Հանկարծ չշշկռվեք. Փաշինյանը՝ Սասնա Ծռերին
Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ընթացքում հեռակա պատասխանել է Սասնա Ծռերի այն հայտարարությանը, որ 7-րդ գումարման Ազգային Ժողովը գործելու է ընդամենը 1,5 տարի:
«Ես Ձեզ ասում եմ հանկարծ չշշկռվեք, սա ձեզ համար Սերժ Սարգսյանի թուլամորթ իշխանությունը չէ». ասել է Փաշինյանը:
Իհարկե մենք չենք ուզում ստանձնել Սասնա Ծռերի պաշտպանի դերը բոլոր հարցերում, բայց մասնավորապես այստեղ Փաշինյանի խոսելաոճը հարիր չէ երկրի առաջին դեմքին:
Կարելի է խորը քննադատել, համաձայն չլինել, բայց քաղաքական կարծիք հայտնող ու ոչ մի վիրավորանք չպարունակող հայտարարությանը, եթե Փաշինյանը փողոցային մակարդակի բառապաշարով է արձագանքում, ապա վախենալու է կանխատեսել, թե ամբողջապես իշխանություն ստանալուց հետո ինչեր կանի իր ընդդիմախոսների հետ:
Պարոն Փաշինյան, Դուք 18 տարեկան երիտասարդ չեք, սա էլ առաջին կուրսեցիների թինեյջերական բազառ չէ, մի արժեզրկեք քաղաքական մշակույթը ու մի իջեցրեք դիսկուրսի մակարդակը:
Ի՞նչ է, ոչ ոք իրավունք չունի՞ կարծիք հայտնել, այլ քաղաքական ուժերն իրավունք չունե՞ն տեսակետ ունենալ: Գոնե Ժիրայր Սեֆիլյանի հանդեպ տարրական հարգանք ունեցեք, այն ժամանակ, որ Դուք բանակից խուսափել ու լրագրությամբ էիք զբաղվում, այս տղան պատերազմի դաշտում իր առողջությունն էր վնասում:
«Չշշկռվեք»-ը ո՞րն է, հո Դուք փողոցայի՞ն չեք, Ձեզ ամբողջ աշխարհն է լսում, Դուք պետություն եք ներկայացնում, դա ի՞նչ բառապաշար է, այդպե՞ս եք օրինակ ծառայում երիտասարդներին: