Պաշտոնյաներն արդեն դղյակներ են կառուցում

Hayastan24.com-ը գրում է։ Վերջին մեկ ամսում ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հանդես է եկել բազմաթիվ հրապարակային ելույթներով, որտեղ նա քննադատում է իշխանությունների վարած հատկապես տնտեսական քաղաքականությունը: Քննադատության ամենամեծ բաժինը հասել է ՀՀ ֆինանսների նախարարությանն ու նրա նախարար Ատոմ Ջանջուղազյանին:

Այդ քննադատությունը առավել սուր բնույթ կրեց, երբ հրապարակվեց 2019թ. բյուջեի նախագիծը: Հ. Բագրատյանը նման բյուջեի նախագծի համար կոչ արեց պատժել ֆինանսների նախարարին: Մեծ հաշվով, նախկին վարչապետը ճիշտ է. դա ոչ թե զարգացման բյուջե է, այլ՝ «յոլա գնալու»: Վերջին անգամ նմանատիպ բյուջեի նախագիծ 1993 թվականին ներկայացրել էր Խոսրով Հարությունյանը: Դեռ լավ է, որ վերջինիս հեռացրին աշխատանքից, թե չէ Հայաստանն ու Արցախը տնտեսական աղետի կենթարկվեին:

Բայց վերադառնանք մեր օրերը: Բագրատյանի պես մենք էլ ենք բազմիցս քննադատել ֆինանսների նախարարին ու իր շրջապատին՝ անհասկանալի ֆինանսական քաղաքականության և կասկածելի քավոր-սանիկական, բիզնեսների մեջ ներգրավված լինելու, և նախարարությունում ոչ կառուցողական (մեղմ ասած) մթնոլորտ ձևավորելու համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բայց, ամեն ինչ այնքան էլ վատ չէ, ինչպես կարող է թվալ: Ճիշտ է, տնտեսական ակտիվության ցուցանիշն ընկել է, ներդրումների հոսքը պակասել է, տնտեսական աճի տեմպերը նվազել են, բայց լավ բաներ էլ են կատարվում:

Օրինակ, ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի ու նրա սանիկի՝ համատեղության կարգով ֆինանսների փոխնախարար Կարեն Բրուտյանի գործերն արդեն այնքան լավ են, որ նրանք սկսել են թանկարժեք առաձնատներ կառուցել Ջրվեժում: Իրար կողքի: Դատելով շինարարության լուսանկարներից, բավական շքեղ ապարանքներ են լինելու: Շատ լավ է. որովհետև նման շինարարությունը ենթադրում է բազմաթիվ նոր աշխատատեղեր, բանվորներ, վարորդներ, վարպետներ և այլն: Մի խոսքով, բավական կլորիկ գումարներ են ծախսվելու այս դղյակների վրա: Լավ պաշտոնյաներ են, ինչ խոսք:

Մենք էլ ասում ենք, ինչո՞ւ են ֆինանսների նախարարությունում այդպիսի կրճատումներ անում, տարբեր վարչություններ փակում, ծրագրեր սառեցում: Փող չկա: Հազիվ հերիքում է նման դղյակների վրա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բայց մենք բոլոր դեպքերում հեռակա հարց կտանք ֆինանսների նախարարին և նրա սանիկին. ի՞նչ միջոցներով են կառուցվում այս առանձնատները: Պատասխան չենք ակնկալում, ինչպես չենք ակնկալել մեր նախորդ հրապարակումների դեպքում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով