Հայաստանի առաջատար գրոսմայստերներ Լևոն Արոնյանի և Գաբրիել Սարգսյանի կողմից 2012 թվականին Երևանում հիմնած շախմատի դպրոցը, որի նպատակն էր՝ աջակցել 10-18 տարեկան պատանիների և աղջիկների շախմատային զարգացմանը, նպաստել շախմատի տարածմանը, խնդրի առջև է կանգնել, դադարեցվել է պետության կողմից ֆինանսական աջակցությունը:
Գրոսմայստերն ընդգծեց, որ չնայած աշակերտների փոքր քանակին՝ վերջին երեք տարիներին ունեցած 8 մեդալներից 6-ը բաժին է հասել իրենց շախմատի դպրոցին, իսկ վերջին 2 տարիների մեդալներից 4-ն էլ դպրոցի սաներն են նվաճել: Դպրոցի երկու աշակերտներ էլ դարձել են միջազգային գրոսմայստերներ:
«Մեզ համար շատ ցավալի է, որ բազմաթիվ նվաճումներ գրանցած դպրոցը պետության կողմից չունի աջակցություն: Հիմա փորձում ենք հովանավոր գտնել»,- նշեց Գաբրիել Սարգսյանը:
Կապ հաստատեցինք Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի մամլո խոսնակ Աստղիկ Մարտիրոսյանի հետ, ով հայտնեց, որ «Միկա» մարզակառույցն է գտնվում նախարարության ենթակայության ներքո, ոչ թե խմբակները:
«Այնտեղ մարզումներ անցկացնող խմբակները հո չե՞ն անցել Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը: Կան մարզադպրոցներ, որոնք ունեն այլ գերատեսչական ենթակայություն: Հաջորդ տարվա համար ծրագրեր կան՝ ինչ-որ փոփոխություններ կատարել՝ մարզադպրոցների ենթակայությունների հետ կապված: Տեսնենք, թե ի՞նչ կլինի, Կառավարության կազմն ինչպիսի՞ն կլինի, գործառույթներն ու ծրագրերը ո՞ր նախարարությունը, գերատեսչությունը կիրականացնի: Ամեն ինչ կկարգավորվի, այնտեղ գերատեսչական պատկանելության հետ կապված հարցեր են, կլուծվեն: Խնդիրը նախարարի հետ քննարկվել է, ու լուծում տրվելու է միանշանակ»,- հայտնեց Աստղիկ Մարտիրոսյանը:
Անի Կարապետյան