսինքն ո՞նց եք պատկերացնում, որ էսօր Նիկոլ Փաշինյանը սահմանադրական կարգը տապալի, որպեսզի ինքը նորից մնա վարչապետ, մի քիչ ծիծաղելի է, իշխանության եղած մարդը ինչի՞ է սահմանդրական կարգը տապալում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Չեմ հասկանում այդ հոդվածը, 0038 հրամանում այդպիսի բան չկա»:

Հիշեցնենք, որ Բալասանյանի հնարավոր պաշտոնանկության մասին գրել էր «Հրապարակ» թերթը, նաև նկատել, որ պատճառը կարող է այլ ևս լինել. Ղարաբաղում չեն բացառում, որ նախագահական վաղաժամ ընտրություններ լինեն։

Ինչ վերաբերում է նրան, որ իր հնարավոր պաշտոնանկությունը կապվում է նաև ԱՀ-ում նախագահական վաղաժամկետ ընտրություններում իր հնարավոր մասնակցության հետ, նշվում է, որ եթե ՀՀ իշխանությունների ֆավորիտն Արայիկ Հարությունյանն է, ապա քոչարյանական թիմի թեկնածուն, ըստ ամենայնի, կլինի ինքը, Վիտալի Բալասանյանը շեշտեց. «Նախ` չեմ որոշել, որ մասնակցելու եմ ընտրություններին: Եթե որոշեմ մասնակցել, կլինեմ ժողովրդի թեկնածուն, մեկընդմիշտ մոռացեք, որ ես կլինեմ որևէ մեկի թեկնածուն, ես կլինեմ ժողովրդի թեկնածուն»,-եզրափակեց նա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով