«Նիկոլ Փաշինյանը վերահաս ձախողումն արդարացնելու անհաջող փորձ է արել». Արփինե Հովհաննիսյան aravot.am

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը շատ փոքր եւ նույնիսկ ոչ էական հարց է»,- երեկ Սեւանում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նման հայտարարություն արեց՝ ասելով, որ այդ կազմակերպությունում ու ոչ միայն այդ կազմակերպությունում վատ ու հեղինակազուրկ իրավիճակը ժառանգել են ՀՀԿ-ից:

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ ցուցակի 2-րդ համարով առաջադրված պատգամավորության թեկնածու Արփինե Հովհաննիսյանն այս առնչությամբ ասաց. «Մեղմ ասած համաձայն չեմ այդ քննադատության հետ: Իրականում կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը պարզապես վերահաս ձախողումն արդարացնելու անհաջող փորձ է արել: Երբ գիտես, որ քո գործողությունների հետեւանքով կորցնելու ես այդ անչափ կարեւոր պաշտոնը, դրա համար էլ էպատաժային հայտարարություններ ես անում ու փորձում ես արդարացնել, փորձում ես ստեղծել իմիտացիա, որ այն ամենը, ինչ ժառանգվել է, վատ է եղել, իսկ այն ամենը, ինչ դու ես կատարել, հրաշալի է:

Այս դեպքում փորձում ես քո սեփական սխալները կրկին բարդել նախկինի վրա՞՝ չի՛ ստացվելու, որովհետեւ բոլորը գիտեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ կապված իրավիճակն ինչի համար է ստեղծվել: Այնպես որ վերահաս ձախողման վտանգը, կամ ավելի ճիշտ արդեն իսկ իրողությունը, որը պարզապես սպասում է արձանագրման դեկտեմբերի 6-ին, պետք չի արդարացնել՝ ինչ-որ աշխարհացունց հայտարարություններ անելով: Եթե այդքան անկարեւոր էր, ուստի կարելի էր ի սկզբանե այնտեղ այդ մասին հայտարարել, իսկ եթե կարեւոր էր, պետք չէր այսպիսի քայլեր անել, որի արդյունքում մենք կկորցնեինք այդ անչափ կարեւոր պաշտոնը, այն էլ՝ խայտառակ ձեւով կկորցնեինք, հարաբերություններ կփչացնեինք տարբեր երկրների հետ, նաեւ կհեղինակազրկեինք ինքնին այդ կառույցը: Այն երկրները, որոնք այդ կառույցի անդամ են, իրավունք ունեն վրդովվելու հենց միայն այն պատճառով, որ կառույցի հեղինակությունը եւս դրվել է հարցականի տակ»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ըստ Արփինե Հովհաննիսյանի, Փաշինյանն արդեն գիտի, որ դեկտեմբերի 6-ի ձախողումն անխուսափելի է, հետեւաբար անում է հայտարարություններ, որոնք հնարավոր բացասական հետեւանքներն ու արձագանքները կմեղմացնեն. «Չի՛ ստացվելու: Բոլորը գիտեն, որ դա անհեռատես քաղաքականության արդյունքում է եղել: Արտաքին քաղաքականության մեջ ամենակարեւորը արդյունքն է, բառերը, սելֆիները, ժպիտները եւ նմանատիպ այլ կողմնակի երեւույթները որեւէ նշանակություն իրականում չունեն: Արտաքին քաղաքականության մեջ կարեւոր է այն արդյունքը՝ հայրենիքի շահը պաշտպանե՞լ ես, թե՞ ոչ: Ընդ որում, բացարձակ կարեւոր չէ՝ դրա համար քննադատվե՞լ ես, թե՞ ոչ: Այս դեպքում Հայաստանի շահը չի պաշտպանվել, որովհետեւ քաղաքականությունը եղել է ոչ թե մեկ, այլ նույնիսկ կես քայլ չհաշվարկված»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով