Ռոբերտ Քոչարյանի հարցով ՄԻԵԴ-ի գանգատը պատրաստ է

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցով Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելը 1-2 օրվա խնդիր է, քանի որ փաստաթղթերը պատրաստ են, և այն իմ սեղանին է։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը։

«Իմ աշխատասենյակում դրված է ՄԻԵԴ-ի գանգատը՝ ամբողջությամբ պատրաստ վիճակում, համալրում ենք որոշ փաստաթղթեր։ 1-2 օրվա խնդիր է, որպեսզի այն մեկնի Եվրոպական դատարան։ Մենք ակնկալում ենք, որ «ՄԻԵԴ-ում Հայաստանում տեղի ունեցած խախտումները կստանան արժանի գնահատականներ»,-ասաց նա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ալումյանը տեղեկացրեց, որ ՄԻԵԴ ուղարկվելիք գանգատում կա նաև ՀՔԾ պետի՝ Սասուն Խաչատրյանի, ԱԱԾ տնօրենի՝  Արթուր Վանեցյանի ու վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցների գաղտնալսումները։

Հարցին՝ Ձեր գնահատմամբ՝ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին գաղտնալսելն ինքնին ապօրինի գործողություն էր, թե ոչ, Հայկ Ալումյանը պատասխանեց․ «Կրկին իրականությունը շուռ տալու փորձ է արվում ինձ համար սկզբունքային մարդ համարվող արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի կողմից։ Ես չեմ պատկերացնում, թե ինչ պետք է եղած լինի, որ նրա պես սկզբունքային մարդը խոսի այնպիսի բաներ, որոնք որևէ կերպ կապ չունեն օրենքի, իրավունքի հետ։

Ինքը հայտարարեց, որ այդ ձայնագրությունները դիվերսիա են, ապօրինություն են և  պետք է դրանց վրա ուշադրություն դարձնել։ Ենթադրենք, քննիչը խոշտանգում է ինչ-որ մեկին, ինչ-որ մեկն էլ դիմացի շենքից ապօրինաբար կարողացել է ձայնագրել ու տեղադրել համացանցում։ Հիմա ի՞նչ է, խոշտանգվողն ու պաշտպանը չեն կարող այդ նյութը վերցնել ու ասել՝ տեսեք, խոշտանգում են։ Առաջին հերթին պետք է քննարկվի քննչական մարմի գործողությունները, հետո նոր, թե դա ոնց է արվել»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

politik.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով