Այսօր նշվում է մեծանուն հայ կոմպոզիտոր, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի ծննդյան 98-րդ ամյակը։
Առնո Բաբաջանյան (հունվարի 22, 1921թ. – նոյեմբերի 11, 1983թ.), հայ կոմպոզիտոր և դաշնակահար, Խորհրդային Միության ժողովրդական արտիստ (1971թ.): Առնո Բաբաջանյանը 1929թ. ընդունվել է Երևանի կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցը: 1947թ. ավարտել է նույն կոնսերվատորիայի ստեղծագործական, 1948թ.՝ Մոսկվայի կոնսերվատորիայի դաշնամուրի բաժինները: 1946-1948թթ. կատարելագործվել է Մոսկվայի Հայ մշակույթի տան երաժշտական ստուդիայում: 1950-1956թթ. դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում:
Որպես դաշնակահար աչքի է ընկել հատկապես իր ստեղծագործությունների կատարմամբ: Նրա ստեղծագործական ոճը ձևավորվել է հանրահայտ կոմպոզիտորներ Արամ Խաչատրյանի և Սերգեյ Ռախմանինովի ազդեցությամբ: Դա առավել արտահայտվել է նրա առաջին երկու գործերում՝ դաշնամուրի և ջութակի կոնցերտներում:
Սակայն Բաբաջանյանի ստեղծագործական անհատականությունը դրսևորվել է հատկապես դաշնամուրի և նվագախմբի համար գրած «Հերոսական բալլադում», ապա դաշնամուրային տրիոյում: Բաբաջանյանի ինքնատիպ ոճը դրսևորվել է նաև ջութակի ու դաշնամուրի սոնատում, թավջութակի կոնցերտում: Նրա «Վաղարշապատի պար», «Պրելյուդ» և «Էքսպրոմտ» գործերն արժանացել են բարձր գնահատականի:
Մեծ ժողովրդականություն են վայելում «Էլեգիա», «Հայկական ռապսոդիա» (համահեղինակ՝ Ալեքսանդր Հարությունյան), «Նոկտյուրն» երկերը: Ժամանակի նորարար շնչով են ստեղծվել «Պոլիֆոնիկ սոնատը» (1947թ., 2-րդ խմբ.՝ 1956թ.), «Վեց պատկերը» (1965թ., ՀԽՍՀ պետական մրցանակ՝ 1966թ.), № 3 կվարտետը (1976թ.):