Նրանց առաջ դրել եմ հարց. Արագածոտնի մարզպետ

Երեկ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ թվարկեց նախկին ընտրությունների փորձից վտանգավոր ավանդույթները, որոնք բոլորը պետք է բացառվեն. հանրակրթության ոլորտի ներքաշում քարոզչության մեջ, վարչական լծակների կիրառում` ընտրողներին ուղղորդելու համար, այսպես կոչված` «ասողների ինստիտուտի» կիրառում, դահլիճների ընտրովի տրամադրում նախընտրելի և ոչ նախընտրելի ուժերին և այլն։

Սակայն ArmLur.am-ին տեղեկություններ հասան այն մասին, որ մի քանի մարզպետեր արդեն սկսել են քարոզչական գործընթացքը: Մասնավորապես, նրանք հանդիպումներ են ունենում համայնքապետերի հետ եւ փորձում ուղղորդել նրանց: Այս հարցերի շուրջ զրուցել ենք Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանի հետ:

-Պարոն Գեւորգյան, տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ Դուք անցել եք գործի. այս ընթացքում հանդիպումներ եք ունենում գյուղապետերի հետ եւ համոզում եք նրանց, որ աշխատեն «Իմ քայլը» դաշինքի օգտին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

-Ձեր տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Դուք հիմա ինձ ասում եք քրեական հանցագործության մասին: Ես ինքս խնդրում եմ Ձեր տեղեկությունները փոխանցել ՀՀ ոստիկանությանը: Եւ ես ինքս կպահանջեմ, որպեսզի ոստիկանությունն օբյեկտիվ քննություն իրականացնի: Ես բացառում եմ, դրանք հակահեղափոխականների` իրականությանը չհամապատասխանող ցնդաբանություններ են:

-Այսինքն` վարչական ռեսուրս չե՞ք օգտագործում արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար: Չէ՞ որ ՀՀ վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանը երեկ առավոտյան հայտարարել էր, որ չպետք է քարոզարշավին վարչական ռեսուրս օգտագործել…

-Ցանկացած մեղադրանք, ցանկացած նման ինֆորմացիա ունեցող մարդը պարտավոր է դիմել ոստիկանություն: Դուք ինքներդ պնդում եք, որ ունեք այդպիսի տեղեկություն: Խնդրում եմ գտեք մի համայնքի ղեկավարի եւ նրան համոզեք, որ ինքը դիմի Ազգային անվտանգության ծառայությանը, ոստիկանությանը, խնդրում եմ ես: Նախ իրենց առաջ դրել եմ հարց, որ որեւէ մեկը հանկարծ չփորձի որևիցե մի վարչական լծակ օգտագործել ի պաշտոնե, ուզում է համայնքի ղեկավար լինի կամ դպրոցի տնօրեն: Մարզխորհրդի նիստի ժամանակ ես բոլոր ներկաներին`

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

մարզպետարանի ենթակա հաստատությունների ղեկավարների առաջ խստորեն դրել եմ այդ հարցը: Մարդկանց մոտ նույնիսկ տպավորություն էր ստեղծվել, որ ընտրության չեն կարողանալու գնալ: Այդքան խիստ եմ դրել այդ հարցը: Առաջին հերթին ասել եմ, որ այն ուժին, որը ես եմ ներկայացնում, որեւիցե մեկի մտքով չանցնի արջի ծառայություն մատուցել մեզ: Իհարկե, եթե փորձեն էլ, նախեւառաջ օրենքի շրջանակներում խստագույնս պատժվելու են: Բայց այդ փորձերը Հայաստանի նոր իրավիճակում ուղղակի ոչ մի արդյունք չեն տալու: Դպրոցի տնօրենների հետ վերջապես հանդիպում է լինելու, եւ օրակարգային հարցերից մեկը` ընտրություններին դպրոցի` որպես բովանդակային իմաստով կառույցի մասնակցության բացառումը: Կուսակցություններն անվերադարձ դուրս են եկել մեր դպրոցներից եւ չեն մտնելու: Ու առաջին հերթին մեր կուսակցությունը ներս չի մտնելու:

-Պարո′ն Գեւորգյան, հրապարակումներ եղան այն մասին, որ Արագածոտնի մարզի ՔՊ-ականների ներսում խմորումներ կան: Հիմա ի՞ նչ իրավիճակ է:

-Իրավիճակը նորմալ, աշխատանքային, բնական է, որ կարող է լինել մի մասի համար ընդունելի, մյուս մասի համար`ոչ: ՔՊ-ի մասով չի կարելի ասել, որ ինչ-որ մի խնդիր կա Արագածոտնի մարզում, որովհետեւ այն խնդիրները, որոնց մասին որոշակի հրապարակումներ եղան, ընդամենը շատ փոքր խմբերի, կուսակցության համակիրների, ոչ կուսակցության անդամների կարծիքներ են և քննարկումներ… Ընդամենը…

-Բայց եղան անգամ ՔՊ-ականներ, որոնք իրենց անդամատոմսերը պատռեցին, դուրս եկան կուսակցությունից…

-Հնարավոր է` մեկ-երկու հոգի ցանկություն հայտնի կուսակցությունից դուրս գալ: Ճիշտն ասած`մեր կուսակցություն մտնելը բարդ է, բայց դուրս գալը բավականին հեշտ: Իհարկե, մարդիկ, ում հետ ճանապարհ ենք անցել, ովքեր մեր քաղաքական թիմի անդամ են, նրանց հետ տարաձայնություն չունենք ու չենք ունեցել, ուրախ չենք, որ գնում են, բայց կամքը նրանցն է: Եթե մարդիկ հասկանում են, որ այն ճանապարհը, որը մենք մեզ համար ուղենշել ենք, որ անցնենք, չեն կիսում այդ ճանապարհը, ազատ են շարունակելու ճանապարհն այլ ուղղությամբ:

-Իսկ այն տեղեկությունները, որ կուսակցությունը խոստացել էր որոշ մարդկանց ներգրավել ցուցակում, բայց այդպես էլ խոստումը չկատարեց…

-Անկեղծ ասած, ես նման տեղեկություն առաջին անգամ եմ լսում: Կուսակցության ներսում նման բանի մասին չեմ լսել: Մենք որեւիցե մեկին որեւիցե խոստում ո′չ տվել ենք, ո′չ էլ տալու ենք: Ընտրություններին կլինեն մարդիկ, ովքեր կկանգնեն մեր կողքին, ինչ որ մի բանով կաջակցեն:

-Նաեւ`մարզաբնակներն էին դեմ ռեյտինգային թեկնածուների մի մասին, հիմա համակերպվել են այդ մտքի հետ:

-Անկեղծ ասած, ժամանակս չի բավարարում նրանց հետ հանդիպելու եւ տեղեկանալ դժգոհողներին` հիմա համակերպվել են, թե ոչ: Բնական է, ես չեմ պատկերացնում, որ մի թեկնածու կլինի ռեյտինգային, որն անվերապահորեն բոլորի համար ընդունելի կլինի: Եթե այդպիսի մի թեկնածու լիներ, ապա ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվեր եւ 100 տոկոս ձայն կհավաքեր:

 

Զրուցեց Սյունէ Համբարձումյանը
Աղբյուր՝ Armlur.am

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով