Ինչ-որ բան է նախապատրաստվում Արցախի հարցում․ հայ և ռուս քաղաքագետների հայացքը Փարիզին factor.am

Загрузка...

Հունվարի 16-ին Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի 4-րդ հանդիպման արդյունքներից ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը եկել է այն եզրահանգման, որ ինչ-որ բան է նախապատրաստվում Արցախի հարցում` մի կարևոր որոշում։

«Շատ քիչ տեղեկություն կա, բացի այն, որ առկա է դրական մթնոլորտ․․․4 ժամ մարդիկ խոսել են, ինչի՞ մասին են խոսել, ուրեմն կա քննարկման առարկա, թեմատիկա, երևի թե ինչ-որ փաստաթուղթ, որի շուրջ ընթանում են քննարկումները, բայց այս մասին ո՛չ կողմերը, ո՛չ համանախագահները ոչինչ չեն հաղորդում»,- Factor.am -ի հետ զրույցում նկատեց Ստանիսլավ Տարասովը՝ ընդգծելով, որ կողմերը հայտնել են նաև հաջորդ ամիս սպասվող հանդիպման մասին։

«Այս ինտենսիվությունը խոսում է այն մասին, որ ինչ-որ բան է նախապատրաստվում, չեմ կարող ասել ինչ, չեմ ուզում երևակայության գիրկն ընկնել։ Բայց կարելի է սպասել, որ առաջիկայում էլ կլինի Փաշինյան-Ալիև հանդիպումը»,- հավելեց ռուսաստանցի քաղաքագետը։ Նա չբացառեց, որ իր ակնկալած կարևոր որոշումը կարող է վերաբերել 2 շրջանների հանձնմանը, նաև ենթադրեց, որ Ադրբեջանն էլ ինչ-որ փոխզիջումների պատրաստ է, և դրանք կարող են վերաբերել կամ Արցախի՝ բանակցային գործընթացում ներգրավմանը, կամ կարգավիճակին։

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք կողմերը պատրա՞ստ են փոխզիջումների, ռուս քաղաքագետն ասաց․«Եթե նման փոխզիջումային տրամադրություններ չլինեին, ապա ի՞նչ էին կողմերը 4 ժամ շարունակ քննարկում, ուրեմն կան, թեպետ Ադրբեջանը բացառում է ․․․ ինչևէ տպավորություն ունեմ, որ կողմերը ինչ-որ խաղաղության համաձայնագիր են նախապատրաստում»։ Հիշեցնենք, որ կողմերը կրկին ընդգծել են, որ տեղի է ունեցել մտքերի օգտակար և կառուցողական փոխանակում, ինչն ուղղված էր նաև առավել լայն փոխըմբռնման և փոխվստահության հաստատմանը, և այս անգամ հանդիպմանը ներկա էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։

Ըստ Տարասովի՝ այս այցի արդյունքներն են, որ հանդիպումները շարունակվում են, որ դրանք ինտենսիվ են լինելու,որ կա քննարկման առարկա և սպասվում է Փաշինյան-Ալիև հանդիպում։ Քաղաքագետ Հայկ Ա․ Մարտիրոսյանն էլ, պատասխանելով Factor.am-ի հարցին, թե ինչ է նշանակում Կասպրշիկի ներկայությունն ու հայտարարության տեքստը, ասաց․ «Նշանակում է, որ հիմա բանակցությունները որակական նոր աստիճանի են բարձրանում: Ցավոք սրտի»։ Ինչ վերաբերում է նրան, որ տեղի է ունեցել մտքերի օգտակար և կառուցողական փոխանակում, ապա, ըստ Հայկ Ա․ Մարտիրոսյանի, սա դատարկ դիվանագիտական ձևակերպում է, որը ոչ կառուցողական Ադրբեջանի պարագայում հնչում է որպես ծաղր և հայկական կողմին ներքաշում մի համատեքստ, որտեղ նա չպետք է լինի: «Իսկ ընդհանրապես՝ ադրբեջանական խաբեություն ու հայերի համար լարված թակարդ։ Երևանի նոր դեմքերի հետ Բաքուն նոր խաղ է վարում: Դա ակնհայտ է: Հետաքրքիր է իմանալ՝ իսկ ի՞նչ խաղ է խաղում Երևանը Բաքվի հետ» ,- հավելեց Հայկ Ա․Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, որ ավելի քան 4 ժամ տևած հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են խաղաղ գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի՝ ներառյալ ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելուն, անվտանգությանն ու տարածաշրջանային կայուն զարգացմանը: Ո՞ր հիմքի վրա է անդրադարձ կատարվել հաղորդագրության մեջ նշված «ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու, անվտանգության ու տարածաշրջանային կայուն զարգացման» հարցերին։ Հայկ Մարտիրոսյանը, ում ևս հարցրել էինք, թե ինչ է այս նախադասությունը նշանակում, ավելացրեց, որ թարգմանությամբ՝ հայերենում տեքստը վտանգ չի արտահայտում, բայց անգլերեն բնագիրը տագնապ է հարուցում։ Այն է․ The Ministers discussed a wide range of issues related to the settlement of the Nagorno-Karabakh conflict and agreed upon the necessity of taking concrete measures to prepare the populations for peace: Նրա հավելմամբ՝ պետք է երկու արտգործնախարարների մակարդակով առաջին լուրջ հանդիպումը, ընդհանրապես ողջ հետհեղափոխական շրջանում, ամբողջությամբ թափանցիկ և բաց տեքստով բացատրվի ժողովրդին: «Հայկական ազգաբնակչությունը վաղուց է պատրաստ խաղաղության:

Հայերը միշտ են խաղաղություն ուզել, պահանջել, պատերազմել դրա համար: Բայց այս համատեքստում այդ խաղաղությունն ինչ-որ հանգուցալուծում է ենթադրում, որի շուրջ, ցավոք, հայկական կողմը շարունակում է բանակցել Մադրիդյան սկզբունքների շրջանակներում: Եվ ինչպես երևում է ընդհանուր հայտարարությունից՝ ավելի լուրջ է վերաբերվում բանակցային գործընթացին, քան կարելի էր ենթադրել: Սա մի թակարդ է, որի մեջ ուղիղ քայլքով կարող է ընկնել հայկական կողմը։ Մյուս կողմից՝ անհասկանալի է, թե ինչ է խոսելու Փաշինյանը Ալիևի հետ: Մադրիդյան սկզբունքներով մենք ոչինչ չունենք բանակցելու թշնամու հետ: Եվ եթե պետք է պահպանեինք այդ դրույթը, հեղափոխություն ինչո՞ւ էինք անում»,- հարցրեց նա։

Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ նա նշեց, որ հանդիպման հաղորդագրությունը ակնարկ է պարունակում սպասվելիք ինչ-որ իրադարձության վերաբերյալ, որից հետո, իբրև թե, պետք է խաղաղություն լինի։ Հանդիպման կոնկրետ արդյունքն էլ այն է, որ նախնական պայմանավորվածությունների շրջանակներում որոշակի կոնսենսուս կա և արդեն հաջորդ փուլով հանդիպելու են Փաշինյանն ու Ալիևը: «Լավ գաղափար չէ այս ամենը: Հանդիպումն այդ դիվանագիտական առումով թակարդներ կարող է պարունակել հայկական կողմի համար և հայկական կողմին ամենևին պետք չէ:

Աշխարհում չկան այսպիսի իրականության պայմաններում՝ այսպիսի բանակցությունների նախադեպեր. արդար և հաղթած կողմը պարտվածից ճանաչում է հայցում կամ պահանջում, ինչպես որ կուզեք, և դիմացը նույն փաթեթում ներառված է ազատագրվածից մի մաս պարտվողին հանձնելը, որպեսզի պարտվողն ու ցեղասպանը ճանաչի քո հաղթանակի մի մասը միայն:

Ինչո՞ւ: Հանուն ինչի՞: Ինչո՞ւ ենք ընդհանրապես բանակցում: Հանուն խաղաղությա՞ն: Խաղաղություն չի լինելու և դա հայկական կողմի որոշումը չէ: Առևտո՞ւր, բարեկամությու՞ն, խաղաղ գոյակցությո՞ւն: Ցավոք՝ դա էլ հնարավոր չէ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝factor.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...