Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Նելլի Բաղդասարյանի, քիչ առաջ հրապարակեց Նորատուսցի Ալիկ անունով հայտնի Ալիկ Բանդուրյանի, Չարբախցի Գեղամ անունով հայտնի Պետրոս Իսրայելյանի և Բդո անունով հայտնի Արմեն Գասպարյանի գործով անսպասելի դատավճիռ:
Դատարանն արդարացրեց Նորատուսցի Ալիկին և Արմեն Գասպարյանին, իսկ Պետրոս Իսրայելյանին վերագրվող սպանության մեղադրանքը վերաորակվեց Քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի՝ միջին ծանրության մարմնական վնասվածք հասցնելը:
Հիշեցնենք, որ, ըստ մեղադրանքի, Ալիկ Բանդուրյանը, տեղյակ լինելով Պետրոս Իսրայելյանի և Մուշեղ Մուշեղյանի միջև լարված հարաբերությունների մասին, 2016 թվականի նոյեմբերի 13-ին անձնական շահագրգռվածությունից ելնելով` Պետրոս Իսրայելյանին դրդել է այլ անձանց հետ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառել:
Ապա, ըստ մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի, Պետրոս Իսրայելյանը, Գևորգ Ավետիսյանը, ինչպես նաև քննությամբ չպարզված անձինք, նախապես պայմանավորված լինելով Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս հարցնելու շուրջ, համատեղ, ուղղակի դիտավորությամբ, մեկը մյուսի գործողությունները գիտակցելով և միմյանց լրացնելով՝ սուր կտրող-ծակող գործիքների, մահակների, բահերի կոթերի և այլ առարկաների գործադրմամբ տուժող Մուշեղ Մուշեղյանի մարմնի տարբեր մասերին բազմաթիվ հարվածներ են հասցրել, սակայն Մուշեղյանն ինքնապաշտպանության է դիմել, և նրա հետ վիճաբանող անձինք ուղղակի դիտավորությամբ նրան զրկել են կյանքից: Միջադեպի ժամանակ մահացել է նաև դրա մասնակից Գևորգ Ավետիսյանը, ով Պետրոս Իսրայելյանի մտերիմներից է եղել:
Ամբաստանյալ Արմեն Գասպարյանը, ըստ մեղադրանքի, իմացել է նախապատրաստվող հանցագործության մասին, սակայն այդ մասին իրավապահներին չի հայտնել:
Կոնֆլիկտի պատճառն, ըստ գործի նյութերի, եղել է Արա Վարդանյանի գումարը: Այս գործով վկաներից մեկը, ըստ նյութերի, Արա Վարդանյանին 2000 ԱՄՆ դոլար գումար է պարտք եղել, և խնդիրը ծագել է հենց դրանից:
Ամբաստանյալներն իրենց մեղսագրվող արարքները չեն ընդունել:
hetq.am